2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բելգիացի ակտիվիստին տեղափոխել են Մաշտոցի ոստիկանություն. կինը տեղյակ չէր

Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեն, ում երեկ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգքրսի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, այսօր առավոտյան` ժամը 11-ին, տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանություն: Այս մասին Epress.am-ին հայտնել է Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը:

Կնոջ խոսքով` ինքը և փաստաբանն այդ մասին տեղեկացել են ժամը 17.00-ին` ձերբակալվածների պահման վայր այցելելուց հետո: Այդտեղից նրանք ուղևորվել են Մաշտոցի ոստիկանություն, որտեղ սկզբում ժխտել են, որ Վադեվալեն իրենց մոտ է:

«Մենք գնացինք քննիչի մոտ, ասացին` նա այստեղ չէ: Ես հենց իրենց մոտից զանգահարեցի Բելգիայի հյուպատոսարան և ասացի` ձեր քաղաքացին կորել է: Երբ դա լսեցին ոստիկանությունում, անմիջապես ասացին, որ իմ ամուսինը գտնվում է առաջին հարկում: Դրանից հետո միայն ընդունեցին իմ տարած ուտելիքը, իսկ քիչ անց քննիչը փոխանցեց նաև Լյուկի դեղերը, որ սկզբում հրաժարվում էր անել»,- ասել է Վադեվալեի կինը:

Նրա խոսքով` այնուհետև ոստիկանություն է ժամանել երկար սպասված թարգմանիչը, որին ուղարկել էր բողոքող կողմը` դպրոցի տնօրենը:

«Այս թարգմանչից Վադեվալեն, բնականաբար, հրաժարվել է, իսկ ոստիկանությունում խոստացել են, որ վաղը նրան կապահովեն թարգմանչով, և Վադեվալեն վերջապես կկարողանա շփվել իր փաստաբանի հետ ու հասկանալ, թե ինչու են իրեն արդեն երկու օր պահում անազատության մեջ», - եզրափակել է Վարդանյանը: