2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Բանդայի» գործով ծեծի ենթարկված ամբաստանյալի բարեկամները դիմելու են ՄԻԵԴ

«Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի զոքանչը՝ Իռա Դավթյանը, իր փեսային ծեծի ենթարկելու հարցով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քրեական գործ հարուցելու մասին Դավթյանի դիմումը, որից հետո նա դիմել է Վճռաբեկ դատարան։

Կինը, սակայն, նշել է, որ հայաստանյան դատարաններից ակնկալիք չունի, ու պատրաստվում է դիմել ՄԻԵԴ։ Իռա Դավթյանը նաև ասել է, որ իր փեսային ծեծի է ենթարկել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը։

Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Վերջիներս, ինչպես նաև նրանց պաշտպանները հայտարարել են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան:

Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին պատմել էր, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարում՝ Դավիթ Գալստյանը