Գլխավոր / Армения / Հայաստանի փայլուն դիվանագիտությունը կարող է զրոյանալ պատերազմի դեպքում. Գոլց

Հայաստանի փայլուն դիվանագիտությունը կարող է զրոյանալ պատերազմի դեպքում. Գոլց

ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրն այն է, որ Կազմակերպության մեջ մտնող երկրները չեն ունեցել ու այժմ էլ չունեն սպառնալիքների ընդհանուր ընկալում և դրանք հաղթահարելու մեթոդներ, Ежедневный журнал պարբերականում գրում է ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը:

«Հայաստանի սպառնալիքներն էապես տարբերվում են Բելառուսի սպառնալիքներից (եթե այդ երկիրն ընդհանրապես սպառնալիքներ ունի): Իսկ ՀԱՊԿ-ի Կենտրոնական Ասիայի երկրները հաճախ սպառնալիք են տեսնում միմյանց քաղաքականության մեջ: Այսպես, Ուզբեկիստանը, Ղրղզստանն ու Թաջիկստանը մի շարք տարածքային հավակնություններ ունեն միմյանց նկատմամբ», – նշում է հոդվածի հեղինակը:

Գոլցի կարծիքով` ՀԱՊԿ-ի միակ նպատակն է պարբերաբար ցույց տալ, որ Մոսկվան դաշնակիցներ ունի. «Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի առաջնորդները ստիպված են եղել տարին երկու անգամ խոնարհվել Կրեմլի առջև և պարկեշտ փոքր եղբայրների դեր խաղալ: Փոխարենը նրանք որոշակի ֆինանսական արտոնություններ էին ստանում` էներգակիրների սուբսիդավորված գների կամ Ռուսաստանում արտադրվող տեխնիկայի տեսքով»:

Երևանի գագաթաժողովի հիմնական հարցը հետևյալն էր. ինչպես գործել որոշ իրավիճակներում, օրինակ, այնպիսի, ինչպիսին ձևավորվել էր Ղրղզստանում: Ըստ Գոլցի` ՀԱՊԿ-ն անմիջապես փշրվում է, երբ հարցը հասնում է լուրջ որոշումներին:
«Մի բան է` Մեդվեդևի հանդեպ հարգանք պատկերել, մեկ ուրիշ բան` աշխարհի ծայրն ուղարկել սեփական երկրի զինվորներին», – գրում է Գոլցը:

«Կրեմլը, որը ցանկանում է ամեն գնով դաշնակիցներ ունենալու պատրանք ստեղծել, ստիպված է ընկրկել: Միայն այդպես կարելի է բացատրել այն, որ Երևանը կարողացավ պնդել, որ հայ-ռուսական նոր արձանագրությունում ռուսական կողմը ստանձնի Հայաստանի ռազմական անվտանգության համատեղ ապահովման և ժամանակակից տեխնոլոգիաներով ապահովման պարտականությունները:   

Երկար տարիների ընթացքում Մոսկվան խուսափում էր նման պարտականություններից`  հասկանալով, թե որքան դրանք կարող են սրել Ադրբեջանի հետ հարաբերությունները: Սակայն, չնայած Երևանը փայլուն դիվանագիտական հաղթանակ տարավ, որևէ երաշխիք չկա, որ ռազմական հակամարտության վերսկման դեպքում Մոսկվան հանդես կգա Հայաստանի կողմից: Ինչպես ցույց են տալիս ՀԱՊԿ-ում ձևավորված հարաբերությունները, ճգնաժամային պահերին հետխորհրդային երկրները չեն շտապում կատարել ստանձնած պարտականությունները», – եզրափակել է փորձագետը:

Tekali Taxi