2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքիան շարունակելու է էներգետիկ խոշոր նախագծեր իրականացնել Իրանի հետ

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան համատեղ շարունակելու են ՀԷԿ-երի կառուցման ծրագիրերի իրականացումն ու Իրանից Եվրոպա գազի մատակարարման գործընթացը:

Յիլդիզը նաև ասել է, որ թուրք-իրանական համատեղ 6000 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցումը երկու երկրներին հնարավորություն կընձեռի բավարարել թե սեփական երկրների, թե միջինասիական տարածաշրջանի պահանջերը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունից Թուրքիա անցնող գազատարը կգործարկվի թուրքական «SOM Petrol» ընկերության կողմից` Եվրոպային և Թուրքիային  վառելիք մատակարարելու համար», - Յիլդիզի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:

«Անկախ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից` կառավարությունը սատարելու է թուրքական ընկերություններին`Իրանից գազի արտահանման հարցում», - նշել է Յիլդիզը:

Թուրքիայի էներգետիկայի նախարարի ելույթը յուրահատուկ արձագանք էր ռուսական «Լուկօյլ» ընկերության որոշմանը, որը Չինաստանի «Ժուհայ Ժենրոն» ընկերության հետ համատեղ սկսել է գազի արտահանման զեղչային համակարգ կիրառել Իրանի համար: