Գլխավոր / Հայաստան / Հայ ակտիվիստները դիմել են Մեդվեդևին

Հայ ակտիվիստները դիմել են Մեդվեդևին

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ բողոքող S.O.S. Թեղուտ խումբը, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առանձին քաղաքացիներ, դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Դիմումը նախապատրաստված է Ռուսաստանի նախագահի սույն թվականի օգոստոսի 19-21-ին Հայաստան կատարած այցի համար, հաղորդում է Էկոլուրը:
Նամակում, մասնավորապես, ասված է.

Մեծարգո պարո՛ն նախագահ,
Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ողջունում ենք շրջակա միջավայրի անվտանգության և կայուն զարգացման վերաբերյալ Ձեր հայտարարած քաղաքականությունը: Կարևորում ենք, որ Ռուսաստանը, ունենալով զգալի բնական ռեսուրսներ, գիտակցում է ապագա սերունդների առաջ իր՝ կայուն բնօգտագործման պատասխանատվությունը:

Մենք Ձեզ և ռուս ժողովրդի հետ միասին վշտակցում ենք Ռուսաստանի Դաշնության կենտրոնական հատվածում մասշտաբային հրդեհների եւ դժվար վերականգնվող անտառային զանգվածների ոչնչացման արդյունքում մարդկային եւ բնական կորուստների համար:
Մեր առջև էլ են կանգնած բնական ռեսուրսները կորցնելու մարտահրավերները: Հայաստանում աղետալի տեմպերով անհետանում է անտառը, աղտողտվում են ամենամաքուր ջրի աղբյուրները: Այդ կորուստները կրում է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը:
Այս առումով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ռուսական Վնեշտորգբանկի գործունեության վրա, որը մտադիր է մոտ 300 միլիոն դոլլարի վարկ տրամադրել Թեղուտի անտառում՝ Հայաստանի ամենավերջին կուսական անտառներից մեկում, պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար:

Անկախ փորձագետները և հասարակայնությունը բազմիցս նշել են Թեղուտի նախագծի անհամապատասխանությունը ներպետական եւ միջազգային օրենսդրությանը, նրա տնտեսական  անկարողունակությունը, էկոլոգիական անվտանգության  սկզբունքների խախտումը, ջրային ռեսուրսների աղտոտումն ու կորուստը, սողանքային գործընթացների առաջացումը բարձր վտանգավորության օբյեկտների՝ պոչամբարի, թունավոր մետաղներ պարունակող լցակույտերի տեղակայման գոտում:

ՎՏԲ-ի ղեկավարությունը հրաժարվում է երկխոսության մեջ մտնել հասարակայնության հետ, չի պատասխանում նամակներին, արհամարհում է հասարակական բողոքը՝ դիմելով ուժային մեթոդների:

Թույլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանին, որ ՎՏԲ-ի քաղաքականությունը բերեց նրան, որ հասարակայնության կոչով շատ կազմակերպություններ եւ մասնավոր անձինք հրաժարվում են ՎՏԲ-ի ծառայություններից, ինչը չի կարող չազդել այդ խոշոր ֆինանսական ինստիտուտի հեղինակության վրա:
Մենք նաև ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը եւ դրանից բխող այլ որոշումներ ներկայումս վիճարկվում են ինչպես ներպետական դատական ատյաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Մեծարգո պարո՛ն նախագահ, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Դա, մեր համոզմամբ, ներկայիս  սոցիալ-տնտեսական հարաբերությունների ոչ դյուրին իրավիճակում կարող է դրական դեր խաղալ մեր երկրների միջեւ վստահության ամրապնդման գործում:
Թեղուտի նախագծի դեմ նամակը ստորագրող S.O.S. Թեղուտ խմբի եւ 5 000 քաղաքացիների անունից՝
1.    Մամիկոն Ղասաբյան՝  «Թռչունների պահպանման հայկական» ՀԿ
(Birdlife in Armenia)
2.    Ժաննա Գալյան՝ «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ
3. Էդգար Ենգիբարյան՝ Հրազդանի Օրհուս կենտրոն
4. Նիկիտա Զառոբյան՝ «Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամ»
5. Սոնա Այվազյան՝ «Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամ»
6. Մարիամ Սուխուդյան՝ «Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամ»
7. Նելլի Գուրգենյան՝ «Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամ»
8. Սամվել Հովհաննիսյան՝ «Հեծանիվ +» ՀԿ-ի նախագահ
9. Վահրամ Սողոմոնյան՝ «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնող շարժում
10. Մանե Հակոբյան՝ «Ժողովուրդն է իր երկրի տերը» միության նախագահ
11. Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
12. Արման Վերմիշյան՝ ««Բուրգ» Բնապահպանական Երիտասարդական
Կենտրոն» ՀԿ
13. Գեւորգ Պետրոսյան՝ «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ, Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
14. Ելենա Մանվելյան՝ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
15. Սիլվա Ադամյան՝ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ
16.Գրետա Գաբրիելյան՝ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
17. Հասմիկ Ասլանյան՝ «Շողեր» միություն
18. Լեւոն Մացակյան՝ Մանկական ճամբար
19. Քնարիկ Հովհաննիսյան՝ Հայ սեյսմոլոգների միություն

Tekali Taxi