2026, 2 June, Tuesday
Tag

#Ադրբեջան-Ղարաբաղ

Ղարաբաղը պայմանավորվել է առանց Հայաստանի․ վարչապետ

Ղարաբաղը պայմանավորվել է առանց Հայաստանի․ վարչապետ

Ստեփանակերտի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, այդ քննարկումների կողմ Երևանը չի եղել․ համաձայնությունը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։ Ժողովրդին ուղղված իր ուղերձում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Հայաստանյան իշխանությունների կեսօրից հետո հրապարակված հայտարարությանը ծանոթացել են ղարաբաղյան պաշտոնական տեղեկատվական հարթակներից։ «Իմացանք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի առաջարկությունը կրակի [երեկ կեսօրից սկսված ադրբեջանական հարձակման և դրա արդյունքում բռնկված ռազմական գործողությունների] դադարեցման վերաբերյալ։ Այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, քննարկումների կողմ չի՛ եղել։ Մեր առաջին նկատառումը այստեղ հետևյալն է՝ տեքստում հիշատակվում են «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը» և խոսվում է «Լեռնային Ղարբաղից Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների» մասին։ Այս փաստը մեզ համար այդքան էլ հասկանալի չէ։ Մենք բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի՛։ Ամեն դեպքում, այս հայտարարությունը մենք ընդունում ենք ի գիտություն», - նշել է Փաշինյանը։ Եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա, ըստ Փաշինյանի, ինքնին նշանակում է, որ նրանք «ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի՝ իրենց տներում, իրենց հողի վրա արժանապատիվ և անվտանգ ապրելու իրավունքը պահպանեն»։ Սեպտեմբերի 20-ի կեսօրից հետո Ստեփանակերտից հաղորդել էին՝ ստիպված են եղել ընդունել կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը։ Հետագայում հրապարակված տեքստից ակնհայտ է՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները՝ «Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերում», «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարում և ամբողջական զինաթափում», վերաինտեգրացմանը նվիրված բանակցություններ ադրբեջանական Եվլախում։ տե՛ս Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության հետ ըստ էության կապ չունեցող այս տեքստում հիշատակվում է Հայաստանի Հանրապետության անունը։ Սա, ըստ վարչապետի, «արդարացնում է իր երեկվա գնահատականը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանը ներքաշելն էր ռազմական գործողությունների մեջ»։ Եթե դա հնարավոր լիներ, «դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը»։ Ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ երեկ մեկնարկած լայնածավալ հարձակումից հետո ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչը խոսում էր Հայաստանի կողմից պրահյան առաջարկություններին համաձայնելու մասին, Ռուսաստանի ԱԽ փոխնախագահն էլ սպառնում էր Նիկոլ Փաշինյանին՝ «գուշակեք ինչ ճակատագիր է նրան սպասվում»։ Հայաստանը վարչապետը ուղերձով դիմել էր ժողովրդին՝ «արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ», «ինչպես և սպասվում էր, այսօր տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում անելու կոչեր»։ տե՛ս Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են Տեղի ունեցածը Հայաստանը ընդունում է ի գիտություն և կշարունակի հետևել հետագա զարգացումներին՝ այսօրվա ուղերձում շարունակել է Փաշինյանը․ «Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է։ Չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է։ Եվ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»։ Ամենակարևոր հարցը հիմա հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տներում ապրելու իրավունքը պետք է լիարժեք կերպով ապահովվի Ռուսաստանի Դաշնության կողմից․ «Մենք կհետևենք իրադարձություններին, իհարկե նաև որոշակի մտքեր փոխանակում գուցե ունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված»։ Քիչ առաջ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ։ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման հիմնական կետում ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչներ են գտնվում, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են․ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի»։  Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետները համաձայնեցնելուն՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները աշխատանքային մակարդակում շարունակվում են․ անհրաժեշտության դեպքում զրույց կկայանա նաև Պուտինի և Ալիևի միջև։

Բաբայանը չեղարկում է հանրահավաքը. Կիևը մերժում է Ղարաբաղի նոր նախագահին

Բաբայանը չեղարկում է հանրահավաքը. Կիևը մերժում է Ղարաբաղի նոր նախագահին

Սամվել Շահրամանյանն այսօր ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ։ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական էր ներկայացրել, «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին ընտրում էր խորհրդարանը։ ԼՂ Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը, այդ թվում՝ իշխող ուժը, նախագահի պաշտոնում առաջադրել էին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Շահրամանյանը Ադրբեջանի հետ մարտին տեղի ունեցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Մամուլը նրան կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի (նաև Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական դաշինքի) հետ։ Խորհրդարանական երկրորդ ուժը՝ ընդդիմադիր «Միասնական հայրենիքը» առաջադրել էր ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, բայց առաջադրման դիմումը չէր ընդունվել։ Բաբայանի թիմակիցները հանրահավաք էին հրավիրել, որը հետագայում չեղարկվել է։ «Երեկ ուշ երեկոյան նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի։ Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»», - տեղեկացրել է Սամվել Բաբայանը։ Ընդդիմադիր գործիչը հավելել է՝ «Արցախի ճակատագրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը»։ Բաքուն, Անկարան և Կիևը դատապարտում են, Բրյուսելը չի ճանաչում Նոր նախագահի ընտրությունը դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարությունները։ Եվրամիությունը հայտարարել է՝ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը: Բաքուն հայտարարել է, թե «այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին»:  Անկարայից հավելել են՝ ընտրությունները «լեգիտիմ չեն», «խախտում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը», դրանք «անցկացվել են մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ձգտում են շարունակել խաղաղ բանակցությունները» և նպատակ ունեն «խաթարել այդ փորձերը»։ Կիևը աջակցություն է հայտնել Ադրբեջանին․ «Դատապարտում ենք այսպես կոչված «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում», դրանք «հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», «արդյունքներն առ ոչինչ են»։ Եվրամիությունից հայտարարել են՝ ընտրությունների իրավական շրջանակը չեն ճանաչում, բայց և «հավատում են, որ կարևոր է Ղարաբաղի հայերի համար համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարողություն և կամք ունի ներգրավվելու Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին»։ Նոր նախագահն ինչ-որ բաներ է առաջարկում Թե ինչո՞ւ պաշարված Լեռնային Ղարաբաղի նախագահը որոշել հրաժարական ներկայացնել, ի՞նչ է փոխելու նոր նախագահի ընտրությունը, ինչո՞վ է պայմանավորված ճգնաժամային այս իրավիճակում իշխանափոխություն անելու որոշումը՝ պարզ չէ։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե հոժարակամ է հեռացել։ Նրա ընդդիմախոսները պնդում են, որ նախկին նախագահը հրաժարական է տվել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, նրանց աջակցող ուժայինների և կուսակցությունների ճնշման ներքո։ տե՛ս Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել Նոր վարչակազմը ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր չի ներկայացնում։  Արդեն երեք ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է, Ադրբեջանը նույնիսկ հումանիտար բեռների մուտքն է արգելում։ Բաքվի կարճաժամկետ նպատակն է՝ Ղարաբաղի ենթակառուցվածները կապել Ադրբեջանին, գործարկել Աղդամի ճանապարհը։ Եկարաժամկետ նպատակը հարկադիր հպատակեցումն է՝ «ինտեգրացիան»։ Ստեփանակերտում այս հեռանկարը մերժում են։ տե՛ս Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվամ առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը Նոր նախագահն խորհրդարանում այսօր ելույթ է ունեցել և հայտարարել․ — Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, — Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, — այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին: — Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է լինեն, — ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, — Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ: Թե ինչպե՞ս է ղարաբաղյան կողմը հասնելու նախագահի հռչակած սկզբունքների իրագործմանը՝ պարզ չէ։ Բաքուն նույնիսկ երրորդ երկրի/երկրների երաշխավորությամբ բանակցություններն է կտրականապես մերժում՝ սպառնալով ռազմական գործոնով։ Վերջին օրերին Ադրբեջանը մեծաթիվ զորք և զինուժ է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով։ Հայկական կողմերը ահազանգում են՝ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիայի է նախապատրաստվում։ տե՛ս Զորքերի կուտակումների մասին Երևանից զանգում են Հայաստանի կառավարությունը նախագահի ընտրությունները չի մեկնաբանել, փոխարենը հաղորդել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, Ֆրասիայի նախագահի, Վրաստանի վարչապետի և Իրանի նախագահի հետ։ Դատելով հաղորագրություններից, քննարկումները հիմնականում «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման», «իրավիճակի հետագա սրման անթույլատրելիության», «սահմանին լարվածության աճի միտումների», Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ են եղել։

