2026, 2 June, Tuesday
Tag

#հայաստանի նախագահ

Այլ ճանապարհ չունենք. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի 5-րդ նախագահ

Վահագն Խաչատուրյանը ձայների 71 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ (երկրորդ փուլով) ընտրվեց Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ: Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցում էին 71-ը։ Անվավեր քվեաթերթիկներ չկային: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը բոյկոտում էին։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանն առաջին փուլում չէր կարողացել նախագահ ընտրել։ Վահագն Խաչատրյանի թեկնածությանը (անհրաժեշտ 80-ից) կողմ էր քվեարկել ընդամենը 69 պատգամավոր։ Նշանակվել էր երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում նախագահի թեկնածուին պահանջվում էր արդեն 65 ձայն։ Ընդդիմությունը երեկվա ԱԺ նիստին, որի ընթացքում հարց ու պատասխան էր նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ, նույնպես չէր մասնակցում։ Խաչատուրյանն, ի թիվս այլի, իր ելույթում անդրադարձավ հետպատերազմական խնդիրներին: Ըստ նրա, Հայաստանում տնտեսական հաջողությունների կարող են հասնել միայն այն դեպքում, երբ գործի անվտանգության համակարգը․ «Երբ մենք մեզ ապահով զգանք, երբ տարածաշրջանում պատերազմի վտանգ չլինի, երբ սահմանները բացվեն»։ «Մեր մեջից վախերը պետք է հանել, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ։ Այսինքն, բոլոր երկրները, ում հետ մենք հարևաններ ենք, պետք է բարիադրացիական հարաբերություններ հաստատատենք իրենց հետ։ Այլ ճանապարհ չունենք և պետք չէ մտածել, որ մեկը պետք է գա, մեզ օգնի, մեզ դժվարություններից հանի։ Մենք ունենք հարևաններ և հարևանների հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել։ Խոսելը, բանակցելը, համագործակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան որևիցե մեկի հետ վիճելը, կռվելը, ուժ ցույց տալը։ Հակառակ մտածողությունը նշանակում է, որ մենք երկիրը տանում ենք կործանման։ Մեր քաղաքացիների, բոլորի հետ պետք է համարձակ խոսենք ու բացատրենք՝ ինչ է նշանակում այս տարածաշրջանում ապրելը։ Եթե մեկուսացվում ես, եթե սահմանները փակ են, եթե տնտեսական համագործակցություն չկա․․․Մենք 90-ականների սկզբին այդպիսի մի վիճակում եղել ենք, շատ մեծ դժվարություններով ու զրկանքով ենք կարողացել հաղթահարել այդ շրջափակման մի մասը», - նշել է Խաչատուրյանը։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ նրա, վկայում են այն մասին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, Հայաստանը չպետք է մեկուսացված լինի․ «Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը դրա լավագույն հաստատումն էր»։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգին, նախագահը վերահաստատել է՝ լիովին աջակցում է դրան, քանի որ երկրի զարգացման այլ ճանապարհ չի տեսնում։ Վահագն Խաչատուրյանի կենսագրությունը համառոտ՝ 1992-1996թթ․՝ Երևանի քաղաքապետ 1996- 1999թթ․՝ ԱԺ պատգամավոր 1996-1998թթ․՝ Նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի խորհրդական 2019-2021թթ․՝ «ՀայԷկոնոմ» բանկի տնօրենների խորհրդի անդամ 2021թ․՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախագահ

Հայաստանի նախագահը սենթքիթսևնևիսցի է(ր) . «Հետք»

Հայաստանի նախագահը սենթքիթսևնևիսցի է(ր) . «Հետք»

Առնվազն մինչև նախագահ դառնալը Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ուներ՝ պնդում է «Հետք» պարբերականը։ Խոսքը այս անգամ Միացյալ Թագավորության մասին չէ (մամուլը վաղուց է գրում, որ Հայաստանի նախագահը Բրիտանիայի քաղաքացի է, պետական կառույցները սա մեկումեջ հերքում են): Այժմ խոսքն արդեն Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի մասին է։ Ըստ պարբերականի՝ կան տվյալներ, որ Հայաստանի նախագահը մինչև պաշտոնը ստանձնելը (ամենայն հավանականությամբ՝ նաև ստանձնելու պահին) Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ուներ։ Թեև հետաքննությունը դեռևս հասանելի չէ, «Հետքը» պնդում է, որ իրենց ձեռքի տակ եղած տվյալները հաստատվել են հենց Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում․ վերջինս խոստովանել է, որ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին միայն՝ նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։ Պաշտոնյայի անսպասելի հրաժարականը պարբերականը պայմանավորում է հենց այս հանգամանքով։ Ենթադրվում է, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար նա կարող է չվերադառնալ Հայաստան․․․ «Հետքի» հոդվածը վերատպում ենք առանց կրճատումների․ — Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ առնչություն ունեն իր հրաժարականին։ Մեր կարծիքով, հրաժարականի պատճառը մեկն է՝ նա, ՀՀ քաղաքացի լինելուց բացի, նաև այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչեւ նախագահ դառնալը: Երբ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) նախագահ Արմեն Սարգսյանին այլ երկրի քաղաքացի լինելու մասին հարցում ուղարկեց, նա ապացույցներ ուզեց: Նշենք, որ այդ երկիրը Միացյալ Թագավորությունը չէ, որի քաղաքացի էր Արմեն Սարգսյանը և որի մասին նրա ընտրվելուց առաջ հայտնի դարձավ: Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։ Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվեց Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։ Հետաքննության մանրամասներն այս փուլում չենք կարող ներկայացնել, քանի որ այն անդրսահմանային հետաքննություն է և դեռ ավարտված չէ: Երեկ՝ հունվարի 23-ին, Հայաստանի նախագահը հրաժարականի մասին հայտարարություն տարածեց: Ուշագրավ մի փաստ կա՝ այդ հայտարարությունից առաջ նա պատասխանել էր Սենթ Քիթս և Նևիսի իր քաղաքացիության մասին մեր մի շարք հարցերի: Այդ ժամանակ նա պաշտոնական այցով Արաբական Միացյալ էմիրություններում էր: Այնտեղից մեկնեց արձակուրդ առողջական խնդիրների պատճառով: Իսկ հրաժարական տվեց՝ այդպես էլ Հայաստան չվերադառնալով: Երբ ապացույցներ տրամադրելու իր խնդրանքին ի պատասխան մենք փոխանցեցինք մեր ձեռքի տակ եղած նրա անձնագրային տվյալները, Արմեն Սարգսյանն իր վարկածն առաջ քաշեց: Վարկածում նա նշում է, թե տարիներ առաջ ներդրումներ է արել այդ երկրում։ Նամակագրության մեջ նախագահը խոստովանել է, որ մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում։ Ըստ պնդման՝ նա մասնաբաժինը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան դառնալը։ Սենթ Քիթս և Նևիսում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կա, և Սարգսյանն ասում է, թե առանց իր իմացության է ինքն այդ ծրագրով քաղաքացի դարձել: Մեզ ուղղած իր պատասխանում նա նշել է. «...իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։ Ըստ Սարգսյանի պնդման՝ 2013-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը վերադարձնել պետությանը։ Շարունակելով վարկածը՝ Սարգսյանը նշել է, թե 2017-ին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ վերոնշյալ հանձնարարությունը չի կատարվել։ Պարզվել է նաև, որ այն անձը (ոչ իր իրավաբանը), որը պետք է զբաղվեր Սարգսյանի քաղաքացիության հարցերով, մահացել էր։ Դրանից հետո Սարգսյանը նամակ է գրել հանգուցյալի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել, բացատրել է իրավիճակը և կրկնել է իր խնդրանքը։ Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին՝ նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։ Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի նշանակումը, հակաօրինական են։ Սարգսյանը մեզ հայտնել է, թե համարում է, որ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի չէ այն պահից, երբ ներդրումների դիմաց քաղաքացիությունը ստանալուց հետո խնդրել է սառեցնել այն։ Նախագահ Արմեն Սարգսյանը, հավանաբար, Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով: