Home / Հայաստան / Ի՞նչ է սպասվում ԱԺ֊ում ԲՀԿ֊ականների ղեկավարած հանձնաժողովներին․ «ՀԺ»

Ի՞նչ է սպասվում ԱԺ֊ում ԲՀԿ֊ականների ղեկավարած հանձնաժողովներին․ «ՀԺ»

Իշխող ՀՀԿ խմբակցությունը դեռ չի քննարկել և այս պահին պատկերացում չունի` ինչպես է վարվելու Ազգային ժողովի այն մշտական հանձնաժողովների հետ, որոնց նախագահները ԲՀԿ-ականներ են, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

ԲՀԿ-ն խորհրդարանում ունի 4 մշտական հանձնաժողով՝ մարդու իրավունքների, եվրաինտեգրման, տեղական ինքնակառավարման և գյուղատնտեսության: Դրանք բաշխվել են Դոնթի բանաձևի սկզբունքով (խոշոր խմբակցություններն ավելի շատ տեղեր են ստանում հանձնաժողովների ղեկավար կազմում֊խմբ․): Հիմա, երբ ԲՀԿ-ական պատգամավորները լքում են խմբակցությունը, խորհրդարանում համամասնության փոխվելու դեպքում, վերահաշվարկ անելու անհրաժեշտություն է առաջանալու, թեև եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը խմբակցությունից դուրս չեն գալու:

«ՀԺ»֊ն ընդգծում է, որ այս պահին ԲՀԿ խմբակցության 36 անդամներից մնացել են 29, բացի դա, խմբակցությունը պատրաստվում է լքել Գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ, գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Երեկ, երբ թերթը հետաքրքրվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, թե արդյո՞ք վերահաշվարկ են անելու հանձնաժողովներում, եթե Աժ-ում համամասնությունը փոխվի, և ի՞նչ են պատրաստվում անել Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովում, նա պատասխանել է. «Նման հարց չենք քննարկել դեռ: Օրենքով կշարժվենք, կտեսնենք, թե ինչ է նախատեսում օրենքը, որոշում կկայացնենք: Ես դեռ տեղյակ էլ չեմ, որ Մարտուն Գրիգորյանը դուրս է գալու ԲՀԿ-ից: Երբ պաշտոնապես կլինի, պաշտոնապես էլ կանդրադառնանք: Հիմա ոչինչ ասել չեմ կարող»։

Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունից պատգամավորները սկսել են դուրս գալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած քննադատությունից և վերջինիս հայտարարությունից հետո, թե Հայաստանում իշխանափոխություն է անհրաժեշտ։ Անցյալ շաբաթ կայացած Սարգսյան֊Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ֊ն հայտարարություն տարածեց՝ չեղյալ համարելով փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում