Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյան իր դժգոհությունն է հայտնում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի (լուսանկարում)՝ երեկ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության կապակցությամբ։ Տարածած հայտարարության մեջ Բաքոյանն ընդգծում է, որ Բունիաթյանն իրավունք չուներ հանդես գալ Հայաստանի եզդիական համայնքի անունից։ Երեկ ԱԺ֊ում պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե հայաստանյան հեռուստաալիքներով ռուսերեն լեզվով ֆիլմեր են ցուցադրվում, սակայն չկան ազգային այլ փոքրամասնությունների լեզուներով ֆիլմեր, Բունիաթյանը հայտարարել է, որ բացակայության պատճառը պահանջարկ չլինելն է:
«Չեմ հասկանում՝ ո՞վ է Գագիկ Բունիաթյանը, որ խոսի եզդիների ու Հայաստանում ապրող ազգային այլ փոքրամասնությունների անունից ու անողնաշար հայտարարություններ անի՝ ասելով, թե այդ լեզուներով հաղորդումների պահանջարկ չկա: Հարգարժան ՀՌԱՀ նախագահ, տեղեկացնեմ, որ փաստացի Հայաստանում կա 60,000 եզդի ժողովուրդ, այդ Դուք ե՞րբ այդ 60.000-ի կարծիքը հարցրիք, որ մի հատ էլ նման եզրահանգման եք եկել:
Իմ և բոլոր եզդիների անունից հայտարարում եմ, որ մենք, ապրելով ՀՀ-ում, լինելով ՀՀ լիիրավ քաղաքացիներ, միշտ էլ ցանկացել ենք, իսկ այժմ նաև ինչ-որ տեղ պահանջում ենք, որ այլևս ՀՀ հեռուստատեսությամբ ժամեր տրամադրվեն եզդիերեն հաղորդումներին, որ այլևս առիթ լինելու դեպքում չհայտարարեք, թե իբր համապատասխան պահանջարկ չկա:
Տեղեկացնեմ, որ ըստ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի հոդված 28-ի՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը կարող է եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար։ Նման հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ՝ շաբաթական մինչև մեկ ժամ, իսկ ռադիոյով՝ օրական մինչև մեկ ժամ ժամաքանակը», ֊ գրել է Բաքոյանը։