2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Անցյալի իրողությունների հետ առերեսվելու միակ վայրը Թուրքիայի խորհրդարանն է

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը համոզված է` անցյալի իրողությունների հետ առերեսվելու միակ վայրը Թուրքիայի խորհրդարանն է։ Նրա խոսքերով, այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպասպանության մասին բանաձևերի ընդունումը «մեր վերքերը չեն ապաքինում»․ «Անհրաժեշտ է, որ մեր երկրի խորհրդարանում այդ հարցը քննարկվի։ Աշխարհասփյուռ հայությունը արդարությունը պիտի կարողանա գտնել հենց Թուրքիայի խորհրդարանում», - թուրքական «Evrensel» թերթի հետ զրույցում նշել է հայազգի պատգամավորը։

Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում, ասել է Փայլանը։ Հայ ժողովուրդն ու նրա մշակութային արժեքները ոչնչացվել են, և 105 տարի շարունակ անցյալի հետ առերեսում տեղի չի ունեցել։

Ժխտողականությունը, ըստ Փայլանի, միայն մեծացնում է հանցագործությունների կրկնման վտանգը․ կործանարար նույն քաղաքականությունն, ի վերջո, այսօր էլ շարունակվում է կիրառվել քուրդ ժողովրդի նկատմամբ։

Փայլանը հիշեցրել է նաև, որ անցած տարիներին՝ սկսած 2013-ից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձներ է հղել ապրիլի 24-ին, բայց ոչ մի անգամ չի խոսել ցեղասպանության և ցեղասպանության հանցագործների մասին․ «Ցավակցելով հանդերձ 105 տարի անց էլ ինքն է հալածանքները շարունակում։ Բանտերում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, լրագրողներ», - ասել պատգամավորը։

Կարո Փալյանը նշել է նաև, որ հանդես է գալու առաջարկով՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված լսումներ կազմակերպել Թուրքիայի խորհրդարանում, «առերեսվել Հայոց ցեղասպանության հետ և արդարացի անվանում տալ կատարվածին»։