2026, 2 June, Tuesday
Tag

#ղարաբաղյան քաղաքականություն

Բաբայանը չեղարկում է հանրահավաքը. Կիևը մերժում է Ղարաբաղի նոր նախագահին

Բաբայանը չեղարկում է հանրահավաքը. Կիևը մերժում է Ղարաբաղի նոր նախագահին

Սամվել Շահրամանյանն այսօր ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ։ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական էր ներկայացրել, «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին ընտրում էր խորհրդարանը։ ԼՂ Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը, այդ թվում՝ իշխող ուժը, նախագահի պաշտոնում առաջադրել էին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Շահրամանյանը Ադրբեջանի հետ մարտին տեղի ունեցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Մամուլը նրան կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի (նաև Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական դաշինքի) հետ։ Խորհրդարանական երկրորդ ուժը՝ ընդդիմադիր «Միասնական հայրենիքը» առաջադրել էր ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, բայց առաջադրման դիմումը չէր ընդունվել։ Բաբայանի թիմակիցները հանրահավաք էին հրավիրել, որը հետագայում չեղարկվել է։ «Երեկ ուշ երեկոյան նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի։ Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»», - տեղեկացրել է Սամվել Բաբայանը։ Ընդդիմադիր գործիչը հավելել է՝ «Արցախի ճակատագրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը»։ Բաքուն, Անկարան և Կիևը դատապարտում են, Բրյուսելը չի ճանաչում Նոր նախագահի ընտրությունը դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարությունները։ Եվրամիությունը հայտարարել է՝ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը: Բաքուն հայտարարել է, թե «այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին»:  Անկարայից հավելել են՝ ընտրությունները «լեգիտիմ չեն», «խախտում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը», դրանք «անցկացվել են մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ձգտում են շարունակել խաղաղ բանակցությունները» և նպատակ ունեն «խաթարել այդ փորձերը»։ Կիևը աջակցություն է հայտնել Ադրբեջանին․ «Դատապարտում ենք այսպես կոչված «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում», դրանք «հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», «արդյունքներն առ ոչինչ են»։ Եվրամիությունից հայտարարել են՝ ընտրությունների իրավական շրջանակը չեն ճանաչում, բայց և «հավատում են, որ կարևոր է Ղարաբաղի հայերի համար համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարողություն և կամք ունի ներգրավվելու Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին»։ Նոր նախագահն ինչ-որ բաներ է առաջարկում Թե ինչո՞ւ պաշարված Լեռնային Ղարաբաղի նախագահը որոշել հրաժարական ներկայացնել, ի՞նչ է փոխելու նոր նախագահի ընտրությունը, ինչո՞վ է պայմանավորված ճգնաժամային այս իրավիճակում իշխանափոխություն անելու որոշումը՝ պարզ չէ։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե հոժարակամ է հեռացել։ Նրա ընդդիմախոսները պնդում են, որ նախկին նախագահը հրաժարական է տվել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, նրանց աջակցող ուժայինների և կուսակցությունների ճնշման ներքո։ տե՛ս Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել Նոր վարչակազմը ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր չի ներկայացնում։  Արդեն երեք ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է, Ադրբեջանը նույնիսկ հումանիտար բեռների մուտքն է արգելում։ Բաքվի կարճաժամկետ նպատակն է՝ Ղարաբաղի ենթակառուցվածները կապել Ադրբեջանին, գործարկել Աղդամի ճանապարհը։ Եկարաժամկետ նպատակը հարկադիր հպատակեցումն է՝ «ինտեգրացիան»։ Ստեփանակերտում այս հեռանկարը մերժում են։ տե՛ս Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվամ առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը Նոր նախագահն խորհրդարանում այսօր ելույթ է ունեցել և հայտարարել․ — Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, — Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, — այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին: — Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է լինեն, — ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, — Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ: Թե ինչպե՞ս է ղարաբաղյան կողմը հասնելու նախագահի հռչակած սկզբունքների իրագործմանը՝ պարզ չէ։ Բաքուն նույնիսկ երրորդ երկրի/երկրների երաշխավորությամբ բանակցություններն է կտրականապես մերժում՝ սպառնալով ռազմական գործոնով։ Վերջին օրերին Ադրբեջանը մեծաթիվ զորք և զինուժ է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով։ Հայկական կողմերը ահազանգում են՝ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիայի է նախապատրաստվում։ տե՛ս Զորքերի կուտակումների մասին Երևանից զանգում են Հայաստանի կառավարությունը նախագահի ընտրությունները չի մեկնաբանել, փոխարենը հաղորդել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, Ֆրասիայի նախագահի, Վրաստանի վարչապետի և Իրանի նախագահի հետ։ Դատելով հաղորագրություններից, քննարկումները հիմնականում «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման», «իրավիճակի հետագա սրման անթույլատրելիության», «սահմանին լարվածության աճի միտումների», Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ են եղել։

Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական է տալու։ Արցախի «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին առաջիկայում ընտրելու է խորհրդարանը։ Թեկնածուների անունները չեն հրապարակվում։ Հրաժարականի իր տեքստում Հարությունյանը տեղեկացրել է՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ, որը վերջին շրջանում համակարգում էր Ստեփանակերտի հրապարակում հրավիրվող կառավարական հանրահավաքները, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նոր պետնախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը, որը Ադրբեջանի հետ մարտին տեղի ուենցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Շահրամանյանին մամուլը կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ռուբեն Վարդանյանն ու նախկինները Արդեն մոտ երկու շաբաթ է՝ խոսվում է Հարությունյանի հրաժարականի մասին։ Հարությունյանի վրա ճնշում էր գործադրում նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի կոալիցիան։ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուց և Արցախ տեղափոխվելուց հետո միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր նշանակվել հենց Արայիկ Հարությունյանի կողմից, կարճ ժամանակ անց պաշտոնանկ էր արվել (այդ թվում նաև ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով) և տեղափոխվել ընդդիմություն։ Չնայած հրաժարականի իր տեքստում Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ հոժարակամ է գնացել այս քայլին, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վստահ է՝ որոշումը կամավոր չէր։ «Վերջին շրջանում Հարությունյանի նկատմամբ բավականին լուրջ ճնշում կար տարբեր կողմերից, և բևեռներից մեկը հասավ, մեծ հաշվով, իր նպատակին։ Այդ բևեռի կարկառուն դեմքերն են Արցախի նախկին նախագահները՝ Բակո Սակահյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, որը  այդ բևեռը ստեղծելու գործում լուրջ ներդրում ունի։ Պաշտոնից ազատումից հետո՝ փետրվարին, նա ակտիվ ներքաղաքական գործունեությամբ սկսվեց զբաղվել և կոնսոլիդացրեց այդ բոլոր ուժերին, այսինքն՝ նախկին նախագահներին, նրանց շրջապատում գտնվող ուժայիններին և խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցություններին։ Հիմա այս խմբի պահանջով, կարելի է ասել, Արայիկ Հարությունյանը գնաց այդ որոշմանը», - «Ազատության» հետ զրույցում նշել է Գրիգորյանը։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանի զուգահեռ պաշտոնանկության մեջ քաղաքագետը ակնարկներ չի փնտրում («Ներսիսյանը առանձին քաղաքական միավոր չէ Արցախում»), առավել կարևոր է համարում նախկին վարչակազմի հետ ուղղակիորեն կապված Սամվել Շահրամանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում․ «Սամվել Շահրամանյանը ևս ինքնուրույն գործիչ չէ, ինքնուրույն միավոր չէ, նա հենց այս շրջանակը ներկայացնող դեմքերից մեկն է։ Բակո Սահակյանի նախագահության տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, մինչև պատերազմը ևս նախարար է եղել, և այս նշանակումը եթե տեղի ունենա, կամ ընտրությունը պետք է Ազգային ժողովը կատարի, եթե նրան ընտրեն նաև նախագահի պաշտոնում, որովհետև կան նաև այդպիսի լուրեր, ապա նշանակում է, որ Արցախում կառավարումը արդեն իսկ իրականացվելու է կոլեգիալ սկզբունքով, այսինքն՝ ստեղծվելու է ինչ-որ մի ոչ ֆորմալ խումբ, կառույց, որը ևս մեծ հաշվով իրականացնելու է բոլոր որոշումների կայացումը»։ Ղարաբաղում արդեն տևական ժամանակ է՝ լարված ներքաղաքական պայքար է ընթանում․ մի կողմից Արայիկ Հարությունյանն էր, մյուս կողմից՝ Վարդանյան-Սահակյան-Ղուկասյանը, երրորդից՝ Սամվել Բաբայանը։ Օգոստոսին իշխանության վրա ճնշումների հանգեցրեցին Ազգային ժողովի նախագահի փոփոխությանը․ Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժի ներկայացուցիչը հրաժարական ներկայացրեց, նրան փոխարինեց խորհրդարանական փոքրամասնության՝ «Դաշնակցության» ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Իշխանյանի կարիերային աճը նույնպես կապվում էր նախկին նախագահների ձևավորած բևեռի հետ։ պայքար հայաստանյան աթոռների համար «Իշխանությունը ընդդիմությանը բերեց իշխանության». խորհրդարանի նախագահի փոփոխությունը այսպես էին մեկնաբանում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրեինք» կուսակցությունում։ «Միասնական հայրենիքը» Ղարաբաղի խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժն է, որն այս քննադատում է նախկին նախագահների ձևավորած բևեռի մերկապարանոց հայրենասիրությունը և Արայիկ Հարությունյանի անգործությունը։ Գրեթե 9 ամիս՝ շրջափակված, երկուսուկես ամիս՝ ամբողջությամբ պաշարված Լեռնային Ղարաբաղում, այժմ իշխանափոխություն է տեղի ունենում։ Արայիկ Հարությունյանը, որը վերջին շրջանում անպտուղ խորհրդակցություններ էր անում Աղդամի ճանապարհի, (ադրբեջանական և ռուսական) ինտեգրացիոն առաջարկների վերաբերյալ դիրքորոշում մշակելու համար, հեռանում է։ Աղդամի ճանապարհը փակ է մնում, Լաչինի ճանապարհը չի էլ բացվելու։ Նախկին նախագահների դաշինքի ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններում քննադատում են զիջումները՝ հստակ ծրագիր չառաջարկելով։ Երրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը, մինչ այդ, առաջարկում է հրաժարվել պատրիոտիկ կենացներից և գնալ Ադրբեջանի հետ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսության։ Բաբայանը վստահ է՝ ստեղծված իրավիճակում կետային լուծումներ լինել այլևս չեն կարող։ Փաթեթային լուծման շրջանակներում էլ պետք է որոշում կայացվի՝ Արցախ միաժամանակ բեռներ մտնեն և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով, պետք է անդրադարձ լինի Արցախի հետագա կարգավիճակի հարցին, այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխիքներին։ Բակո Սահակյան-Արկադի Ղուկասյան-Ռուբեն Վարդանյանի դաշինքի գործողությունները Սամվել Բաբայանի աջակիցները ներկայացնում են որպես պայքար ոչ այնքան Արցախում, որքան հենց Հայաստանում իշխանություն ստանալու համար։ «2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։ Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։ <․․․> Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից», - օրեր առաջ գրել էր «Միասնական հայերնիք» կուսակցությունը՝ ահազանգելով՝ նախագահին հրաժարական են պարտադրում։