«Բանակն ավելի փակ և ոչ թափանցիկ է դառնում»
Հայաստանյան բանակն ավելի ու ավելի փակ է դառնում հանրության համար։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը։
«Միտումն այնպիսին է, որ բանակը վերջնականապես գնում է «փակվելուն», և այն հայտարությունները, թե հայաստանյան բանակը, հայոց բանակը դառնում է ավելի թափանցիկ, ավելի վերահսկելի քաղաքացիների կողմից, վերածվում են միֆի, հեքիաթի», ֊ ասել է իրավապաշտպան ՀԿ֊ի նախագահը։
Նրա խոսքով՝ բանակի «փակվելու» վառ օրինակներից է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օգոստոսյան հրամանը, որով գաղտնագրվում են բանակում արտակարգ պատահարների վերաբերյալ տեղեկությունները։ Այդ հրամանին հղում կատարելով՝ նախարարությունը հրաժարվել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ֊ին մահացած զինծառայողների մասին տեղեկություններ տրամադրել։
Խաչատրյանն ընդգծում է, որ միևնույն ժամանակ նախարարությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե այդ տեղեկատվությունը գաղտնագրված չէ։ Մասնավորապես, մեզ հետ զրույցում ՀԿ֊ի ղեկավարը մեջբերել է Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցից հատված, որում վերջինս ասում է, թե տեղեկատվություն տրամադրելու արգելքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Դատարանում, սակայն, ՊՆ֊ն առարկել է մահացած զինծառայողների մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ կազմակերպության պահանջին՝ հղում կատարելով նախարարի հրամանին։
Խաչատրյանն ասել է, որ նման կերպ ՊՆ֊ն ձգտում է հեղինակազրկել այլախոհներին, իրավապաշտպաններին, ովքեր լուրջ խնդիրներ են բարձրացնում։
«Հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ գիտեք՝ մի երկու հատ հիմար են, էս լարված իրավիճակում խնդիրներ են բարձրացնում, որոնք անգամ խնդիրներ էլ չեն, հնարված խնդիրներ են, ու հեղինակազրկում եմ մեր Պաշտպանության նախարարությանը։ Հասարակությանն այդպես են ներկայացնում, դրա համար էլ աղմուկ չկա», ֊ ասել է Խաչատրյանը։
ՀԿ֊ի ղեկավարը նշել է, որ, օրինակ, այս պահին իրենք տեղյակ են մահվան 2 դեպքերի մասին, սակայն չեն կարողանում ճշտել մահացածների անունները, քանի որ հրամանի արձակումից հետո ՊՆ֊ն այդ դեպքերի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնում։
Իրավապաշտպանը կարևոր է համարել ոչ միայն բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով գրանցված սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերի քննությունը, այլև բոլոր տեսակի դժբախտ պատահարների և հակառակորդի գնդակից մահացած զինվորների դեպքերի ուսումնասիրությունը։
«Տեսեք, ասում են դժբախտ պատահար է, մեքենան շուռ է եկել, դրա հետևանքով 3 կամ 4 զինվոր է մահացել։ Շատ կարևոր է հասկանալ՝ տեխնիկական ինչ վիճակում է գտնվել մեքենան։ Դեպքեր կան, օրինակ, շատ հին դեպքերից մեկը՝ 2003 թվականի, երբ ականատեսները պատմում են՝ զինվորները էդ մեքենայով տեղափոխվել են հրամանատարի դաչայում գործ անելու։ Եթե այդ ժամանակ է մահացել զինվորը, դա արդեն դժբախտ պատահար չէ», ֊ ասել է Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը նախարարի հրամանը վիճարկելու է ՀՀ դատական ատյաններում, ապա, հաջողության չհասնելու դեպքում, կարող է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում