2026 թ. նոյեմբեր 12, հինգշաբթի

Վանաձորում կառավարման ճգնաժամը չի ընդհատվի նույնիսկ ընտրություններով

Վանաձորում 2021 թվականից կառավարման ճգնաժամ է. ավագանին չի աշխատում, որոշումներ չեն ընդունվում։ Բնակիչների դիմումները տարիներով առկախված են, քաղաքապետի ժ/պ-ն բյուջեն ծախսում է ֆլամենկո ոճի համերգներ ֆինանսավորելու վրա։ Կառավարությունը վերջերս որոշել է երկարացնել այս ճգնաժամը՝ հերթական ՏԻՄ ընտրությունները տեղափոխելով 2027 թվական։ Դա կազմակերպելու համար Վանաձորին են միացվել հարակից գյուղերը։

IMG_0232 (1).jpg

Արկադի Փելեշյանը

Ազգային ժողովը սեպտեմբերին փոփոխություններ է մտցրել համայնքների խոշորացման մասին օրենքում՝ Վանաձորին միացնելով արդեն խոշորացված Փամբակ համայնքը, որի կազմում ընդգրկված են 22 գյուղեր։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններն այսպես 2026-ի տարեվերջից տեղափոխվել են 2027 թվական։ Ըստ օրենքի, նոր ընտրությունների օրը որոշելու է Լոռվա մարզպետը։ Այդ պաշտոնը զբաղեցնող Արեն Մկրտչյանը համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավանական թեկնածուն գալիք ՏԻՄ ընտրություններում։

Վերջին հինգ տարիներին Վանաձորն առհասարակ ընտրված քաղաքապետ չունի։ 2022-ին Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարի ժ/պ է նշանակել «Հայաստանի սոցիալիստական կուսակցության» ներկայացուցիչ Արկադի Փելեշյանին, որը քաղաքում հայտնի է «ԱԿԱ» մականունով։

ԱԿԱ-ն ժամանակավոր պաշտոնավարում է արդեն 4 տարի։ Ինչպե՞ս։ Ըստ իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի՝ «իշխանության յուրացմամբ»։

2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին հաղթել էր նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դաշինքը: Ենթադրվում էր, որ այն կոալիցիա կկազմի ընդդիմադիր այլ ուժերի՝ օրինակ, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» ու Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցությունների հետ, և Ասլանյանը կվերընտրվի։ Բայց ընտրություններից անմիջապես հետո նրան կալանավորեցին՝ մեղադրելով համայնքային հողերը կեղծիքներով օտարելու մեջ։

Եթե ավագանու նիստ գումարվեր, ՔՊ-ն, ամեն դեպքում, շանսեր չէր ունենա։ Բայց ավագանու նիստ այդպես էլ չգումարվեց, քանի որ ի հայտ եկավ «Լուսավոր Հայաստանի» անհասկանալի դատական հայցը, որով ավագանի չանցած ուժը վիճարկում էր ընտրությունների արդյունքները՝ պահանջելով ընդամենը մեկ մանդատ։ Այդ հայցի հիմքով ավագանու նկատմամբ կիրառվեց արգելանք․ քանի դեռ դատարանի որոշում չկար, այն չէր կարող նիստ գումարել և ընտրել քաղաքապետ։

IMG_0235 (1).jpg

Արեն Մկրտչյանը

Մոտ երկու տարի ԼՀԿ-ն դատական մի ատյանից մյուսն էր գնում՝ սաբոտաժի ենթարկելով ավագանու աշխատանքը։ Կառավարությունն այդ ընթացքում հասցրեց օրենք փոխել և Վանաձորի համայնքապետի ժ/պ նշանակել ԱԿԱ-ին՝ նախկին մաֆիոզ, «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին անդամ, «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկին անդամ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նախկին տեղակալ (2017) Արկադի Փելեշյանին։ 

Ինչո՞ւ հենց նրան, այլ ոչ թե, օրինակ, ՔՊ-ի թեկնածուին։ «Որ ասեն՝ տեսեք, մենք ոչ թե մերոնցից մեկին ենք նշանակում, այլ չեզոք մարդու, որը քաղաքապետի տեղակալ է եղել ժամանակին և պոպուլյար է քաղաքում», — Epress.am-ին ասել էր իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանը։

Փելեշյանը մոտ 5 հազար աջակից-հետևորդ ունի, անկախ նրանից, թե ինչ կուսակցություն է ներկայացնում, այս մարդիկ սովորաբար ընտրում են իրեն։ Առաջ ԱԿԱ-ն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվում հիմնականում մարդ ծեծելու համար․ օրինակ, հարբած վիճակում ծեծել էր մթերային խանութի վաճառողին, ընտրակաշառքի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծել էր Վանաձորի ավետարանչական եկեղեցու հոգևոր առաջնորդին։ Քաղաքում նրան սիրում են ոչ թե «աշխատավորական սոցիալիստական» գաղափարների, այլ ոչ ֆորմալ բարեգործության համար։ Որպես տեղական մեծահարուստ՝ նա օգնում է կարիքավորներին, մասնավորապես, ընտրություններից առաջ։ ԱԿԱ-ն միշտ աշխատում է և՛ նախկինների, և՛ ներկաների հետ, կապեր ունի քաղաքական տարբեր ճամբարներում, ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի մտերիմն է, նրա երեխաների քավորը։

IMG_0223 (1).jpg 

Հետընտրական առաջին տարիներին համայնքապետ չէր ընտրվում ԼՀԿ-ի անիմաստ հայցի պատճառով։ 2023-ի նոյեմբերին դատական բոլոր ատյանները սպառվեցին, հայցը համարվեց վերջնականապես մերժված։ Ենթադրվում էր, որ ավագանին նիստ կհրավիրի և վերջապես կընտրի քաղաքի ղեկավար։ 

Հենց այդ ժամանակ գործի անցավ Փելեշյանին առաջադրած «աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը», որը սկսեց բողոքարկել վճիռները՝ թույլ չտալով փակել արդեն ավարտված գործն ու ավագանուն անցնել լիարժեք աշխատանքի։ Սա գործընթացն արհեստականորեն կասեցնելու մարտավարություն էր, որն իրագործվում էր դատարանների միջոցով․ անբովանդակ հայցերն ուղղակի մերժելու փոխարեն տարբեր ատյաններ դրանք քննության էին առնում և մերժում միայն երկարատև «ուսումնասիրություններից» հետո։

2 (1).jpg

Ջիփսի Քինգս, Իվետա Մուկուչյան

Քաղաքը 5 տարի կանգնած է կառավարման փակուղու առաջ։ Սկզբանական շրջանում ավագանու նիստեր առհասարակ չէին լինում, հետո ավագանին սկսեց արտահերթ նիստեր գումարել տարին մեկ կամ երկու անգամ։ Վերջին այդպիսի նիստը մարտի 5-ին է եղել։

«Ընդդիմությունից երկու հոգի համաձայնվեց մասնակցել՝ խախտելով միասնական բոյկոտը։ Այդպես ՔՊ-ին և Փելեշյանին հաջողվեց քվորում ապահովել։ Մարտի 5-ի նիստով հնարավոր ամեն ինչ մտցրեցին՝ իմանալով, որ էլ նիստեր չեն լինելու», — Epress.am-ին ասել է Գևորգ Քոթանջյանը։

2026-ի հուլիսին Վճռաբեկ դատարանը մերժել է նաև «աշխատավորական սոցիալիստական» կուսակցության բողոքները, որոնք ի սկզբանե էլ իրավական հիմքեր չունեին․ «Այլևս չկա որևիցե բան, որից կարող են կառչել, բայց ավագանու նիստ միևնույն է չեն գումարում։ Մոտավոր երկու ամիս առաջ աշխատակազմի ղեկավարը պարտավոր էր համայնքապետի ընտրության օրակարգով նիստ գումարել։ Չի արել։ Չի էլ պլանավորում»։

Քաղաքում վարչարարական կոլապս է։ Նշանակովի քաղաքապետի գործունեությունը վերահսկող մարմին չկա։ Սուբվենցիոն ծրագրերը չեն կատարվում։ Կառավարման ճգնաժամը հարվածում է նաև քաղաքի բնակիչներին․ սեփականաշնորհման փաստաթուղթ ստանալու համար, օրինակ, հարկավոր է տարիներով սպասել։ Ավագանին հողային բալանս չի ընդունել, չկա նաև մշտական հանձնաժողով, որը կուսումնասիրի բնակիչների դիմումները։ Ստիպված սառեցրել են ամբողջ պրոցեսը, բազմաթիվ հայտեր մնացել են առկախված։

«Մյուս կողմից, կատարվող ծախսերը չեն համապատասխանում ընդունված բյուջեին։ Օրինակ՝ կան սուբվենցիոն ծրագրեր։ Բայց այդ գործն արվում է համայնքային միջոցների հաշվին։ Ստեղ համայնքն ունենում է մոտավորապես 250-300 միլիոն դրամի կորուստ։ Ենթադրենք՝ 500 միլիոնանոց ծրագիր է, 50 տոկոսը պիտի կառավարությունը տար։ Քանի որ փաստաթղթերը պատշաճ ձևակերպել չեն կարողանում, կառավարությունը չի կարողանում այդ ծրագիրը համաֆինանսավորել։ Բռնում, ամբողջությամբ համայնքի հաշվին են անում։ Կատարողականները հաստատելու ժամանակ ավագանու մոտ պիտի հարց առաջանար՝ ինչո՞ւ ունեցանք 23 միլիոն դոլարի կորուստ։ Բայց այդ հարցը չի առաջանա, քանի որ ավագանու նիստ չի գումարվի», — նշել է իրավապաշտպանը։

5 (1).jpg 

Ստեղծված իրավիճակը ենթադրում էր, որ ՏԻՄ ընտրությունները պետք է նշանակվեն ոչ թե սահմանված ժամկետից ուշ, այլ շուտ՝ արտահերթ։

«Փամբակը միացրեցին Վանաձորին, որպեսզի հետաձգեն նույնիսկ հերթական ընտրությունները։ Ըստ օրենքի, խոշորացման նախագիծն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Այսինքն՝ Փամբակ համայնք այլևս գոյություն չունի։ Եթե շատ խորանանք վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխված տարբերակի մեջ, կպարզենք, որ Վանաձորի ավագանու լիազորությունները ավարտվում են ոչ թե հիմա, այլ 2027-ի օգոստոսին։ Տեսականորեն, ընտրությունները կարող են նշանակվել ոչ թե 2027-ի տարեսկզբին, այլ տարեվերջին։ Իսկ մինչ այդ կառավարման ճգնաժամ է լինելու ոչ միայն Վանաձորում, այլ արդեն նաև Փամբակում։ Փամբակ ՏԻՄ-երը լուծարված են, Փամբակի փողերը գալիս են Վանաձոր, Փամբակը չի կարողանում ստանալ դոտացիա կամ սուբվենցիա, իսկ Վանաձորում անգամ ավագանու նիստեր չեն գումարվում, և համայնքապետի աշխատակազմը առաջնորդվում է նախքան խոշորացումը հաստատված ծրագրերով։ Խուսափելով Վանաձորի ճգնաժամը լուծելուց՝ կառավարությունը ճգնաժամ է ստեղծում նաև Փամբակում։ Խոսքը արդեն 150 հազար բնակչության մասին է», — ասել է Քոթանջյանը։

Խոշորացումից հետո, ի դեպ, Վանաձորը դարձել է Հայաստանի երկրորդ ամենամեծ համայնքը՝ բնակչության քանակով զիջելով միայն մայրաքաղաք Երևանին։

3 (1).jpg 

Քանի դեռ պարզ չէ, թե երբ են նոր ընտրություններ նշանակվելու, համայնքապետի ժ/պ Արկադի Փելեշյանը զբաղված է բյուջեն փոշիացնելով։ Նրա պաշտոնավարման վերջին ամիսները վերածվել են պերմանենտ տոնակատարության։ 

Անցած ամիս ԱԿԱ-ի թիմը որոշել է, որ Վանաձորը 200 տարեկան է։ Փելեշյանի խորհրդական Արման Բերնեցյանը արխիվներում գտել է 1971 թվականի ինչ-որ տեղեկագիրք, որի ծանոթագրություններում նշված է, թե Ղարաքիլիսին հին է։ Վանաձորի համայնքապետարանն այդ ծանոթագրությունը համարել է «անհերքելի փաստ», և քաղաքի 102-ամյակը փոխարինել 200-ամյակով։ Շուրջ 200 հազար դոլար է հատկացվել անսպասելի հոբելյանը նշելու վրա․ տոնական համերգ, նոր հուշամեդալներ, խորհրդանշաններ, ձևավորումներ։ 

«Բոմբոլեո» երգի համար 16 միլիոն դրամ են վճարել ֆլամենկոյի լեգենդ «Ջիփսի Քինգս»-ին, ևս 6 միլիոն՝ «Կարապետյանց» բենդին, 4.5 միլիոն՝ Իվետա Մուկուչյանին, 1.6 միլիոն՝ համերգավար Ռաֆայել Երանոսյանին։ Ավելի վաղ 8․5 միլիոն դրամ փոխանցվել է «Ֆաբրիք Լայթ» ընկերությանը՝ քաղաքի մուտքերն ու հրապարակը 200-ամյակի տարբերանշաններով, դրոշներով ու հերբով զարդարելու համար։ 8․5 միլիոնով քաղաքում ընդամենը մի երկու պաստառ է կախվել՝ Վանաձորը շրջապատող լեռների և քաղաքապետարանի պատկերով: