Իջևան քաղաքում մահացած միայնակ կնոջը, ում հուղարկավորությունը պետք է կազմակերպեր քաղաքապետարանը, 9 օր պահել են դիահերձարանում։
Փետրվարի 7-ին Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում միայնակ կնոջ դի է հայտնաբերվել: Ոստիկանությունը տան տիրուհուն՝ 68-ամյա Օլգա Մխիթարյանին, հայտնաբերել է անկողնու մեջ: Ոստիկանության Իջևանի բաժնից Epress.am-ին հայտնել են, որ քանի որ մահացածը մոտ հարազատներ չուներ, նրա հուղարկավորությունը հոգալու համար ոստիկանությունը դիմել է քաղաքապետարանին:
Իջևանի բժշկական կենտրոնից Epress.am-ին հայտնել են, որ Օլգա Մխիթարյանի դին դիահերձարանում մնացել է 9 օր և հուղարկավորվել է միայն փետրվարի 16-ին: Այս հետաձգումը Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարվել է մեկնաբանել: Epress.am-ի հետ հեռախոսազրույցում, իմանալով, որ իրեն լրագրող է զանգահարել, նա ասել է, որ հարցերի չի պատասխանի:
«Կներեք, ես զբաղված եմ քաղաքի գործերով, ինձ մի զանգահարեք»,- ասել է քաղաքապետը: