2026, 2 June, Tuesday
Tag

#Հայաստան-Ադրբեջան

Երևանն ու Բաքուն փոխանակվել են մեղադրանքներով

Երևանն ու Բաքուն փոխանակվել են մեղադրանքներով

Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան՝ փոխանակվելով «հայելային» մեղադրանքներով, հայտարարում են Բաքուն և Երևանը։ Ո՞վ ո՞ւմ չի արձագանքում «Վստահ եմ, որ մեր ջանքերը դրական կընդունվեն Հայաստանի կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան», - պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Արձագանքելով Իլհամ Ալիևի այս հայտարարությանը, Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է՝ Հայակական կողմը բարձրագույն մակարդակով՝ հրապարակավ, միջազգային ձևաչափերում, նաև ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական է խաղաղության հաստատման օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չի համարում՝ «բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով իր պատկերացումներով»: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արարատ Միրզոյանը։ Եռակողմ հայտարարության խախտումներ Հունիսի 23-ի նույն հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե պատերազմից մեկուկես տարի անց էլ Երևանը դեռ չի իրականացրել իրավական պարտավորությունները հաղորդակցությունների բացման, Նախիջևան ն ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անարգել անցումը ապահովելու ուղղությամբ։  Միրզոյանը հակադարձել է՝ Ադրբեջանը խախտել ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը՝ շարունակելով ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, օգտագործելով նրանց որպես պատանդ և սակարկությունների, մարդկանց առևտրի առարկա: «Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը․․․ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա, ըստ Միրզոյանի, «գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն»։ «Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի», - հավելել է հայաստանցի պաշտոնյան։ Ալիևի հետ երեկվա հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարն էլ հիշեցրել էր, որ հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում «որոշակի առաջընթացի» կա. անհրաժեշտ է հայկական կողմի հետ համակարգել մեքենաների առավել հարմարավետ տեղաշարժի հարցը՝ «խուսափելու արհեստական խոչընդոտներից»։ Դատախազները՝ Մինսկում Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր կայացել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների` Արթուր Դավթյանի, Քյամրան Ալիևի և Իգոր Կրասնովի եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմի փոխանցմամբ, քննարկվել են 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները: Արթուր Դավթյանը ընդգծել է Փառուխ գյուղում կատարված ադրբեջանական գործողությունները, անդրադարձ է կատարել նաև հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությանը: Քյամրան Ալիևն էլ խոսել է «ղարաբաղյան պատերազմներից հետո անհայտ կորածների որոնման», «ականապատման քարտեզների տրամադրման»  և «Ղարաբաղ անօրինական ուղևորությունների անթույլատրելիության» մասին :  

Կարգավիճակ, անվտանգություն, ապաշրջափակում․ Երևանն ու Բրյուսելը ընդդեմ Բաքվի

Կարգավիճակ, անվտանգություն, ապաշրջափակում․ Երևանն ու Բրյուսելը ընդդեմ Բաքվի

Երևանի և Բաքվի մոտեցումներում կան տարաձայնություններ, նաև այդ պատճառով է, որ բանակցություններ են տեղի ունենում՝ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լեռնային Ղարաբաղ․ կարգավիճակ Մայիսի 27-ին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Արդեն հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարությունը նրան կոչ էր արել  չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները» և ընդգծել․ «Բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ պատասխանել էր Ալիևի պնդումներին, թե «Լեռնային Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» և «ԵԱՀԿ Մինսկի խումբ» այլևս գոյություն չունի․ «Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ»։ «Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Համոզված ենք, որ կարգավիճակը հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու։ Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, համոզված ենք, որ արդյունքներ ենք ունենալու», - արդեն այսօր վերահաստատել է Հայաստանի ԱԽ քարտուղարը։ Ապաշրջափակում առանց «միջանցքի»  Մայիսի 27-ի նույն ելույթի ժամանակ Ալիևը հայտարարել էր նաև, թե Բաքուն հաջողության է հասել «Զանգեզուրյան միջանցքի» բացման հարցում․ «Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով և Զանգեզուրով»: Արմեն Գրիգորյանը այսօր կրկին հերքել է այս պնդումը։ «Բրյուսելից արդեն պարզաբանել են, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել: Հենց նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում: Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում։ Մենք կարող ենք հստակ ասել, որ ինչ բանակցում ենք, այն էլ հրապարակային կոմունիկացնում ենք», - ասել է ԱԽ քարտուղարը։ Մայիսի 31-ի գիշերը պարզաբանմամբ էր հանդես եկել նաև Եվրախորհրդի նախագահի խոսնակը, ըստ որի՝ Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած եռակողմ  հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, «բոլոր կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ արտատարածքային պահանջներ չկան»։ «Հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում», - Շառլ Միշելի անունից ընդգծել էր նրա խոսնակ Բարենդ Լեյցը։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը շեշտել էր․ «Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա»: Սահման Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա՝ այսօրվա ճեպազրույցին հայտարարել է Գրիգորյանը։ «Դա է եղել նաև պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի: Սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում: Մենք կքննարկենք, և, հուսով ենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն», - ասել է պաշտոնյան: Մայիսի 28-ին՝ անկախության օրը, ադրբեջանական ստորաբաժանումների կրակից Սյունիքում հայաստանցի զինվոր էր զոհվել։ Միջադեպը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Հայաստան-Նախիջևան սահմանին։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների այս հանդիպումը կողմերը կառուցողական էին որակել։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ Գրիգորյանն ու Մուստաֆաևը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Հայտարարությունում չի նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանագծի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել հանդիպումը: Չկա նաև լուսանկար կամ տեսանյութ: Բրյուսելյան վերջին բանակցությունների ընթացքում որոշվել էր, որ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը տեղի կունենա հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։ Փաշինյան-Ալիև բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան, Երևանն ու Բաքուն հրապարակել էին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների ղեկավարներն են։