2026, 2 June, Tuesday
Tag

#հարկային քաղաքականություն

Փաստաբանների ողբերգությունը կիսում են ՀԿ-ները

Փաստաբանների ողբերգությունը կիսում են ՀԿ-ները

Կառավարությունը վերանայում է անհատ ձեռներեցների հարկման համակարգը։ Փոփոխությունները վերաբերում են, մասնավորապես, հաշվապահներին և փաստաբաններին։ Իրավաբանները նախաձեռնությանն արձագանքել են համընդհանուր գործադուլով: Կա կարծիք, որ հարկերի բարձրացումը Փաստաբանների պալատի դեմ պայքարի մի մասն է։ Պալատին «զսպելու» քաղաքականությունը 2018-ից է սկսվել։ Ենթադրություններ են շրջանառվում, որ հարկային բեռի ավելացումը հատուցում է փաստաբանների ընդդիմադիր ակտիվության համար։ Թանկարժեք փաստաբանները հիմա ավելացված արժեքի հարկ և շահութահարկ են վճարում, իսկ քիչ վաստակող մեծամասնությունը տալիս է 5 տոկոս շրջանառության հարկ։ Կառավարությունում ասում են, որ հարման այս մեխանիզմը փաստաբաններին արտոնություն է տալիս մյուս ոլորտների համեմատ։ Նախատեսվող փոփոխություններով հունվարից սկսած բոլորը կվճարեն 18% շահութահարկ և 20% ավելացված արժեքի հարկ։ փաստաբանները պրոբլեմ են պետության համար Փաստաբանների պալատը ստեղծվել է 2005 թվականին։ Փաստաբան դառնալու համար Պալատի կողմից տրված լիցենզիան պարտադիր է և վճարովի։ Պալատը լիազորված է հետևել փաստաբանների կողմից էթիկայի նորմերի պահպանմանն ու կարող է կարգապահական վարույթ հարուցել՝ զրկելով նաև լիցենզիայից։ «Փաստաբանական պալատի ղեկավարությունը, պալատի նախագահը նախկինում մաս են եղել փաստաբանների նկատմամբ վերահսկողության և քաղաքական ճնշումների մեխանիզմի՝ չարաշահելով կարգապահական վարույթներ հարուցելու, լիցենզիայից զրկելու իրավունքը», - Epress.am-ին ասել է փաստաբան Շ․Ի․-ն։  Փաստաբանների պալատը փողերի լվացման խոշոր սիստեմ էր․ «Նախկինում լիցենզիա ստանալու համար պարտադիր էր գնալ փաստաբանական դպրոց, որն հիմա Ակադեմիա է կոչվում: Այնտեղ ամեն ինչը շատ թանկ էր, ամեն ինչի համար փող էին ուզում»։  Ակադեմիայում դասընթացներին մասնակցելն արժի 900 հազար դրամ, ավարտական վկայականը՝ 60 հազար։ Յուրաքանչոյւր փաստաբան տարեկան 60 հազար դրամ անդամավճար է տալիս կառույցին․ «Այնտեղ շատ խոշոր գումարներ են պտտվում»։ Նախկինում, ըստ Շ․Ի․-ի, ընդդիմադիր փաստաբաններին ճնշում էին կարգապահական տույժերի միջոցով՝ «սկզբում նկատողություն էին տալիս, հետո խիստ նկատողություն, վերջիվերջո լիցենզիայից էին զրկում»։ Հիմա իրավիճակն այլ է․ Պալատի ղեկավարության և անդամների զգալի մասը ընդդիմադիր են։ 2023-ին նոր իշխանությունները փոխեցին լիցենզիա ստանալու կարգը։ Իրավաբանական կրթություն ունեցողները այժմ առանց Ակադեմիան ավարտելու և 900 հազար դրամ վճարելու կարող են քննություն հանձնել և լիցենզիա ստանալ։  Փաստաբանների պալատը, արձագանքելով օրենքին, վերանայեց տարիֆները իր ուսանողների համար։ Եթե նախկինում քննություն հանձնելու համար պետք էր վճարել 50 հազար դրամ, այժմ Ակադեմիայի շրջանավարտները քննություն կարող են հանձնել անվճար, իսկ մարդիկ, որոնք որոշել են խնայել 900 հազար դրամը՝ կվճարեն 150 հազար։ «Եթե դու իրենց մոտ ես սովորում, անվճար քննությունից կարող ես չորս անգամ կրտվել։ Եթե չէ, կտրվելու դեպքում պետք է նորից 150 հազար դրամ վճարես»։ Սա առաջին քայլն էր։ Ավելի ուշ իշխանությունները առաջարկեցին փոխել նաև Պալատին անդամակցելու կարգը․ նախատեսվում էր, որ անհատ փաստաբանները կարող են դուրս գալ Փաստաբանների պալատից՝ պայմանով, որ այլ միություն կկազմեն։ Նախագիծը քննարկվեց, բայց շրջանառության մեջ այդպես էլ չդրվեց։  «Փաստաբանների հարկումը ես այս նույն շղթայի մեջ եմ տեսնում։ Սա ուղղակի միջոց է, որ փաստաբանները մի քիչ ավելի վերահսկելի լինեն։ Փաստաբանները հիմա պրոբլեմ են պետության համար», - ասում է Շ․Ի․-ն։ գործադուլ Մայիսի 21-ին գործադուլ հայտարարած փաստաբաններն անկեղծանում էին՝ «առաջին հերթին կտուժի քաղաքացին, քանի որ ինքն է վճարելու ավելացված արժեքի հարկն այնպես, ինչպես հիմա վճարում է, օրինակ, խանութում տարբեր ապրանքներ գնելիս»։ Այսինքն, ոչ թե իրենց եկամուտներն են կրճատվելու, այլ ծառայությունների գինն էլ ավելի է բարձրանալու։ Ըստ գործադուլավորների՝ իրենց ծառայությունների ինքնարժեքը կավելանա 38 և ավելի տոկոսով, անվճար խորհրդատվություններ և ծառայություններ այլևս չեն լինի։  Օմբուդսմենը, Արդարադատության նախարարությունը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք են ներկայացրել։ Կառավարությունը հաստատել է այն և ուղարկել խորհրդարան։ Նոր տարիֆները անհասանելի են լինելու ավելի մեծ խմբի մարդկանց համար։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով, ամբողջ բեռը մնալու է Հանրային պաշտպանի գրասենյակի՝ անվճար փաստաբանների վրա։ Հանրային պաշտպանի գրասենյակը սուբսիդավորվում է պետության կողմից։ Անվճար փաստաբանները 95-ն են, բոլորն էլ աշխատում են գերծանրաբեռնված (միաժամանակ 70 և ավել գործ են վարում) և, ըստ տարածված կարծիքի, ոչ այնքան ներգրավված։ Նրանց ծառայություններից, թերևս, ոչ բոլորն իրավունք ունեն օգտվել։ «Հայաստանում, որտեղ բնակչության 25 տոկոսը ծայրահեղ աղքատ է, արդարադատությունը մատչելի չէ, որովհետև բարձրացվել են պետական տուրքերը։ Երբ այդ տուրքերը ավելացնում էին, պատճառաբանում էին, որ պետք է բեռնաթափել դատարանները, որ մարդիկ տեղին-անտեղին չդիմեն։ Ենթադրում եմ, որ նույն տրամաբանությունը գործում է նաև այստեղ», - Մեդիա կենտրոնում կազմակերպված ասուլիսին ասում էր Կարապետյանցը։ Ասուլիսի մասնակից Արթուր Սաքունցն էլ սպառնում էր՝ եթե փոփոխությունն ընդունվի, իրենք բողոքի նոտաներ կուղարկեն միջազգային կառույցներին։ ՀԿ-ների ողբերգությունը Կարապետյանցը ասուլիսին նշել է, որ հասարակական կազմակերպությունների տրամադրած իրավաբանական և փաստաբանական ծառայությունները քաղաքացիների համար անվճար են։ Հիմնականում այդ ծախսերը ծածկվում են գրանտային միջոցներով։ Կարապետյանցը, ամեն դեպքում, վստահեցնում էր՝ հաճախ դոնորներն էլ գումար չեն տալիս։ Իրավապաշտպան կառույցներում աշխատող փաստաբանները, ըստ նրա, «բառացիորեն անվճար փաստաբանական աջակցություն են տրամադրում»՝ կոնսուլտացիաներ և այլն։ «Իրավապաշտպան կազմակերպությունների համար սա ընդհանրապես ողբերգություն է», - կարծում է Հելսինկյան ասոցացիայի ղեկավարը։  Նա պնդում է, որ այս օրենքով կոնսուլտացիաները ևս հարկվելու են, սակայն չի բացատրում, թե ինչպես է հարկվելու անվճար ծառայությունը։ Ավելին՝ չի նշվում, թե ինչու գրանցված աշխատակիցների համար ՀԿ-ն պետք է ԱԱՀ վճարի։ Փաստաբան Շ․Ի․-ն բացատրում է՝ փաստաբանները սովորաբար գրանցվում են որպես անհատ ձեռներեցներ, հասարակական կազմակերպություններում գրանցվում են որպես 0,25 դրույքով աշխատակից, մնացած վարձատրությունը ձևակերպվում է ԱՁ-ով։ Այդպիսով նրանք վճարում են 5 տոկոս հարկ + դրոշմանիշային վճարներ։ Նա մտահոգություն է հայտնում, որ այս օրենքը կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ Քանի որ մարդիկ մեծամասամբ պատահական փաստաբանի չեն դիմում, այլ դիմում են ծանոթի կամ բարեկամի ծանոթի, փաստաբանները կարող են պայմանագիր չկնքել ու վարձատրությունը կանխիկով վերցնել․ «Ու այստեղ կարա հակառակ էֆֆեկտը լինի, այսինքն պետությունը ավելի քիչ հարկ ստանա, քան հիմա»։

ԱՁ եմ՝ ես եմ ինձ տանջում

ԱՁ եմ՝ ես եմ ինձ տանջում

Աշխատողների հետ կնքելով ոչ թե աշխատանային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր՝ գործատուն խուսափում է բարձր հարկերից և թղթաբանությունից. հարկերի մասին հոգում է աշխատողը

Ֆիսկալ առումով «անհետաքրքիր» խոպանչիները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը

Ֆիսկալ առումով «անհետաքրքիր» խոպանչիները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը

Խոպանչիները պահանջում են հետ կանչել նոր կարգավորումները, ըստ որոնց արտագնա աշխատողները Ռուսաստանում ստացած օրինական եկամուտից Հայաստանում պետք է 8 տոկոս հարկ վճարեն․ Երևան-Մարտունի մայրուղին առավոտից փակ էր, ՊԵԿ նախագահի հայտարարություններից և Գեղարքունիքի մարզպետի ժամանումից հետո այն առժամանակ բացվեց։ Մայրուղուն կիլոմետրերով ձգվող խցանումներ էին։ Տղամարդիկ բողոքում էին՝ լավ օրից չէ, որ խոպան են գնում։ Ինչի համար պիտի կրկնակի հարկվեն՝ հավաքվածներից ոչ մեկ չէր հասկանում։ Ռուսաստանում աշխատողներն այնտեղ եկամտահարկ են վճարում 13 տոկոսի չափով։ Հայաստանում եկամտահարկի դրույքաչափն ավելի բարձր է՝ 21 տոկոս։ Նրանցից այդ 8 տոկոսի տարբերությունն են պահանջում։ Կարգավորումը վերաբերում է միայն այն մարդկանց, որոնք արտերկրում աշխատել են 6 ամսից պակաս: «ՊԵԿ-ի նամակի մեջ գրված է, որ Ռուսաստանում գանձել են 21 տոկոս հարկի 13 տոկոսը, այսինքն՝ 2022 թվից 70 հազար ռուբլի ես այնտեղ արդեն վճարել եմ։ Հիմա ես պետք է այստեղ էլ վճարեմ՝ 230 հազար դրամ։ Մի տարուց ավել է անցել, նոր-նոր իրենք մեզ ծանուցում են ուղարկել։ Էտ ծանուցման մեջ գրված է, որ մենք մի բան էլ ավել՝ 100 հազար դրամ ավել պետք է վճարենք։ Ինչի՞ համար վճարենք։ Շտաֆը որ շտրաֆ է՝ վարորդին տեղեկացնում են, ծանուցում ստանալուց հետո է միայն հաշվարկվում։ Խի՞ են իրենք մի տարուց հետո մեզ ծանուցել, 100 հազար դրամի էլ ակտ են դրել մեր վրան», - ասել է ցուցարարներից մեկը։ «Ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ ունենք, ոչ մի բան չունենք մենք։ Հիմա պետք է էլի էթամ Ռուսաստան, աշխատեմ, որ բերեմ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլը իրա էն պետական սամալյոտով թռնի Դուբայ։ Արա, էսքան մարդ ստեղ Ռուսաստանի շնորհիվ է ապրում», - հավելել է մյուսը։ Ռուսաստան մեկնողներին Հայաստանը ո՛չ աշխատանքով է ապահովում, ո՛չ բժշկական ապահովագրությամբ, ո՛չ էլ մնալու տեղով։ Ինչի՞ համար են նրանց այստեղ հարկում։ Պետեկամուտների կոմիտեից բացատրել են՝ որոշումը բխում է ԱՊՀ երկրների միջև 2018-ին կնքված և 2020-ին Հայաստանում վավերացված համաձայնագրից և ԵԱՏՄ կարգավորումներից։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բասայանը խորհուրդ է տվել «սթրեսի չենթարկվել»՝ «ֆիսկալ առումով սա իրենց համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում»։ «Քանի որ հարցը բարձրացվել է ոչ թե գործող կարգավորումների, այլ արդարացիության տեսանկյունից, ես կարծում եմ, որ եկամուտների որոշ տեսակների մասով և որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, որը Հարկային օրենսգրքի փոփոխություն է ենթադրում», - լրագրողների հետ զրույցում ասել է Բադասյանը։ Վերջին օրերին բարձրացրած մեծ աղմուկից հետո պաշտոնյան հավաստիացրել է՝ այժմ քննարկումներ են ընթանում, մինչ այդ վարչարարություն չեն իրականացնելու: ՊԵԿ նախագահի խոսքերը ցուցարարներին փոխանցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Վաղ առավոտյան փակված ճանապարհը երեկոյան 6-ից հետո է բացվել։ Ցուցարարները որոշել են սպասել, ասում են՝ եթե քննարկումների արդյունքներն իրենց սրտով չլինեն, կրկին փողոց են դուրս գալու։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով ՌԴ-ում 49 հազար 384 հայաստանցի է աշխատել: Ավելի քան 1000 մարդ արդեն պարտքերի մասին նամակ է ստացել ՊԵԿ-ից, պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 187 միլիոն դրամ է։ Չնայած ԱՊՀ երկրների միջև հարկային տեղեկությունների փոխանակման համաձայնագիրը 2020-ին է վավերացվել, արտագնա աշխատողներին Հայաստանի ՊԵԿ-ը պարտքի մասին սկսել է ծանուցել 3 տարից անց՝ 2023-ից։ Հիմնվելով այս պայմանագրի և դրա շրջանակներում ստացվող տեղեկությունների վրա՝ ՊԵԿ-ը հաշվարկել է հարկային տարբերությունը (Ռուսաստանի դեպքում՝ 8 տոկոս) և սկսել այն պահանջել։ Ռուսաստանում 6 ամսից քիչ աշխատած մարդը 30 տոկոս է հարկվում, իսկ 6 ամսից ավել աշխատածները՝ 13։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի 73-րդ հոդվածի, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին առաջին օրից հարկում է ինչպես ռեզիդենտների։ Այստեղ մի շարք խնդիրներ են առաջանում։ Համաձայնագրային և այլ նրբությունների մասին հարկային մարմինը ոչ մեկին պատշաճ չի ծանուցել, հիմա էլ ասում է՝ «դու պարտավոր էիք իմանալ, բայց չգիտեիք, ու հարկային խախտում եք արել, հետևաբար՝ յուրաքանչյուր չվճարված օրվա համար նաև 0,04 տոկոս տույժ ես պարտավոր վճարել»: Թե հայ խոպանչիները որտեղի՞ց պետք է սրա մասին իմանային և ինչպե՞ս են ինքնուրույն, առանց հաշվապահի օգնության, հաշվարկելու բազմաաստիճան այս հարկերը, տուժերը, ինչպես են դրանք էլեկտրոնային եղանակով գրացնելու և փոխանցումներ անելու՝ ոչ ոք չգիտի