Եռյակն այլևս գոյություն չունի։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Անցյալ կիրակի ոչ իշխանական երեք ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», «Հայ Ազգային Կոնգրեսը», հայտարարել էին փետրվարի 20-ին, ժամը 16։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, սակայն հետագայում ԲՀԿ֊ն որոշում էր կայացրել հրաժարվել հանրահավաքից՝ հայտարարելով, որ «բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»։ ՀԱԿ֊ն, իր հերթին, նշել էր, որ ըմբռնումով է մոտենում ԲՀԿ֊ի որոշմանը։
«Ժառանգությունը» հանրահավաք անցկացնելու մտքից հետ չէր կանգնել, սակայն այսօր Ազատության հրապարակում մոտ 2-3 հարյուր մարդ էր հավաքվել։ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց 16։00-ից տասը րոպե անց, և, հրապարակի մի ծայրում կանգնելով, դիմեց հավաքված մարդկանց և լրագրողներին։
«Անցյալ կիրակի ինձ համար հրաշալի օր էր։ Ես իմացա, որ հայ մարդիկ, տարբեր մարդիկ, մեկը՝ հարուստ, մեկը՝ առաջին նախագահ, մեկը՝ Սփյուռքից վերադարձած քաղաքացի կարող են ձեռք մեկնել ու ասել, որ ժողովուրդն արժանի է ավելի լավին։ Այս հրապարակում 100 հազար հոգի պետք է լիներ։ Ինչ֊որ մեկը չցանկացավ։ Կյանքը կյանք է, Հայաստանը Հայաստան, ու դուք ինձանից ավելի լավ գիտեք, թե ինչ է պատահել», ֊ ասել է Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ «Ժառանգությունը» չէ, որ որոշել է դուրս գալ Եռյակից, այլ իր ղեկավարած կուսակցության գործընկրներն են իրենց քայլերով դուրս եկել երեք ուժերի դաշինքից։
«Մենք կանք եռյակում, տասնյակում, ժողովրդի պայքարի ցանկացած ձևաչափում։ Մեր դռները բաց են Ծառուկյանի, Տեր֊Պետրոսյանի, Դաշնակցության, Նիկոլի (Փաշինյան), Սեֆիլյանի, բոլոր֊բոլոր հայրենակիցների առջև», ֊ հայտարարել է Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ վաղը լինելու է Գյումրիում, հարգանքի տուրք է մատուցելու հունվարի 12-ին զոհված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին՝ ցանկացողներին կոչ անելով միանալ իրեն։