Գլխավոր / Բնապահպանություն / Արդվին սովորական գյուղ չէ. բնակիչները հույսը հանքի հետ չեն կապում

Արդվին սովորական գյուղ չէ. բնակիչները հույսը հանքի հետ չեն կապում

Հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հետ փոխկապակցված «Միռամ» ընկերությունը ցանկանում է Լոռու մարզի Արդվի գյուղում ոսկու հանք բացել։ Առայժմ ներկայացվել է երկրաբանական հետախուզման հայտ միայն, սակայն տեղի բնակիչները կարծում են, որ դա արդեն նշանակում է՝ ընկերությունն ունի հանք բացելու իշխանությունների թույլտվությունը․ հետախուզման համար 400-500 հազար դոլարի ներդրում հենց այնպես չի արվում։

Դեկտեմբերի 1-ին Արդվիի բնակիչները տապալել են հանքի վերաբերյալ հանրային լսումները, ծրագիրը հետ է ուղարկվել վերամշակման։ Արդվինցի Սուրեն Կիրակոսյանը Epress.am֊ի հետ զրույցում ասաց, որ վերամշակման փուլում վերանայվելու է միայն ստորգետնյա ջրերի վրա հնարավոր ազդեցության գնահատումը, սակայն հանքի ծրագիրը նաև օդի, հողի որակի համար է վնասակար, ուստի գյուղը շարունակելու է դեմ լինել հանքի բացմանը։

Արդվիի հանքի ծրագիրը մեծ չէ․ համայնքի բնակիչների բողոքներից հետո հայտում նախնական 146 հեկտար տարածքի ուսումնասիրության չափն իջեցվել է 54 հա-ի։ Փոքր հանքի հետևանքները գյուղացիները տեսել են․ իրենց հարևան Մղարթ գյուղում ևս կա ոսկու հանք, որի պաշարը, ինչպես ասում են տեղացիները, բավարարում է միայն «Մուլտի գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի ոսկյա վզնոցներին։ Այդ հանքը գյուղին մեծ թվով աշխատատեղեր չի բերել, միայն վնասել է բնությանը, ասում են արդվիցիները։

«Այս տարածքն արդեն մանրազննին հետախուզված է։ Տվել են գնահատական, որ այս տարածքը ոչ արդյունաբերական նշանակություն ունի։ 2008-2010 թվերին «Մուլտի գրուպն» էլ է հետախուզում արել Արդվիում։ Ըստ հետազոտությունների՝ կան ցրոնային հանքամարմիններ, կա բազմամետաղ ոսկի, կապար, արսենիում։ Կա նաև ցրոնային ուրան։ Բացելու դեպքում ռադիացիա կլինի», — ասել է Սուրեն Կիրակոսյանը։

Արդվին իր խմելու ջուրը ստանում է հանքի համար ուսումնասիրվող լեռներից։ «Ասում են՝ մենք ձեր ջուրը կսարքենք։ Ո՞նց կսարքեք, եթե ակունքներն ուզում եք խաթարել։ Գիտե՞ք ինչն է ցավալին. ենթադրենք՝ ստեղ ոչ ոք ոչինչ չէր հասկանում, պիտի գային այս գյուղում ապրող ծերերին ոչնչացնեին։ Ինչի՞ պիտի ընդհանրապես տենց հարց առաջանար։ Սեղանի շուրջ «ոչ» ասելու իրավունքն ինչո՞ւ չկա, ինչո՞ւ պետք է մենք փողոց ընկնեինք», — ասել է Արդվիի բնակիչ Մարինե Քալանթարյանը։

60 ընտանիք ունեցող Արդվիում կարծում են, որ իրենց համայնքն այլ ուղղությամբ զարգանալու լուրջ ներուժ ունի՝ տուրիզմի օգնությամբ։ Այստեղ ասում են՝ Արդվին սովորական գյուղ չէ, այն նախ և առաջ Քալանթարյանների ազնվական տոհմի հայրենիքն է։ Մինչև հիմա գյուղում ապրող Քալանթարյանները, կարծես, այլ կարգավիճակ ունեն համայնքի այլ տոհմերի համեմատ։ Տոհմերն այս գյուղում ընդհանրապես ավելի սեգրեգացված են, քան այլուր․ Արդվիում մարդիկ նույնիսկ հուղարկավորվում են առանձին գերեզմանատներում՝ ըստ ազգի։ Գյուղում կա 4 առանձին գերեզմանոց՝ Քալանթարյանների, Կիրակոսյանների, Վահրամյանների, Հովվյանների։

Քալանթարյանների գերեզմանոցում հողավորված են այդ ազգի հայտնի ներկայացուցիչները: Օրինակ՝ Սոլոմոն Քալանթարյանը, որը եղել է ցարի ներկայացուցիչը Կովկասում։ Քալանթարյանների գերեզմանոցը Կառավարության 2002 թվականի որոշմամբ ներառվել է պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։

Տուրիզմը զարգացնելու մեկ այլ նախադրյալ է սրբերի դասին պատկանող Հովհաննես Օձնեցու 8֊րդ դարի եկեղեցին։ Օձնեցին Հայաստանում հողավորված 3 սրբերից մեկն է՝ Գրիգոր Տաթևացու և Մեսրոպ Մաշտոցի հետ։ Գյուղացիները նպատակ ունեն իրենց ուժերով վերանորոգել եկեղեցին։ Այստեղ պահպանվում են ևս 5 եկեղեցիների հիմքեր։

Զբոսաշրջությունը զարգացնելու առաջին քայլերն անելու համար գյւղացիները փորձում են վերականգնել ազգային ծիսակատարությունները։ Նրանք արդեն հասցրել են յուրօրինակ կերպով նշել Նոր տարին. ունեցել են հյուրեր, բարձրացել են լեռան գլխին, խփել են եկեղեցու զանգերը։ Գյուղացիները որոշել են վերականգնել քրիստոնեական և հեթանոսական ծեսերը․ առաջիկայում նշելու են Տրնդեզը և Զատիկը։ Ապրիլի 17-ին արդվիցիները նշում են Հովհաննես Օձնեցու օրը։ Այս տարի Օձնեցու 1300֊ամյակն է, և տեղացիները որոշել են նրա օրը նշել մեծ շուքով։

Արդվիում նաև հայտնի ֆիլմեր են նկարահանվել, այդ թվում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» և Հենրիկ Մայլյանի «Մենք ենք մեր սարերը»։ Այդ մասին գյուղում շատ են պատմում։ Երբ Փարաջանովին հարցրել են՝ ինչու ես Արդվիում նկարում ֆիլմը, պատասխանել է՝ Արդվին Հայաստանի եզակի կույս մնացած վայրերից է։

Տեղացիները պարծենում են նաև, որ Արդվին միակ գյուղն է, որտեղ, ըստ նրանց, թուրք չի ապրել։ Արդվիցիները պատմում են, որ նախորդ դարի 30-ականներին Աղալոյի Արտուշ անունով հայտնի իրենց համագյուղացին սպանել է գյուղ եկած երկու թուրքերից մեկին, մյուսին՝ վտարել։ Նրան աքսորել են Սիբիր: