Ֆրանսիայում 6/7 սերունդն անում է «68-ի հեղափոխությունից»
Դպրոցականների շարժումը Ֆրանսիայում նշանավորում է մակրոնիզմի ավարտը։ 2017 թվականին իշխանության գալուց հետո Էմանուել Մակրոնի կառավարությունը սիստեմատիկ կրճատել է հանրային ծախսերը։ Ֆրանսիացի տնտեսագետ Թոմա Պիկետին նշում է, որ անցած տասը տարիների ընթացքում կրթության ֆինանսավորումը մեկ աշակերտի հաշվով նվազել է մոտ 20 տոկոսով։
Խնայողությունն արվել է անհամաչափ. աղքատ արվարձանների դպրոցների բյուջեներն ավելի շատ են կրճատվել, քան էլիտար թաղամասերի կիսամասնավոր լիցեյներինը։ Աղքատ շրջանների հանրային դպրոցներն անմխիթար վիճակում են, ուսուցիչները ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան, օրինակ, Փարիզի հարուստ թաղամասերում։ Ռեգիոններում ուսուցիչների դեֆիցիտ է։ Սեն-Դենի արվարձանում, օրինակ, աշակերտը կարող է մի ամբողջ ուսումնական տարի կորցնել զուտ այն պատճառով, որ բացակայող ուսուցիչներին փոխարինողներ չեն նշանակվում։
Անցած հունիսին՝ քննությունների շրջանում, Ֆրանսիայում սկսված շոգի ալիքը հատկապես ընդգծեց դպրոցական շենքերի անմխիթար վիճակը։ Դասասենյակներում սաստիկ շոգ էր, օդորակիչներ չկան։ Ձմռան ցրտին խնայում են ջեռուցման վրա։ Համատարած խնդիրներ կան հին շենքերի կոյուղիների և զուգարանների հետ։
Ուսանողները դժգոհում են նաև 2018 թվականին ներդրված Parcoursup քննական հարթակից, որի միջոցով շրջանավարտները դիմում են բուհեր։ Բարենպաստ պայմաններում սովորածները մրցակցային առավելություն են ստանում նաև համալսարան ընդունվելիս։
Իշխանությունները չեն պատրաստվում բարեփոխել կրթական համակարգը՝ պատճառաբանելով, որ Ֆրանսիայի պետական պարտքն արդեն գերազանցում է ՀՆԱ-ն, և երկրի տնտեսությունը մոտ է կոլապսի։ Բողոքող ուսանողները հակադարձում են՝ այո, պետական պարտքը աճել է, բայց աճել է նաև մասնավոր հարստությունը, գերհարուստներին հարկելու փոխարեն կառավարությունը խորացնում է խստամբերությունը։ Մասնավոր հարստությունը հասել է ՀՆԱ-ի 600 տոկոսին։ Տնտեսագետ Գաբրիել Ցուկմանի գնահատմամբ՝ 500 ամենահարուստ ընտանիքների կարողությունը 2024-ին համարժեք էր ՀՆԱ-ի մոտ 42 տոկոսին։ Անցած երկու տարվա ընթացքում այս թիվը շարունակել է աճել։ Ֆրանսիան երբեք այնքան հարուստ չի եղել, որքան հիմա է։ Խնդիրը ռեսուրսների բաշխման մեջ է։
Որակյալ հանրային կրթության պահանջով ցույցերը կարճ ժամանակում վերածվել են ընդհանուր սոցիալական բունտի՝ ընդդեմ համատարած թանկացումների և հանրային ծառայությունների անհասանելիության։ Ըստ ցուցարարների, Փարիզում մարդիկ չեն կարողանում հոգալ առօրյա ծախսերը անգամ օրնիբուն աշխատելով։ Գներն աճում են ավելի արագ, քան աշխատավարձերը։
Ցույցերը կուլմինացիային են հասել հոկտեմբերի 17-ին․ այդ օրը տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել 550 հազարից (ըստ Ֆրանսիայի ՆԳ նախարարի) 800 հազար (ըստ երիտասարդական կազմակերպությունների) մարդ։
Կառավարությունն արձագանքել է ոստիկանական բռնությամբ։ Նախորդ օրերի պես՝ ցուցարարների դեմ կիրառվել են գնդիկավոր և լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այլն։ Նռնակների պայթյուններից երկու դպրոցականներ կորցրել են դաստակը, անչափահաս ցուցարարներից մեկը աչքի ծանր վնասվածք է ստացել։ Հոկտեմբերի 18-ին չպարզված հանգամանքներում մահացել է երիտասարդ մի ցուցարար․ պաշտոնական բացատրությունը սրտի կանգն է։
Խաղաղ բողոքը տարբեր քաղաքներում ուղեկցվել են անկարգություններով և մարադյորություններով։ Հոկտեմբերի 17-ին և 18-ին Մարսելում խանութներ են թալանվել, ինչ-որ մարդիկ մտել են քաղաքապետարանի շենք։ Լիոնում տուրիստական բյուրո են վառել, թալանել են բռենդային որոշ խանութներ։ Գրենոբլում և Լիլում վնասվել է քաղաքապետարանի շենքը։ Տուլոնում ոստիկաններ են տուժել։ Կաննում մտել են ոստիկանական բաժանմունք, վնասվել են մեքենաներ։ Բորդոյում հարձակվել են Նոր Ակվիտանիայի և Ժիրոնդայի պրեֆեկտի պաշտոնական նստավայրի վրա։ Լիմոնժում հրդեհել են պատմական ժառանգություն ճանաչված քաղաքապետարանի շենքը։ Ոստիկանության հետ բախումներ են եղել նաև այլ քաղաքներում։
Վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն հայտարարել է, թե պետությունը միջոցներ կհատկացնի տուժած շրջանների վերականգնման համար, ընդ որում՝ դրա մի մասը կվճարեն «անկարգություններ հրահրողները»։ «Պետք է ընդունել օրենք, որը կպարտավորեցնի, որ գույքը վնասողները ֆինանսական պատասխանատվություն կրեն», — ասել է նա։
Հոկտեմբերի երկրորդ շաբաթվա դրությամբ գրեթե յոթ հազար մարդ է բերման ենթարկվել (86 տոկոսը` անչափահասներ)։ Եվս 1200 ցուցարար ձերբակալվել է հոկտեմբերի 17-ին։ Սա գերազանցում է անգամ «դեղին բաճկոնների» շարժման տասը ամիսների ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը։
Մակրոնի թիմը հույս ունի, որ աշնանային արձակուրդների ժամանակ բողոքի ցույցերը կմարեն։ Ցուցարարները, սակայն, արդեն հայտարարել են նոյեմբերի 5-ին սպասվող մեծ ակցիայի մասին։
Ով կմատերալիզացնի հանրային ցասումը
Ֆրանսիայում նախագահական ընտրություններին մի քանի ամիս է մնացել։
Քվեարկության առաջին փուլը սպասվում է 2027-ի ապրիլի 18-ին։ Եթե թեկնածուներից ոչ ոք բացարձակ մեծամասնություն չապահովի, ընտրությունների երկրորդ փուլը կլինի մայիսի 2-ին։
Մրցակցությունը Մարին Լը Պենի «Ազգային միավորում» (Rassemblement National) ծայրահեղ աջ կուսակցության, Ժան-Լյուկ Մելանշոնի «Անհնազանդ Ֆրանսիա» (La France insoumise) ձախական շարժման, նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպի կենտրոնամետ «Հորիզոններ» կուսակցության, Ռաֆայել Գլյուքսմանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Գաբրիել Ատալի «Վերածնունդ» (Renaissance) ցենտրիստական կուսակցության միջև է։
Ժան-Լյուկ Մելանշոնի թիմը ցույցերի ամենասկզբից միացել է ուսանողներին։ Կուսակցությունը շարժմանը միանալու կոչեր է արել և դատապարտել ոստիկանական բռնությունը։ Ուսանողական բողոքին ընթացս միացել են նաև որոշ ազդեցիկ արհմիություններ և «դեղին բաճկոնների» շարժման անդամներ։ Գործող իշխանությունները (և որոշ ընդդիմադիրներ) ձախերին, մասնավորապես՝ Մելանշոնի «Անհնազանդ Ֆրանսիային», մեղադրել են անհնազանդություններ հրահրելու և դպրոցականների բողոքը քաղաքականացնելու մեջ։
Մարին Լը Պենը և նրա թիմակիցները հարաբերականորեն չեզոք դիրք են որդեգրել՝ ստեղծված ճգնաժամում մեղադրելով նախագահ Մակրոնին, որի հակառեյտինգը նոր ռեկորդներ է սահմանում այս օրերին։ Աջերը պնդում են, որ հասարակական կարգի վերականգնումը կարևոր է, և մեղադրում իրավապահ մարմիններին թերանալու մեջ։
«Կենտրոնամետ» Էդուար Ֆիլիպը ավելի հեռուն է գնացել․ նա դեմ է անկարգություններին և կոչ է անում պատասխանատվության ենթարկել անձամբ Մելանշոնին։
Ֆրանսիան վերջին տարիներին բախվում է լուրջ ֆինանսական և բյուջետային խնդիրների. պետական պարտքի աճ, բյուջեի պակասուրդ, տնտեսական աճի դանդաղում, սոցիալական ծառայությունների կրճատում։ 2025 թվականի վերջին Ֆրանսիայի պետական պարտքը հասել էր շուրջ 3.46 տրիլիոն եվրոյի՝ կազմելով ՀՆԱ-ի 115.6 տոկոսը, իսկ բյուջեի պակասուրդը՝ ՀՆԱ-ի 5.1 տոկոսը։ Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ Ֆրանսիան, ի տարբերություն ԱՄՆ-ի, չի կարող ինքնուրույն վերահսկել իր արժույթի թողարկումն ու դրամավարկային քաղաքականությունը, քանի որ գործող դրամը եվրոն է, որը տպվում է միայն Եվրոպական կենտրոնական բանկում։
Մելանշոնն առաջարկում է Ֆրանսիայի կենտրոնական բանկում (Banque de France) պահվող պետական պարտատոմսերը վերածել «հավերժական պարտատոմսերի»՝ առանց մարման վերջնաժամկետի, հնարավորինս ցածր տոկոսադրույքով։ Պետությունը, ըստ նրա, չպետք է սոցիալական ծախսերը կրճատի՝ ֆինանսական շուկաների առջև պարտավորությունները սպասարկելու համար, երբ պարտքի մի մասը պահում է հանրային ինստիտուտը։ Վերանայելով պարտատոմսերի թողարկման և սպասարկման քաղաքականությունը՝ կառավարությունը, ըստ նրա, կխուսափի խստամբերության խորացումից և կկարողանա կատարել իր սոցիալական պարտականությունները։
Մարին Լը Պենի առաջարկը ուղիղ հակադիր է։ Պետական ծախսերը, ըստ նրա, պիտի կրճատվեն 140 միլիարդով, որպեսզի 18 ամսվա ընթացքում հնարավոր լինի հասնել առաջնային բյուջետային հավասարակշռության։ Սոցիալական ծառայությունների կրճատման նրա օրակարգը առաջնահերթորեն կենտրոնանում է հակամիգրանտական նախաձեռնությունների վրա․ Լը Պենն նախատեսում է «ազգային առաջնահերթության» սկզբունքով կտրուկ սահմանափակել օտարերկրացիների հասանելիությունը սոցիալական նպաստներին, բնակարաններին, աշխատատեղերին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը բոլորի համար։ Զուգահեռաբար Լը Պենը շահագրգռում է բիզնեսին՝ խոստանալով կրճատել նաև հարկերը։ Սոցիալական խնայողություններն այստեղ արդարացվում են ազգային շահով․ Ֆրանսիան, ըստ աջերի, պետք է հնարավորինս նվազեցնի Բրյուսելի ազդեցությունը իր բյուջետային քաղաքականության վրա և կրճատի իր ներդրումը ԵՄ բյուջեում տարեկան մոտ 10-14 միլիարդ եվրոյով։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների, Լը Պենն այլևս չեն պահանջում Ֆրանսիայի դուրս գալը ԵՄ-ից («Frexit»), այլ պահանջում է ԵՄ քաղաքականության վերանայում և ազգային պետությունների ինքնավարության աճ։
Հոկտեմբերի 20-ին հրապարակված Ifop-Fiducial հարցման համաձայն, աջերի առաջնորդ Լը Պենի վարկանիշը շարունակում է աճել՝ հասնելով արդեն 34-38 տոկոսի։ Ձախերինը մոտավորապես նույնն է․ Մելանշոնի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 15-20 տոկոսը։ Սոցիալ դեմոկրատները 12-16, իսկ աջ կենտրոնամետները՝ մոտ 15 տոկոս վարկանիշ ունեն։ Մարին Լը Պենը համարվում է գալիք ընտրությունների ֆավորիտը։
- Լուսանկարներն Epress.am-ին տրամադրել է Էլիզա Մխիթարյանը