Խորհրդարանին երեկ չի հաջողվել «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել: Համաձայն օրինագծի, նախատեսվում է 50 միլիարդ դրամ և ավել ապրանք արտահանողին շահութահարկի արտոնություն տալ՝ հարկման տոկոսադրույքը իջեցնելով 2-ի:
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ նախորդ օրը՝ փետրվարի 25-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նշված նախագիծը անհետաձգելի ճանաչել և 48 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունել:
«Սակայն Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, ինչպես միշտ, չկարողացավ խորհրդարանն իր վերահսկողության տակ պահել և ավարտել հարցի քննարկումն ու այն դնել քվեարկության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանություններն այն աստիճան են շտապում, որ չեն պատրաստվում մինչև հաջորդ քառօրյա սպասել, որը պետք է տեղի ունենա մարտի 16-ից 19-ը: Ամենայն հավանականությամբ եկող շաբաթ՝ մարտի 3-ից 4-ին, այս օրինագիծն անցկացնելու նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի», – գրում է թերթը։
Նշենք, որ երեկ «168 ժամ» պարբերականը գրել էր, որ օրինագիծն ընդունվում է ի շահ ցեմենտ արտադրող ընկերությունների, որոնք ապրանքի մեծ խմբաքանակ պետք է արտահանեն Ռուսաստան։