Ռուսաստանը Հայաստանում ամեն վայրկյան կարող է սեղանը շուռ տալ. Մանուչարյան
Հայաստանում հիմա դիտարկվում է զուգահեռ երկու գործընթաց. առաջինը՝ Հայաստանի ներսում բուռն զարգացումն է` հատկապես այն, ինչ-որ մենք անվանում ենք քաղաքացիական հասարակություն, այսինքն` գնալով ավելի ու ավելի շատ մարդ է պատրաստ դառնում պատասխանատվություն վերցնել երկրի զարգացման համար: Շաբաթ օրը «Փոքր խորհրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական հավաքին բանախոսության ընթացքում այս մասին հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Տառացիորեն այսօր այդ մարդկանց թիվը շատ քիչ է, նույնիսկ նրանք, ովքեր քաղաքացիական ակտիվ դերակատարություն ունեն` երիտասարդությունը, որևէ գործի համար պատասխանատվություն վերցնել չեն ուզում, նրանք ավելի շատ գերադասում է պայքարող, արձագանքողի դերում մնալ, բայց գնալով բալանսը փոխվում է: Իսկ մյուս գործընթացում էապես մտած է արտաքին աշխարհը, որը ցանկանում է ստանալ ուրիշ բան` այս ամենն էլ տեղավորել այդ ուրիշ բանի շրջանակներում», - ասել է բանախոսը:
Այս համատեքստում Մանուչարյանը նշել է, որ Արևմուտքը` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և եվրոպական մի շարք այլ երկրներ, ցանկանում է Հայաստանն իրենց համար ավելի կառավարելի դարձնեն:
«Այդ իմաստով վրացական նմանակի տարբերակն է հնարավոր այստեղ»,- ասել է Մանուչարյանը:
Մանուչարյանը խոսել է նաև արևմտյան տերությունների և հայաստանյան ընդդիմության ու իշխանությունների հանդեպ տարվող քաղաքականության մասին` նշելով, որ ՀԱԿ-ի և իշխանությունների համագործակցության մասին զրույցներն իրականությանը չեն համապատասխանում:
«ԱՄՆ-ն բանակցում է և' ՀԱԿ-ի հետ, և' իշխանության հետ, և փորձում է այսպես գործել` մի կողմին ասում են` «այ, դու էսպես արա, ես մի այլ բան կփորձեմ մյուս կողմից պոկել»: Կարծես, ամեն ինչ տրամաբանական է, բայց ԱՄՆ-ն փորձում է նման ձևով ուղղորդել գործընթացը և իրավիճակը վերցնել իր ենթակայության տակ»,- մանրամասնել է Մանուչարյանը:
Երկրորդ հանգամանքը, ըստ Մանուչարյանի, «սարսափահար եղած Ռուսաստանի մուտքն է այս գործընթացներ»:
«Ռուսաստանը նկատում է, որ իր տակից իր սիրելի հողակտորը տանում են, և Ռուսաստանն էլ, իր հերթին, անդադար փորձում է ինչ-որ ելքեր գտնել, բայց նրա գործիքները շատ ավելի քիչ ու ավելի պարզունակ են` մուրճ, կամ կացին, որը կվերցնի ու կհարվածի, և հարցը կլուծվի», - ասել է բանախոսը:
Մանուչարյանն այս հանգամանքը շատ վտանգավոր է համարել, քանի որ կարծում է, որ Ռուսաստանը չի կարող այս տարածքը հանձնել:
«Նրանք էլ աշխատում են և' ՀԱԿ-ի հետ, և' այլ ուժերի հետ, և' իշխանությունների հետ: Հիմա այս երկու պրոցեսներից որը ուր կտանի, դժվար է ասել, սակայն այսօր հաղթող է Արևմուտքը` նրանք շատ ավելի նուրբ ու հստակ են աշխատում: Բայց Ռուսաստանը ամեն վայրկյան կարող է սեղանը շուռ տալ` դա կարող են լինել կրակոցներ, դա կարող են լինել բախումներ, իսկ այդքան ուժ ու հնարավորություն Ռուսաստանն այստեղ ունի»,- ասել է բանախոսը: