2026, 2 June, Tuesday
Tag

#գերություն

20 տարով դատապարտված ադրբեջանցի զինվորը կարող է փոխանակվել

Քիչ առաջ Կապանի դատարանում հրապարակվել է ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանցի զինվորը մեղավոր է ճանաչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանության համար։ Ապրիլի 10-ին ադրբեջանցի ժամկետային զինծառայողներ Ագշին Բաբիրովը ու Հուսեյն Ախունդովը հատել էին Նախիջևանը սահմանը և ոտքով հասել մինչև Սիսիանի Բնունիս գյուղ (սահմանից մոտ 20կմ հեռավորության վրա է գտնվում)։ Նրանց նկատել և բռնել էին գյուղացիները։ Ախունդովին հաջողվել էր փախչել։ Բաբիրովը հարցաքննվել և պատմել էր, որ ծառայակցի հետ փախուստի է դիմել մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, Հայաստանում հայտնվելուց հետո Ախունդովը փոշմանել է և փորձել վերադառնալ։ Մինչ իրավապահները փնտրում էին նրան, հաղորդվեց, որ պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում սպանվել է 56-ամյա անվտանգության աշխատակիցը։ Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ պահակին սպանել է փախուստի դիմած Հուսեյն Ախունդովը։ Ըստ ԱԱԾ-ի, ապրիլի 12-ին նա հասել է Կապանի Շղարշիկ թաղամաս, սպանել պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին, գողացել նրա հեռախոսը, փորձել առևանգել նաև մեքենան։ Ադրբեջանցի զինծառայողը, ըստ այս վարկածի, ցանկացել է հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Ապրիլի 13-ին նրան հայտնաբերել են մի խումբ կապանցիներ։ Մինչ այդ Ախունդովը հասցրել է ֆեյսբուքյան հեռարձակմամբ դիմել հայրենակիցներին՝ հավաստիացրել է, որ ինքը դավաճան չէ, և խոսել «հայերի արյունը թափելու» մասին։ Հուսեյն Ախունդովն այսօր դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ սպանության, պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի հրազեն տեղափոխելու համար։ Ագշին Բաբիրովի դատավճիռը հրապարակվել էր դեռևս մայիսի 9-ին․ Կապանի դատարանը նրան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի հրազեն տեղափոխելու համար։ Պաշտոնական Բաքուն մինչ այդ հայտարարել էր, թե զինվորները մոլորվել են վատ եղանակի պատճառով, և պահանջել վերադարձնել նրանց։ Արդեն մայիսի վերջին Կապանի Շիկհաող գյուղի տարածքում՝ դիրքեր տանող ճանապարհից, անհետացել էին Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը։ Ըստ հայկական կողմի, ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել նրանց։ «Դիվերսիոն ներթափանցման մասին Բաքվի պնդումները բացարձակ սուտ են», - հայտարարել էր Հայաստանի ՊՆ-ն։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ հայաստանցի երկու զինծառայողներին առևանգել են Բաբիրովի և Ախունդովի հետ փոխանակելու համար։ Բաքվի բանտերում այժմ 35 հայ (ռազմա)գերի է պահվում։ Հայաստանի դատախազը չի բացառել հնարավոր փոխանակումը․ «Մինչդատական վրույթում արտահանձնում չի կարելի և չի լինում, արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում»:

Գերությունից վերադարձած սպան դուրս եկավ կալանքից

Գերությունից վերադարձած սպան դուրս եկավ կալանքից

Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված վերջին զինծառայողը՝ սպա Արման Խաչատրյանն, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Խաչատրյանն ազատ է արձակվել մարտի 28-ին․ նրա կալանավորման ժամկետը լրացել է ամսի 23-ին, նախաքննական մարմինն այն երկարաձգելու միջնորդությամբ դիմել է դատարան, դատարանը միջնորդությունը մերժել է։ Խաչատրյանը կալանքի տակ է մնացել երեք ամիս: Նա գերեվարվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Սյունիքում տեղի ունեցած սահմանային մարտերի ժամանակ։ Դեկտեմբերի 29-ին վերադարձել էր գերությունից, դեկտեմբերի 31-ին՝ 7 ծառայակիցների հետ միասին կալանավորվել: Գերությունից վերադարձածներին Քննչական կոմիտեն մեղադրում է զինվորական կանոնակարգի խախտման և մարտական դիրքը հանձնելու մեջ։ Պաշտոնական պարզաբանումը հետևյալն է․ «2021 թվականի նոյեմբերի 16-ին,  երեք զինծառայողները՝ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար՝ մայոր Գ.Գ.-ն, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, դիրքի ավագ՝ մայոր Ն.Ե.-ն և պայմանագրային զինծառայող, դիտորդ՝ շարքային Ս.Մ.-ն, խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ներխուժել են Հայաստանի տարածք, դիրքում մնացած զինծառայողները գերեվարվել են, հրամանատարական դիտակետ հանդիսացող մարտական դիրքն անցել է հակառակորդին, մարտական դիրքում գտնվող 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին»։ Զինծառայողները մեղադրանքը չեն ընդունում։ Ըստ նրանց, մարտերից երկու օր առաջ իրենք արդեն շրջափակման մեջ են ընկել, ինչի մասին տեղեկացրել են նաև վերադասներին, բայց որևէ օգնություն չի հասել։ Քրգործով ընդհանուր առմամբ անցնում է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։