Հայաստանի համար կարևորագույն հայտարարությունները արվում են արտասահմանում. բանավեճ
Սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանի` Կալիֆորնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված այն հայտարարությունը, համաձայն որի Հայաստանում կարող է երկպալատ Ազգային ժողով ստեղծվել, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը մտահոգիչ է համարում:
«Մենք աստիճանաբար դառնում ենք մերժող, վանող, հեռացող պետություն, որը հիմա սկսել է փոխարինվել միջազգային ասպարեզում, ասենք, Ռուսաստանով: Հայաստանի համար կարևորագույն հայտարարություններն արվում են Հայաստանից դուրս, առաջինը` հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր Մոսկվայում, իսկ Սփյուռքի նախարարը հենց սփյուռքում հայտարարեց, որ սփյուռքն ավելի խորը պետք է ներգրավվի Հայաստանի պետական կառավարման համակարգում: Մտահոգիչը հետևյալն է` այդ լուրն առնել արտասահմանից», - ասել է Արման Մելիքյանը:
Նա նշել է, որ վերջին հաշվով խոսքը գնում է ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք ենթադրում են նաև կառավարման համակարգի փոփոխություն, և այս կարգի հայտարարությունն անել Սփյուռքում առանց ՀՀ հանրությանը նախապես իրազեկելու, Մելիքյանը համարում է պարզապես վատ ավանդույթ, որը շարունակվում է և որևէ լավ բանի չի հանգեցնի:
Քաղաքական գործիչը նշել է, որ դա վիրավորական է թե’ ՀՀ քաղաքացիների, թե’ Սփյուռքի համար:
Բանավեճին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, խոսելով Հրանուշ Հակոբյանի հայտարարության մասին, ասել է, որ դա դեռ լուրջ քննարկումների, մտորելու ու մտածելու հարց է, և իրենց կուսակցությունում դեռ նման որոշում չի կայացվել:
Դավթյանը նաև նշել է, որ տարբեր պաշտոնական այրեր հայտարարություններ իրավունք ունեն անելու` հիշեցնելով նաև, որ ՀՅԴ-ն ևս նման մտքեր արտահայտել է, որը սակայն նման բուռն քննարկման չի արժանացել: