Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի ցանկանում նախադեպ ստեղծել՝ պատգամավորական մանդատից զրկելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին նա այսօր ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։
Միևնույն ժամանակ, Սահակյանի խոսքով, քանի որ իրավական տեսակետից բոլոր հիմնավորումները կան, ինքը Ծառուկյանից ԱԺ նիստերին բացակայելու վերաբերյալ լրացուցիչ պատճառաբանությունների է սպասում։
«Պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի։ Շտապելու ոչինչ չունեմ։ Երբ բացակայությունների հանգամանքները ստանամ, պատշաճ ձևով կներկայացնեմ», ֊ ասել է ԱԺ նախագահը։
Հարցին, թե արդյոք ՀՀԿ֊ում շարունակում են կարծել, որ Ծառուկյանը պետք է հեռանա քաղաքականությունից, ԱԺ նախագահը պատասխանել է, որ այն, ինչ Սերժ Սարգսյանը «ներկայացրել է հասարակությունում, այդ շրջանակներում հանրապետականի դիրքորոշումը չի փոխվել»։
Սահակյանը չի ցանկացել կանխատեսումներ անել այն մասին, թե ինչ է որոշվելու ԲՀԿ֊ի՝ մարտի 5-ին կայանալիք համագումարին և արդյոք Ծառուկյանը հայտարարելու է քաղաքականությունից հեռանալու մասին։
«Կարծում եմ՝ ԲՀԿ֊ն պետք է նոր ռազմավարությամբ հանդես գա, իսկ թե ռազմավարությունը ով կղեկավարի՝ դա ինձ համար բացահայտված չէ», ֊ ասել է Սահակյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն իր ելույթում քննադատության է ենթարկել Գագիկ Ծառուկյանին, իսկ վերջինս հաջորդ օրը հայտարարություն էր տարածել, որում նշել էր իշխանափոխության անհրաժեշտության մասին։
Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտությունն ավարտվեց նրանով, որ ԲՀԿ֊ն հրաժարվեց փետրվարի 20-ին Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգության» հետ համատեղ հանրահավաքից՝ հայտարարելով, որ «բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»։