Ղարաբաղ․ կուլիսային բանակցություններ և ցուցադրական ակտիվիզմ

Ղարաբաղ․ կուլիսային բանակցություններ և ցուցադրական ակտիվիզմ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման որոշ մանրամասները հանրայնացվեցին Եվրախորհրդի նախագահի պաշտոնական հայտարարությամբ։ Հանդիպումը նշանավորվեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության ծավալուն հաղորդագրությամբ՝ հրապարակված Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից ընդամենը կես ժամ առաջ։ Պաշարված Ղարաբաղում, մինչ այդ, «համաժողովրդական շարժում» է՝ բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարած բողոքի ցույցը վրանավորվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ռուս խաղաղապահների բազայի մոտ։ Բաքուն (և Շառլ Միշելը) խոսում են Ադրբեջանից «հումանիտար» օգնություն մատակարարելու հնարավորության մասին՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, Ղարաբաղի հայերը պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված տարանցման ռեժիմը։ Աղդամ, մատակարարումներ, ինտեգրացիա Շառլ Միշելի հայտարարության հիմնական ինտրիգը Ղարաբաղի ապաշրջափակմանը վերաբերող հատվածն էր։ Երկրորդելով Ադրբեջանի արտգործնախարարի՝ հանդիպման նախաշեմին արված հայտարարությանը, Միշելը աջակցել է Աղդամից (այսինքն Ադրբեջանից) դեպի Ղարաբաղ («տեղի բնակչությանը») հումանիտար մատակարարումներ անելու առաջարկին, զուգահեռաբար շեշտելով՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Հայաստանյան փորձագետները սա մեկնաբանել են որպես ադրբեջանական «բլոկադային» շանտաժի լեգիտիմացում և հարկադիր ինտեգրացման քաղաքականության հովանավորում։  Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Ադրբեջանը անտեսել է, Լաչինի միջանցքը հետզհետե ավելի է փակվել, այսօր Ղարաբաղ սնունդ և դեղորայք անգամ չի մատակարարվում, միջազգային կառույցների (այդ թվում՝ Եվրամիության կոչերը) Բաքուն անտեսել է․ եթե այս ամենի հիմնական նպատակը Ստեփանակերտին «ինտեգրացիա» պարտադրելն էր, ապա, դատելով Միշելի վերջին հայտարարությունից, այդ նպատակին Ադրբեջանը ավելի է մոտեցել: «Հասկանալի չէ՝ ինչով էր հանդիպման ժամանակ զբաղված հայկական կողմը, եթե նման ձևակերպումներ են ներառվել հայտարարության վերջնական տեքստի մեջ։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման նպատակներից մեկը Ադրբեջանից Ղարաբաղ ենթակառուցվածքների և հաղորդակցությունների վերականգնում էր՝ որպես ինտեգրացիայի մեծ օրակարգի մաս։ Այդ օրակարգը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին է փորձում պարտադրել ուժային մեթոդներով, շանտաժով։ Եվ այն, որ Եվրոպական խորհրդի նախագահը նման նարատիվներ է ներառում իր հայտարարության մեջ, անընդունելի է և կարող է նպաստել գետնի վրա իրավիճակի վատթարացմանը, կարող է Ադրբեջանին ավելի ամուր հիմքեր տալ՝ Լաչինի միջանցքի վերաբացման համար գործադրվող ճնշմանը հակադրվելու համար։ Այս առումով խոսքը, իհարկե, հայկական դիվանագիտության ձախողման մասին», - «Էխո Կավկազա»-ի թղթակից Վադիմ Դուբնովի հետ զրույցում ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Հայաստանը, որն արդեն իսկ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, արդյո՞ք իրագործելի ծրագիր ունի՝ եթե ոչ ինտեգրացիոն քաղաքականությունը մերժելու, ապա գոնե Ադրբեջանի հետ տնտեսական և ենթակառուցվածքային կապերի վերականգնումը առկախելու համար։ Այս հարցի պատասխանը չկա։ Հայաստանցի փորձագետների մեծ մասը հավատացած է, որ հայկական կողմը պետք է շարունակի պնդել Լաչինի միջանցքի անպայման վերագործարկման և Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության վրա։ Ինչպե՞ս հասնել այս պայմանների իրագործմանը, եթե Ադրբեջանը դրանք կտրականապես մերժում է, պարզ չէ։ Բավարար միջազգային ճնշում չկա (Բաքուն բարեհաջող կերպով անտեսում է թե՛ կոչերը, թե՛ դատական վճիռները և թե՛ բանաձևերը), ո՛չ հավանական ուժային սցենարների շուրջ բաց խոսակցություն։ Լեռնային Ղարաբաղը արդեն 7 ամիս է՝ փաստացի շրջափակված է։ Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը այլևս չի գործում։ Նույնիսկ եթե միջանցքը ապաշրջափակվի, այն այլևս գտնվելու է ադրբեջանցի սահմանապահների լիակատար վերահսկողության ներքո։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դեպի Ղարաբաղ նույնիսկ հումանիտար մատակարարումներն են դադարեցվել։ Սննդի պաշարները արդեն սպառվում են։ Ամիսներ շարունակ ո՛չ գազ է մատակարարվում, ո՛չ էլեկտրաէներգիա։ Ղարաբաղի հայկական հատվածը փաստացի սնուցվում է Սարսանգի ջրամբարից արտադրվող էլեկտրականության հաշվին․ ջրամբարը գրեթե ցամաքել է, և եթե այսպես շարունակվի՝ ձմռանը նաև լուրջ էներգետիկ ճգնաժամ է լինելու։ Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը, կարծես, բանակցություններից հետո վերականգնվել է։  Ղարաբաղում ստեղծված իրավիճակին փորձում են դիմակայել «համաժողովրդական շարժմամբ»։ Վերջին շրջանում տարբեր խմբեր պահանջում էին, որ իշխանությունը կոնկրետ քայլերի դիմի։ Այդ պահանջներին ընդառաջելով՝ Ղարաբաղի կառավարությունը փողոցային ակցիաներ է սկսել։ Ստեփանակերտի կենտրոնում և խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում վրանային ճամբարներ են։ աշխարհաքաղաքական իմպոտենցիա, ձևափոխված ստատուս-քվո Տիգրան Գրիգորյանը համարում է, որ սա ավելի շուտ հուսահատության ակտ է, քան քաղաքական կոնկրետ ծրագիր․ «Ակցիաների պրակտիկ նշանակությունը, պրակտիկ օգուտը պարզ չէ»։ Ադրբեջանի վրա ճնշում գործադրել այսպես չի լինի, ցուցարարները, հավանաբար, փորձում են գոնե միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել։ Քննադատության հիմնական առարկան Երևանն է և Մոսկվան (Երևանը՝ զիջումների/սխալ արտաքին քաղաքականության/ոչ բավարար ջանքերի և այլն, Մոսկվան՝ ստանձնած պարտականությունները չկատարելու/ անգործության/ ադրբեջանական կողմին անուղղակի սատարելու համար)։ «Խաղաղապահ զորախմբից դժգոհությունը Ղարաբաղում աճում է։ Տեղացիները տեսնում են՝ ինչպես են խաղաղապահները իրենց համար սնունդ մատակարարում օդային ճանապարհով, բայց տեղի բնակչությանը ոչինչ չի հասնում։ Լաչինի միջանցքն ապաշրջափակելուն ուղղված ակտիվ գործողություններ նրանց կողմից չկան։  Հասկանալի է, որ նման հարցերը լուծվում են քաղաքական մակարդակում, հազիվ թե խաղաղապահները տեղում միջանցքը բացելու համար ինչ-որ բան կարողանան անել, բայց բնակչության վրա այդ բացասական ազդեցությունները կան և դժգոհությունն աճում է։ Այս գործողություններով, այո, կարելի է ասել՝ փորձ է արվում նաև որոշակի ուղերձ հղել Մոսկվային․ եթե դուք քայլեր չձեռնարկեք, բնակչությունը, որը ավանդապես ռուսամետ է համարվել, ձեզ ընկալելու է որպես շրջափակման մեղսակից», - նշել է Գրիգորյանը։ Բրյուսելյան բանակցությունների ֆոնին ՌԴ ԱԳՆ տարածած հաղորադգրությունը Ստեփանակերտում ներկայացրել են որպես պայքարի առաջին արդյունք։ Չնայած ռուսական կողմի ուղարձները, կարծես, ուղղված են ավելի շուտ Երևանին, քան թե Բաքվին։ Նախաբանում Մոսկվան անուղղակիորեն մեղադրում է Երևանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը նաև Լեռնային Ղարաբաղն է ներառում, ճանաչելու մեջ։ Այս ճանաչումը Արևմուտքը ձևակերպում է որպես բանակցային աննախադեպ առաջընթաց, Ռուսաստանը հայտարարում, թե այն արմատապես փոխել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքերը, և դրան հաջորդած իրադարձությունների մեղքը երրորդ երկրի վրա բարդելու փորձեր այլևս չպետք է լինեն։ «Սա, իհարկե, բավականին թույլ արդարացում է սեփական աշխարհաքաղաքական իմպոտենտության համար՝ Մոսկվայի ազդեցությունը տեղում նվազել է, շահերը փոխվել են, այժմ փորձ է արվում պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա», - մեկնաբանել է Գրիգորյանը։ Ամիսներ առաջ Ռուսաստանը խաղաղության պայմանագրի սեփական նախագիծն էր ներկայացրել, հիմքում Ղարաբաղի կարգավիճակն ապագային թողնելու առաջարկն էր։ Հայաստանը սրան միանգամայն աջակցել էր, Ադրբեջանը՝ կտրականապես մերժել։ Հետագայում այս առաջարկը, ըստ էության, բանակցային հիմք անգամ չի դարձել։ Հայաստանցի քաղաքագետի համոզմամբ, Մոսկվայի ռազմավարական նպատակները, ամեն դեպքում, չեն փոխվել․ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հարցի քաղաքական լուծմամբ։ Ռուսաստանում ռազմավարական նպատակ է մնում ստատուս-քվոյի պահպանումը, չնայած, ինչպես տեսնում ենք, այդ ստատուս-քվոն վերջին ամիսներին արդեն իսկ բավականաչափ փոխվել է»։ «Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մյուս հատվածները ինձ համար ավելի հետաքրքիր էին։ Խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային հանրության՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնմանը ուղղված ջանքերին։ Եթե սա համեմանտենք հայտարարությունների հետ, որոնք մի քանի շաբաթ առաջ են արվել, երբ, օրինակ, ամերիկյան կողմը փորձում էր երրորդ երկրում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը, ապա այն ժամանակ Մոսկվան խոսում էր Լեռնային Ղարաբաղում արևմտյան ինչ-որ բացասական ազդեցության մասին՝ համարյա թե, որ ամերիկյան կողմը շանտաժի է ենթարկում Ստեփանակերտին, որպեսզի ստիպի մասնակցել այդ բանակցություններին։ Այժմ խոսվում է արդեն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային համայնքի ջանքերին։ Կարելի է ենթադրել, որ միջնորդների միջև, այնուամենայնիվ, ինչ-որ կուլիսային երկխոսություն կա, հատկապես Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այսինքն կա ինչ-որ նվազագույն փոխըմբռնում և դիրքորոշումների նվազագույն ընդհանրություն», - նույն աղբյուրի հետ զրույցում նշել է հայաստանցի քաղաքագետը։ Ռուսական կողմի հայտարարության վերջին պարբերությունն էլ նվիրված է Ադրբեջանին․ նկարագրելով Ղարաբաղում ստեղծված հումանիտար վիճակը, Մոսկվան պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը անմիջապես արձագանքել է հայտարարությունը՝ հայտարարելով, թե այն «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։ «ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության («Ղարաբաղի շրջանը» ներառյալ) ելույթներին։ Անընդունելի է ՌԴ ԱԳՆ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», - գրել է պաշտոնական Բաքուն։ ի՞նչ անել․ առաջարկներ Ղարաբաղից Չնայած Ղարաբաղի իշխանության և ընդդիմադիր մի քանի խմբերի նախաձեռնած բողոքի ցույցերը «համաժողովրդական շարժում են» ներկայացնում, քաղաքական տարաձայնությունները չճանաչված հանրապետությունում վերջին ամիսներին իրապես սրվել են։ Գործող նախագահ Արայիկ Հարությունյանի իշխանությունը և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ընդդիմությունը մերժում է թե՛ Բաքվի հետ չմիջնորդավորված բանակցությունների առաջարկը, թե՛ ինտեգրացիոն օրակարգը։ Խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար, նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, մինչ այդ, պնդում է, որ իշխանությունը խուսափում է իրականությանն առերեսվելուց և պատասխանատվություն ստանձնելուց՝ նախընտրելով հայրենասիրական ճառեր ասել և ոչինչ չանել։ Նա առաջարկում է գնալ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների, փորձել փոխվստահության մթնոլորտ հաստատել և ուղիղ քննարկել ծագած հարցերը։ Սամվել Բաբայանի աջակիցները, դատելով սոցցանցային գրառումներից, «համաժողովրդական շարժմանը» չեն միացել․ պետական պաշտոնյաներին նրանք քննադատում են ցուցադրական ակտիվիստություն անելու և պետությունը վերջնականապես ապամոնտաժելու մեջ։ Շարժմանը միացած արտախորհրդարանական ընդդիմադիր խմբերից որոշները՝ Արցախի հեղափոխական կուսակցությունը, Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժումը և այլն, իշխանություններին այժմ մեղադրում են ցույցերը լճացնելու մեջ։ Նրանք առաջարկում են շրջափակել ռուսական զորախմբի օդանավակայանը, որով խաղաղապահները սնունդ են մատակարարում իրենց իրենց համար, և խաղաղ ցույցով շարժվել դեպի Հակարիի կամուրջ՝ ադրբեջանական անցակետ։ Այս պահանջներին շարժման պաշտոնական հարթակը հրապարակավ չի արձագանքում։