Դատախազը չի բացատրում՝ ինչու խտրականության մասին եզդի մեղադրյալի խոսքերը գործում տեղ չեն գտել
ԴԱՀԿ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործով այսօրվա դատական նիստը սկսվել է ուշացումով մեղադրյալի և տուժող, ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոնյանի բացակայության պատճառով:
Դատական նիստից առաջ Ամարյանի պաշտպանությունը ստանձնած հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը դժգոհել է, որ իր պաշտպանյալն ուշանում է․ «Պաշտպանը դատից կես ժամ առաջ եկել է, ինքը չի գալիս: Այն դեպքում, երբ պայմանավորվել էի, որ խոսելու բան ունենք, թող շուտ գան: Ինչ անպատասխանատու ժողովուրդ են»:
Նշենք, որ Յուրա Ամարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարվում է հանրային պաշտպանից, քանի որ վերջինս իրեն պաշտպանելու փոխարեն համոզում է ընդունել մեղքը, որպեսզի մեղմ պատիժ ստանա։ Ամարյանը չի ընդունում մեղադրանքը. նա պնդում է, որ ԴԱՀԿ աշխատողներն են իրեն և մորը ծեծել և հայհոյել՝ ասելով․ «Ես քո եզդի լավը»։ Մեղադրյալն ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։
Epress.am-ի հարցին՝ արդյոք պաշտպանական կողմը ազգային խտրականություն դրսևորելու վերաբերյալ հարցը բարձրացնելու է դատարանում, Լյուդվիգ Ավետիսյանը պատասխանել է, թե այդ մասին ցանկության դեպքում ցուցմունք կտա Ամարյանն ինքը:
Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում, որ քարերով հարվածել է ԴԱՀԿ աշխատակցին:
«Իհարկե, ես պետք է նրան պաշտպանեմ, սակայն բոլոր վկաներն ասում են, որ նա քարով է խփել», - ասել է փաստաբանը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ վկաները ԴԱՀԿ այլ աշխատակիցներ են, ովքեր իրենց գործընկերոջ դեմ ցուցմունք չէին տա:
Դատական նիստին ներկայացել էին նաև գործով որպես վկա անցնող ԴԱՀԿ֊ականները։ Մեղադրող դատախազ Մկրտչյանի հետ գրկախառնվելուց հետո նրանք նստել են դահլիճում:
Մեղադրյալը նիստին չի ներկայացել, և Մկրտչյանը միջնորդել է Ամարյանին բերման ենթարկելու որոշում կայացնել։ Դատավոր Լևոն Ավետիսյանը բավարարել է այդ միջնորդությունը:
Epress.am-ի հետ զրույցում մեղադրող դատախազն ասել է, որ տեղյակ է, թե Ամարյանը խտրականության մասին է բարձրաձայնել, սակայն չի բացատրել՝ ինչու այդ փաստը չի արտացոլվել մեղադրականի մեջ, ինչու մեղադրող կողմը հարկ չի համարել ապացույցներ գտնել ազգային խտրականության մասին հայտարարության վերաբերյալ:
Լուսանկարում՝ Յուրա Ամարյանը (ձախից) և Լյուդվիգ Ավետիսյանը