2026, 2 June, Tuesday
Tag

#զորակոչ

Հայաստանյան կանանց կզինվորագրեն հանուն «հավասարության»

Հայաստանյան կանանց կզինվորագրեն հանուն «հավասարության»

Ամիսներ առաջ Կառավարությունը ազդարարել էր «իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգի» ներդրման մասին: Հայտարարվում էր, որ զորակոչված կանայք ծառայելու են 6 ամիս՝ ուսումնական զորամասերում, ծառայության ավարտին ստանալու են 1 միլիոն դրամ պատվովճար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասնել է՝ Հայաստանում կանանց գումարտակ, իսկ հետո նաև կանանց զորագունդ է ձևավորվելու։ «Ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կայանք», - Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի մայիսի 30-ի նիստին ասել է Պապիկյանը։ տե՛ս Կանանց առաջարկում են 1 միլիոնի դիմաց ծառայել բանակում Ծառայության անցած կանայք պատվովճար են ստանալու՝ 6 ամսվա համար 1 միլիոն դրամ։ Առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրվելու դեպքում պատվովճարը հաշվարկվելու է ըստ ծառայած ամիսների։ Ավելին՝ ըստ նախարարի, կին զինծառայողները 6 ամիս անց կարող են ոչ թե զորացրվել, այլ «ցանկության դեպքում» շարունակել ծառայությունը արդեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, որը 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն է ենթադրում՝ աշխատավարձի և մի շարք արտոնությունների դիմաց։ տե՛ս Հայաստանցիներին ծառայեցնելու նոր ձև են մտածել․ «Հայրենյաց պաշտպան» «Պաշտպան հայերնյացը», ինչպես նաև կանանց զինծառայության այս պիլոտային ծրագիրը, կամավոր հիմքունքներով պարտադիր են։ «Կամավոր պարտադիր» oքսիմորոնը, ըստ նախարարի, ենթադրում է հետևյալը՝ մինչև զորակոչի օրը կամավորագրված կանայք կարող են հրաժարվել ծառայությունից, բայց զորակոչման օրվանից հետո («այն օրվանից հետո, երբ իրենք արդեն իսկ համարվում են զինծառայող») ծառայությունը այլևս պարտադիր է, հրաժարվելու հնարավորություն չկա։ Պապիկյանը հավելել է՝ 6-ամսյա ծառայությունից հետո կին զինծառայողները համալրելու են պահեստազորը, ինչը, ըստ էության, ենթադրում է, որ ռազմական դրության, մոբիլիզացիաների կամ մասնակի մոբիլիզացիաների պարագայում նրանք կարող են արդեն պարտադիր հիմունքներով զորակոչվել։ Ինչի՞ համար է Կառավարությունը զինվորագրում, զորակոչում նաև կանանց, ի՞նչ խնդիր է սա լուծում, արդյո՞ք հաշվի են առնվել ռիսկերը, ի՞նչ պահանջարքի վրա է հիմնվում այս նորամուծությունը։ «Ռեսուրսի՞ խնդիր ունենք, մոդայի՞կ ա․․․սա ինչ-որ բան կփոխի՞ բանակում, կանանց ներգրավվածությունը ինչ-որ էական լի՞ցք կտա, սա ի՞նչ խնդիր է», - հարցրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Կանանց զորակոչելու նորամուծությունը նախարար Պապիկյանը փորձել է արդարացնել «գենդերային հավասարությամբ»՝ ակնարկելով, իբր կանանց բանակ տանելը հենց կանանց համար է արվում․ «Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության իգական սեռի քաղաքացիները իրենց զգան լիիրավ և հավասար տղամարդկանց հետ, այդ թվում նաև հայրենիքը պաշտպանելիս»։ Ավելի ուշ, սակայն, նախարարը անկեղծացել է՝ կանանց զորակոչելով «խնդիր են լուծում, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ողջ պոտենցիալը, որ կարող է ծառայել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ամբողջությամբ ծառայի»․․․«խոսքը գլխաքանակի մասին չի, խոսքը նրա մասին ա, որ մենք ուզում ենք ունենալ մարտական պատրաստվածությամբ կին զինծառայողներ, մարտիկներ» ․․․ «վեցամսյա պատրաստությունը կին զինծառայողից զինվոր դարձնելն է, զինվոր ստանալն է»։ Կանանց «կամավոր պարտադիր» զինծառայության մասին այս նախագիծը ավելի վաղ հաստատել է Կառավարութունը, նախօրեին այն հավանության արժանացավ նաև Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի կողմից։ Օրինագիծն առաջիկայում կքննարկվի (և ամենայն հավանականությամբ՝ կընդունվի) Ազգային ժողովի լիագումար նիստում։

Կառավարությունը բոլորին տանելու է զինվորական հավաքների

Կառավարությունը բոլորին տանելու է զինվորական հավաքների

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա և պարտադիր բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Նախատեսվում է, որ ծառայությունը 21 օր է լինելու, 25 օր են նշում՝ կազմակերպման հատվածն ապահովելու համար՝ կառավարության այսօրվա նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 21 օրերից 7-ը պատրաստությանն է հատկացվելու, 21-ը՝ մարտական հերթապահությանը։ Կառավարությունը խոստանում է՝ քաղաքացիներին հնարավորություն են ընձեռելու ընտրել ծառայության ժամկետները։ «Պահեստազորում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն ընտրելու է, թե տարվա մեջ երբ կարող է այդ 25 օրը տրամադրել ՀՀ սահմանները պաշտպանելուն», - ասել է Պապիկյանը՝ շեշտելով՝ կարգը շուտով կհրապարակվի։ Արդեն ամիսներ շարունակ Կառավարությունը պարբերաբար եռամսյա հավաքներ է հատյատարարում՝ քաղաքացիներին ծանուցագրեր են ուղարկում և տանում բանակ։ Կառավարությունը հայտարարում է, թե վարժական հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական վերապատրաստումն է։ Զորակոչված պահեստազորայինները, սակայն, տարվում են մարտական դիրքեր, այդ թվում՝ սահմանամերձ։ Քաղաքացիները դժգոհում են՝ հավաքների կազմակերպիչները հաշվի չեն առնում ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ աշխատանքային պայմանները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշել է՝ եռամսյա հավաքները նախատեսված էին հին համակարգով, դրանք շատ երկար ժամանակ պատշաճ չեն արվել, ինչի «հետևանքները մենք տեսանք 2020-ի պատերազմի ընթացքում»։ «Կառավարությունը որոշեց եռամսյա հավաքների որդեգրված քաղաքականությունն իրականացնել։ Այդ ընթացքում պարզվեց, որ դա խնդրահարույց է։ Մարդիկ աշխատում են, դրա հետ կապված խնդիր է լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն, և սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են՝ աշխատավարձ են ստանում։ Հետագայում եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ և որ հավաքները պետք է դարձնել մեկամսյա, ընդ որում՝ պարտադիր բոլորի համար։ Չեմ կարծում, որ սա կառավարելի իրավիճակ չէ։ Այս պրոցեսը բոլորի համար կլինի պարտադիր։ Բայց մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց կյանքը պլանավորել։ Այս համակարգով ժամկետները ընտրելու մեխանիզմ կներդրվի», - հավելել է Փաշինյանը։ Պապիկյանն էլ խոսել է կանանց մասին, թե՝ կանայք ևս մարտական պատրաստության հնարավորություն կունենան․ «Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա՝ ըստ ցանկության։ Ովքեր կուզեն՝ կմասնակցեն»։ Փաշինյանն հավելել է՝ բացառված չէ, որ վարժական հավաքները պարտադիր դառնան նաև կանանց համար։ Հիմնավորումը մոտավորապես հետևյալն է․ «Բոլոր ասելով նկատի ունենք բոլորին, կանայք էլ են բոլորի մեջ մտնում»։ «Կարծում եմ, սկզբնական փուլում պետք է հերթագրման տրամաբանությամբ գնալ։ Բայց եթե խոսում ենք մեկ ամիս նախապատրաստության մասին, կանանց դեպքում կարող ենք դա դարձնել 15 կամ 7 օր։ Չգիտեմ։ Բայց երբ ասում ենք բոլորը՝ բոլորը բոլորն են։ Ես համաձայն եմ, որ մենք չենք կարող դա միանգամից անել։ Բայց փուլային եղանակով այս խնդիրը պետք է դնենք և լուծենք։ Հասկանալի է նաև, որ պետք է պայմաններ ստեղծվեն՝ դա իրականացնելու համար», - ասել է Հայաստանի վարչապետը։ Որոշվել է, որ հարցը կքննարկվի կառավարության հաջորդ նիստին։