Հայաստանում խոստանում են պատժել հացի գները բարձրացնողներին
«Սպառողների իրավունքների պաշտպանություն»
հ/կ նախագահ Աբգար Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե ցորենի գների թանկացումը
նա կապում է Ռուսաստանի վարչապետի հայտարարության հետ:
«Թանկացման միակ պատճառը ՌԴ վարչապետի հայտարարությունն էր, որ նրանք մինչև աշուն արգելում են ցորենի արտահանումը, որն ընդհանուր 20 միլիոն տոննա է եղել ամեն տարի, բայց չգիտես ինչու ոչ մեկ չի լսում և արհամարհում է ԱՄՆ-ի հայտարարությունը, որ 15 միլիոն տոննա այս տարի ավելի շատ ցորեն է արտահանելու»,- ասել է Աբգար Եղոյանը:
Նա նաև նշեց, որ 4 օր առաջ միջազգային բորսայում 5 դոլարով ընկավ ցորենի տոննայի արժեքը, մինչդեռ Հայաստանում որոշ տնտեսվարողներ փորձում են անհիմն խուճապ առաջացնել` բարձրացնելով ալյուրի և հացի գները:
Աբգար Եղոյանը խորհուրդ տվեց լրատվամիջոցներին այդ ջրաղացի վրա ջուր չլցնել: «Չպիտի անընդհատ պտտվող ձնագնդի նման խոսենք ցորենի թանկացումից, եկեք ասենք, որ այդ թանկացումը անհիմն է ուղղակի,- ավելացրել է բանախոսը:
Աբգար Եղոյանը խոստացել է նաև, որ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը որոշակի պատժամիջոցներ կկիրառի` կապված թանկացման հետ, քանի որ ապրանքը թանկ գնով չի մտել երկիր և բոլոր գնումները կատարվել են էժան գներով: