Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը (լուսանկարում) այսօր առաջին անգամ հանդիպել են լրագրողների հետ, սակայն շուրջ մեկ ժամ տևած ասուլիսի ընթացքում ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին չի հաջողվել պարզել՝ ինչ նպատակով էր ասուլիսը հրավիրվել: Ավելին՝ Երեմ Սարգսյանը լրագրողներին մեղադրել է «միտում պարունակող» հարցեր տալու մեջ:
Ասուլիսի մեկնարկին Երեմ Սարգսյանն ասել է, որ լրագրողների հետ հանդիպումն անհրաժեշտ էր, քանի որ տուժողների իրավահաջորդները ցանկանում են իրավական համակարգի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ տեղեկատվություն ստանալու կարիք ունեն: Գյումրիում սպանված Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանների ավագ դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, նույնպես ընդգծել է, որ իրենք տեղեկության պակաս ունեն, մինչդեռ իրենց համար ամեն օրն ու ամեն ժամը նշանակություն ունի, քանի որ ցանկանում են օր առաջ ամեն ինչ պարզել:
Այդ հայտարարություններից հետո Երեմ Սարգսյանը շտապել է զգուշացնել, որ տեղեկություններ պահանջելը չի նշանակում, որ իրենք դժգոհ են քննության ընթացքից և ասուլիսը ոչ մի դեպքում չպետք է այդպես մեկնաբանվի: Փաստաբանի խոսքով՝ իրենք ինչ հարցով էլ դիմել են նախաքննական մարմնին, պատասխաններ են ստացել, այսինքն՝ իրավահաջորդներն օրենքով սահմանված ողջ տեղեկատվությունը ստանում են և դժգոհ չեն:
Լրագրողները հիշեցրել են, որ երկու օր առաջ Գյումրիի դատախազությունում Ավետիսյանների ընտանիքի անդամները բողոքի ակցիա էին անցկացրել, և այդ ընթացքում բարեկամներից մեկը դժգոհել էր Երեմ Սարգսյանից։ Փաստաբանին հարց է ուղղվել՝ արդյոք տարաձայնությունները հարթվել են: Սարգսյանն ասել է, որ Ավետիսյանների իրավահաջորդներից երեքի ներկայությունը ասուլիսին վկայում է, որ նրանք իրեն որպես փաստաբանի վստահում են:
«Մեր բուն նպատակն է, որ ամեն կերպ աջակցենք քննությանը, սակայն պարբերաբար այլ անձանց կողմից, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, փորձ է արվում այս պրոցեսին խանգարել, թե ինչ նպատակով, չեմ կարող ասել: Ի սկզբանե եղել են կողմեր, ովքեր հարազատներին համոզել են հրաժարվել իմ ծառայություններից և իրենց ընտրել»,- ասել է Երեմ Սարգսյանը՝ չմանրամասնելով, սակայն, ովքեր են այդ քաղաքացիները:
Սարգսյանն ասել է, որ իրենք պատրաստ են համագործակցել այլ փաստաբանների հետ ևս, ովքեր դեմ չեն լինի անվճար հիմունքներով պաշտպաննել Ավետիսյանների հարազատներին:
Երբ լրագրողները մի քանի անգամ հետաքրքրվել են՝ որն էր ասուլիս հրավիրելու նպատակը, և հստակ պատասխան չեն ստացել, Սարգսյանին հարց է ուղղվել՝ արդյոք փաստաբանը ցանկանում էր ցույց տալ, որ ինքն Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների հետ խնդիր չունի և շարունակելու է պաշտպանել նրանց շահերը։
Սարգսյանն ի պատասխան ասել է, որ հարցը միտում է պարունակում։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները սպանվել էին հունվարի 12-ին Գյումրիում իրենց տանը։ Ընտանիքի 7-րդ անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։ Սպանության մեջ մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, ում Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները չեն հանձնում ՀՀ իրավապահ մարմիններին, ինչպես դա պահանջում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը։