Աշխատանքային օրենսգիրքը փոփոխություններ է կրել. պարզաբանում
Աշխատանքային օրենսգիրքը կրել է բավական մեծ ծավալի սկզբունքային փոթոխություններ, սակայն օրենսգիրքը կիրառելու ժամանակ շատ խնդիրներ են առաջանում: Փոփոխություններին և խնդիրների մասին այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ խոսել են աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյան:
Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալի խոսքերով, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կառույցը հայտնաբերել է ավելի շատ չձևակերպած աշխատողներ, քան ամբողջ անցած տարվա ընթացքում: Խոսելով խախտումների մասին, բանախոսներն ընդգծեցին, որ առավելագույնս խախտվում են բանավոր համաձայնագրերը:
Թադևոս Ավետիսյանն իր հերթին տեղեկացրեց փոփոխությունների մասին` նշելով, որ օրենսգրքի 105-րդ հոդվածը վերաբերում է աշխատանքի պայմանների էական փոփոխությանը. «Աշխատանքի կազմակերպման ընթացքում գործատուին հնարավորություն է տրվում փոխել էական պայմանները, այն է` աշխատավարձը և աշխատանքային ռեժիմը, իսկ այդ մասին ծանուցման համար հստակ ժամկետներ են սահմանված»: Նրա խոսքով, եթե աշխատողը չի համաձայնում պայմանների հետ, նախատեսվում է աշխատանքից ազատում համապատասխան հիմքով:
Գործատուի մեղքով ուշացրած աշխատավարձի համար նախատեսվում է տուգանք ի օգուտ աշխատողի: «Յուրաքանչյուր օր նախատեսում է 0.15% ժամկետանց աշխատավարձի համար տուգանք», - հավելեց Ավետիսյանը:
Նշենք նաև, որ օրենսդրությամբ սահմանվել է աշխատողի արձակուրդի անցնելու 18 ամսվա շեմ: «Եթե տվյալ աշխատանքային տարում աշխատողը ձեռք է բերում արձակուրդի իրավունք, տվյալ տարվա ավարտից հաշված 18 ամսվա ընթացքում ձեռք բերված իրավունքը պետք է իրացված լինի» - հայտարարեց Արմեն Սմբատյանը:
Նա նաև հավելեց, որ օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ արդեն հնչում են տարաբնույթ մեկնաբանություններ: Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալը խոսեց տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպվող վճարովի քննարկումներից և կոչ արեց հարկ եղած դեպքում դիմել միմիայն աշխատանքի պետական տեսչություն, որն ամեն շաբաթ սեմինարներ է անցկացնում: