Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ հերթական բողոքի ակցիա են անցկացրել «Նաիրիտ» ընկերության աշխատակիցները, որի ընթացքում հայտարարել են՝ այսուհետ իրենց ակցիաներն անելու են ամենօրյա ռեժիմով այնքան ժամանակ, մինչև ստանան իրենց հարցի պատասխանը:
«Հանդիպման վայրը փոխել չի կարելի»,- ասել է գործարանի աշխատակիցներից մեկը՝ հայտարարելով, որ վաղվանից ամեն օր 11.00-ից սկսած իրենք կլինեն նախագահականի մոտ:
Բողոքները տեղեկացրել են, որ երեկ իրենց կրկին հանդիպել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Էդվարդ Զախարյանը: Նա նաիրիտցիներին խոստացել է միջոցներ ձեռնարկել «Նաիրտի» գույքի օտարման աշխատանքներում օգնություն ցուցաբերել:
«Անցած անգամ նախարարը մի բան խոստացավ (ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարել, ինչը չի արվել ֊ խմբ․)՝ համ ինքը կրակն ընկավ, համ մենք: Հիմա էլ խոստումներ չի տալիս: Մինչև մեր աշխատավարձները լրիվ բաժանած չլինեն, չի ասի ոչ մի բան»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա հաղորդել է հավաքվածներին, որ Զախարյանը միայն խոստացել է, որ կաջակցի նաիրիտցիներին, որպեսզի Միջպետական բանկում պարտքեր ունենալու պատճառով գրավադրված «Նաիրիտի» գույքի մի մասը, որի օտարումը չի խանգարի աշխատանքային պրոցեսին, գրավից հանվի և թույլ տրվի դրա վաճառքը:
Ստացված գումարով հնարավոր կլինի մարել աշխատավարձերի մի մասը:
«Նաիրիտի» աշխատակիցների խնդիրների մասին՝ այստեղ։