Գլխավոր / Հայաստան / Մեր սպառազինությունը կարող է դիմագրավել C-300-ին. փորձագետ

Մեր սպառազինությունը կարող է դիմագրավել C-300-ին. փորձագետ

Այսօր հրավիրված համատեղ մամուլի ասուլիսին «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը և պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը խոսեցին հասարակական տրամադրությունների մասին` քննարկելով, թե ինչ տեղեկատվական-հոգեբանական բաղադրիչներ առաջացան հայ-ռուսական արձանագրությունների համատեքստում:

Գագիկ Հարությունյանը, նշելով, որ ամեն խոշոր իրադարձություն ունի իր տեղեկատվական-հոգեբանական բաղադրիչը, ասել է, որ հայ-ռուսական պայմանագիրն էլ արձագանք գտավ հասարակության մեջ: Ինչ վերաբերում է ադրբեջանական հանրային արձագանքին, Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանում` հանրության որոշակի շերտերում, նկատվում է թերահավատություն սեփական ուժերի հանդեպ:

«Ադրբեջանի արտաքին քաղաքակնությունը ձախողումներ է ապրում. օրինակ, Ադրբեջան-Իրան հարաբերություներում: Թուրքիա- Ադրբեջան հարաբերություները, կարծես, չեն բավարարում Բաքվին: Կարծես` Ադրբեջանը դարձել է խաղալիք մեծ տերությունների ձեռքին»,- հավելեց Գագիկ Հարությունյանը:

Հայաստանում հասարակական արձագանքին անդրադառնալով` Գագիկ Հարությունյանը նկատեց, որ այն բավական դրական էր, սակայն, ըստ նրա, Հայաստանում Ռուսաստանի իմիջը բավարար չափով բացահայտված չէ. այստեղ դեռ կայսերական ընկալումներն են տիրում հանրության շրջանում:

«Հայ-ռուսական հարաբերություններում հայերը միայն Ռուսաստանում կատարվող սպանություններն են դիտարկում, իսկ հենց դրա վրա կենտրոնանալը, կարծում եմ, այդքան էլ նպատակահարմար չէ»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Դավիթ Ջամալյանն էլ հավելեց, որ հայ-ռուսական վերջին զարգացումներից հետո ադրբեջանական պրոպագանդայի համար դժվար կլինի իր հանրությանը համոզել սեփական ուժերի վստահության հարցում:

«Տարիներ շարունակ Ադրբեջանը կերտել է թույլ հակառակորդի միֆը, իսկ հիմա կարծես թե այն քանդվում է: Մոտալուտ ապագայում կտեսնենք հայ-ռուսական հարաբերությունների վարկաբեկման փորձ Ադրբեջանի կողմից»,- վստահեցրեց Դավիթ Ջամալյանը: Նա նաև անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300-ի վաճառքին:

«Ռուսաստանն իր քաղաքականությունն է վարում, իր շահերն ունի. նա միշտ ձգտելու է իր ուղեծրում պահել Ադրբեջանին: Իհարկե, չի բացառվում, որ C-300-ը ինչ-որ տեղ կարող է մեր դեմ օգտագործվել, բայց դա չի նշանակում, որ մեր սպառազինությունը չի կարող դիմագրավել դրան: Նաև C-300-ի վաճառքը չի նշանակում, որ պատերազմի սպառնալիքը ակնհայտ է դառնում», – ասել է Ջամալյանը:

Tekali Taxi