Բանտում մահացել է կաշառքի գործով կալանավորված ընդդիմադիր թեկնածուն
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
Քրեակատարողական հիմնարկի մամուլի բաժնից Epress.am-ին հայտնել են, որ Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է առավոտյան, ժամը 7։55 կանչվել է շտապօգնություն, 35 րոպե հետո արձանագրվել է նրա մահը։
Արսեն Գևորգյանի փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը Epress.am-ին ասել է, որ 46-ամյա պաշտպանյալի մահը առեղծված է իր համար. նա կալանքի տակ էր հոկտեմբերի 21-ից, այս ընթացքում ոչ մի գանգատ չի հայտնել իրեն։
«Հակառակը, ինքն ասում էր՝ դուք դրսում լավ եղեք, ես լավ եմ ստեղ», — ասել է փաստաբանը։ Վերջին անգամ նա շփվել է Գևորգյանի հետ նոյեմբերի 4-ին, երբ նախաքննությունը գործն ուղարկել է դատարան։
Արսեն Գևորգյանին ձերբակալել են Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ԱԱԾ-ի միջոցով ստացված տեսանյութը, որը գաղտնի ձայնագրվել է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբում։ Տեսանյութում Գևորգյանը փող է տալիս մի քանի մարդկանց, խնդրում է փողը փոխանցել ցուցակում նշված այլ անձանց։ Ըստ մեղադրանքի՝ նա բաժանում է ընտրակաշառք։ Ըստ փաստաբանի՝ համայնքապետի թեկնածուն գումար է տալիս ավագանու թեկնածուներին, որպեսզի նրանք հոգան քարոզչական կամ գրասենյակային ծախսերը։ Գործով ևս 13 ձերբակալված կար․ նրանց մեղադրում են ընտրակաշառակերությանն օժանդակելու կամ կաշառք վերցնելու մեջ։
«Մենք պայքարելու ենք, որ Արսեն Գևորգյանը արդարացվի դատարանում», — ասել է նրա փաստաբանը։
Ըստ փաստաբանի՝ նախաքննական մարմինը որոշել է այդ տեսանյութերն ու ձայնագրությունները հրապարակել, թեև կողմերը բոլորը պարտավոր են պահպանել նախաքննության գաղտնիքները։ Քանի որ դատական պրոցեսը նոր է սկսվում, կողմը դեռ չէր հասցրել բողոք ներկայացնել անձի արժանապատվությունը վիրավորող նյութերը հրապարակելու դեմ։
Ուժեղ Հայաստան կուսակցությունը Գևորգյանի մահը մեկնաբանել է որպես քաղաքական հաշվեհարդար կառավարության կողմից։
«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են», — հայտարարել է կուսակցությունը ցավակցական տեքստում։
Քաղհասարակության ներկայացուցիչները պահանջել են թափանցիկ քննություն։ Ըստ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի, քննիչները պետք է պատասխանեն, մասնավորապես, հետևյալ հարցերին․ 1) արդյո՞ք Գևորգյանն ուներ քրոնիկ խնդիրներ, որոնց մասին հայտնել էր քրեակատարողականին, 2) ե՞րբ է վատացել նրա ինքնազգացողությունը, այդ մասին ե՞րբ են հայտնել ՔԿԳ ծառայողներին և ինչպիսին են եղել ՔԿՀ ծառայողների գործողությունները րոպե առ րոպե, 3) ի՞նչ է արել բուժանձնակազմը՝ րոպե առ րոպե։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հիմնականում հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելը վատ պրակտիկա է Հայաստանում։ Կալանքը, ըստ նրա, պետք է դիտարկվի որպես ծայրահեղ քայլ, նախապատվությունը պետք է տրվի տնային կալանքին, վարչական հսկողությանը կամ չհեռանալու մասին ստորագրությանը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով կալանքի համատարած կիրառման մասին հարցին, պատասխանատվությունը դրել է դատարանների վրա։ Ինչ վերաբերում է բանտերի անմխիթար պայմաններին՝ Գալյանն ասել է, թե կառավարությունը որոշել է սարքել դպրոցներ և մանկապարտեզներ, ոչ թե ավելի լավ բանտեր։
Հիշեցնենք, որ Նուբարաշենի ՔԿՀ-ն քանդման ենթակա է ճանաչվել դեռ տարիներ առաջ։ Բանտի անմխիթար վիճակի մասին անընդհատ բարձրաձայնել է նաև ՄԻՊ-ի գրասենյակը։
«Ի՞նչ անենք մինչ նոր շենքը։ Ոչ մի բան։ Չենք կարող այդ մարդկանց տանել, օրինակ, մեր տուն։ Այդ մարդիկ պիտի մնան այդտեղ (..) Իհարկե, որոշ փոփոխություններ պիտի անենք և արել ենք։ Կանալիզացիայի հոտ էր գալիս, հիմա չի գալիս..», — ասել է Գալյանը։
Քրեականատարողական հիմնարկներում մահվան դեպքերը շատանում են տարեց տարի. 2025-ին գրանցվել է 25 ազատազրկված անձի մահ, որից 8-ը՝ ինքնասպանություն։ Ըստ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի, դատապարտյալների բողոքները հիմնականում կապված են անորակ կամ ուշացված բուժօգնություն ստանալու հետ։ Դիտորդական խմբի նախագահ Արման Սահակյանի խոսքով, ազատազրկվածները բողոքում են, որ բժիշկները արագ չեն արձագանքում իրենց գանգատներին, որակով դեղեր չունեն, ասում են՝ դուք պիտի գնեք ձեր միջոցներով։
Ազատազրկվածները որպես բողոք դիմում են նաև ինքնավնասումների։
Թեև ինչ-որ բարեփոխումներ արվել են (օրինակ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հանվել է Արդարադատության նախարարության վերահսկողությունից և տեղափոխվել Առողջապահության նախարարության ենթակայության տակ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն վերջապես լուծարվել է, իսկ Արմավիր ՔԿՀ-ում բացվել է բուժկենտրոն), բողոքների թիվը մնում է բարձր։
Արդարադատության նախարարությունը հիմա ունի ստրատեգիա՝ ինքնավնասման դեպքերը կանխել խցերում վերահսկողությունը խստացնելով։ Վերջին տարիներին բանտերի միջանցքներն ու ճաշարանները վերազինվել են տեսահսկող սարքերով։ Նախարարությունը ցանկանում է տեսահսկող սարքեր տեղադրել «ինքնավնասման հակում» ունեցողների խցերում․ նախատեսում են վերանայել նաև անձնական կյանքի մասին օրենքները։