2026, 2 June, Tuesday
Tag

#իսկանդեր

Վարչապետը Իսկանդերների մասին խոսքերը հետ վերցրեց

Վարչապետը Իսկանդերների մասին խոսքերը հետ վերցրեց

Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, ավելի վաղ հայտարարել էր, թե իրենց տեղեկություններով՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում «Իսկանդեր» չի կիրառվել և նշել՝ «Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, մոլորության մեջ են գցել»։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, փետրվարի 23-ին 1in.am- ին տված հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին (վերջինս նշել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ և հարցրել՝ ինչո՞ւ այն չի կիրառվել պատերազմի սկզբնական փուլում) և հայտարարել՝ «մերժվածն ինքը գիտի իր հարցերի պատասխանը», «թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով»: Ռուսական մամուլը սա ընկալել է որպես ռուսական զինատեսակը նսեմացնող գնահատական։

Հայաստանի «Իսկանդերը» գրավել է ռուսաստանյան մամուլի էջերը

Հայաստանի «Իսկանդերը» գրավել է ռուսաստանյան մամուլի էջերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին 1in.am- ին տված հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին։ Սարգսյանն օրեր առաջ հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ (Շուշիի համար մարտերն ընթանում էին պատերազմի վերջին օրերին) և հարցրել՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի կիրառվել ավելի վաղ՝ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական ուժեր էր կուտակել Հորադիզում։ Սրան ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, թե «մերժված» նախագահը «ինքը գիտի իր հարցերի պատասխանը» և հավելել․ «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով»: Ռուսական մամուլը սա ընկալել է որպես ռուսական զինատեսակը նսեմացնող գնահատական։ Փաշինյանի հայտարարությանը անդրադարձել են թե՛ կառավարամետ և թե՛ անկախ լրատվականները։ Վերնագրերը, հիմնականում, միանման են՝ «Փաշինյանը հարցադրել է ռուսական «Իսկանդերների» արդյունավետությունը», «Փաշինյանն ասել է, թե ռուսական «Իսկանդեր»-ը անգործունակ է» և այլն։ Որոշ դեպերում վերնագիր է հանվել այն, որ Փաշինյանը հաստատել է «Իսկանդեռի» կիրառության մասին տեղեկությունները։ Հարցազրույցներ տվող վերլուծաբանները տեղի ունեցածը շտապել են գնահատել որպես (հայ-ռուսական) «սկանդալ»։ «Չպայթած» օպերատիվ-մարտավարական հրթիռի մասին Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել են «ՌԻԱ Նովոստի»-ն, «ՏԱՍՍ»-ը, «Վեդոմոստի»-ն, «Գազետա»-ն, «Լենտա»-ն, «Կոմերսանտ»-ը, «Վեստի»-ն, «Էխո Մոսկվի»-ն, «Մեդուզա»-ն և այլք։ «Սկանդալը» մեկնաբանել են նաև Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Զավարզինը և Դմիտրի Սաբլինը։ Փաշինյանի հարցադրումը որակվել է որպես «ոչ կոմպետենտ» և «սուտ»։ Ռուսաստանցի պատգամավորները շտապել են հավաստիացնել, որ «Իսկանդերը» խիստ ճշգրիտ և արդյունավետ զենք է, որն իր բարձր որակները հաստատել է դեռևս Սիրիայում։ Մամուլի կողմից հատկապես ընդգծվել է այն հանգամանքը, որ Հայաստանն առաջին և միակ օտարերկրյա պետությունն է, որ Ռուսաստանից «Իսկանդեր» է գնել։ Երկրի սպառազինման մեջ են գտնվում 4 հրթիռային կայանքներ։ Գնումներն արվել են 2016 թվականին, նույն թվականին համալիրները ցուցադրվել են նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր ռազմական շքերթին: Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր» կիրառելու մասին առաջին անգամ (դեռևս նոյեմբերին) հայտարարել էր Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Նախկին նախագահի և գործող վարչապետի խոսքերից ռուսական մամուլը եզրակացրել է՝ Հայաստանը, փաստորեն, հաստատել է պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի կիրառության մասին տեղեկությունները։ Իսկ սա, իր հերթին, մի շարք հարցերի տեղիք է տվել (որտեղ են գնտվում և պահվում Հայաստանի ԶՈՒ-երին պատկանող «Իսկանդերները», որտեղից են դրանք գործարկվել և այլն)։ Հայաստանի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հերքել է, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է Շուշիի ուղղությամբ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակելով որպես ընդդեմ Հայաստանի արված։