Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ներգրավվել են որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, հայտնում է «Ազատությունը»։
«Կապվեցինք Ավետիսյանների հարսի հոր հետ, որը Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում է ապրում, հանդիպեցինք, խոսեցինք, ինքն էլ իր համաձայնությունը տվեց, որպեսզի մենք ներգրավվենք որպես իր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ», – «Ազատության» հետ զրույցում ասել է Սաքունցը:
Մինչև այդ Ավետիսյանների հարսի հոր շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը: Նա կշարունակի ներկայացնել տուժողի շահերը:
«Ներգրավվելուց հետո ծանոթացել ենք գործի նյութերին և մի քանի հարցերի վերաբերյալ գրություն ենք ներկայացրել, մասնավորապես՝ սահմանի խախտման կամ խախտման փորձի հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Ուզել ենք Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համաձայնագրի պատճենը և մի քանի հարցեր, որոնք կապված են փորձաքննությունների կատարման հետ՝ արվե՞լ են, թե՞ ոչ», – նշել է իրավապաշտպանը։
Հարցին, թե գործի նյութերին ծանոթանալուց հետո արդյոք բավարարել են իրավապաշտպանին մինչ այժմ կատարված քննչական գործողությունները, իրավապաշտպանն արձագանքեց․ «Ոչ, կան հարցեր, մեր կողմից արդեն իսկ բարձրացված հարցերը խոսում են այն մասին, որ կան այնտեղ մտահոգող խնդիրներ»: