Վերջին մեկ շաբաթվա ամեն աշխատանքային օր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիներն այսօր վարչապետից պատասխան չստացան, թեև Հովիկ Աբրահամյանը խոստացել էր ուրբաթ օրը, այսինքն՝ այսօր, պատասխանել իրենց պահանջ-նամակին:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են Կառավարությունից հստակ ժամանակացույց տալ՝ երբ ու ինչ պարբերականությամբ պետք է մարվի իրենց պարտքը։
Ավելի վաղ նամակին գրավոր պատասխանել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով միայն, որ փետրվարի 25-ին գործարանի աշխատակիցները կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ, իսկ մյուս գումարների վճարումը կախված է գործարանի գույքի օտարումից:
Կառավարությունից խոստացված պատասխանը չստանալով՝ նաիրիտցիներն ուղևորվել են դեպի նախագահական նստավայր՝ վանկարկելով «պարտքի մարում»:
Ինչպես Epress.am-ին հայտնել է գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիաները շարունակական են լինելու:
Նշենք, որ գործարանի աշխատակիցները պահանջում են 18 ամսվա չվճարված աշխատավարձերը։ «Նաիրիտի» աշխատակիցների խնդիրների մասին՝ այստեղ։