Home / Դատարան / Իրավապաշտպանին հետապնդում են դատական կարգով

Իրավապաշտպանին հետապնդում են դատական կարգով

Հունվարի 18-ին՝ ժամը 14:30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքած քրեական գործը: Դատախազությունը կեղծ քրեական հետապնդման միջոցով տարիներ շարունակ փորձում է ճնշումներ գործադրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկատմամբ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի: Հերթական շինծու գործն այս անգամ հասել է դատարան: Այս մասին ասված է վաշխառության զոհերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հաղորդագրությունում։

«Վելեսը» նշում է, որ իրենց հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մասնավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։

Կազմակերպությունը խնդրում է ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:

Ավելի վաղ տասնյակ կազմակերպություններ և անհատներ հանդես են եկել ի պաշտպանություն «Վելեսի»՝ կոչ անելով բոլոր միջազգային իրավապաշտպան և հակակոռուպցիոն նախագծեր իրականացնող կառույցներին աչալուրջ հետևել Մարինա Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման արշավի ընթացքին և համապատասխան քայլեր ձեռնարկել։

Գործին հետևող Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները նույնպես հաստատում են Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելը։