Home / Հայաստան / Խալաֆյանի սպանության հետ կապված ապշեցուցիչ մանրամասներ են ի հայտ եկել

Խալաֆյանի սպանության հետ կապված ապշեցուցիչ մանրամասներ են ի հայտ եկել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը, ով մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը, ըստ նախնական վարկածի, հանգեցրել է ինքնասպանության, ուրբաթ օրը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում հայտարարեց, թե իրականում ինքնասպանություն տեղի չի ունեցել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

24-ամյա Վահան Խալաֆյանը, հիշեցնենք, մահացել է Չարենցավանի ոստիկանություն բաժնում ապրիլի 13-ին, ուր բերման էր ենթարկվել գողության կասկածանքով, եւ, ըստ մեղադրական եզրակացության, ինքնասպան է եղել:

«Ինքնասպանություն չի եղել: Ինքնասպանության գնացողը [իրեն դանակով հարվածելուց առաջ] շորը չէր բարձրացնի, երկու անգամ իրեն չէր խփի` մեկը երեք, մյուսը 12 սանտիմետր խորությամբ: Ոչ ոք դրան ուշադրություն չի ուզում դարձնի», – դատական նիստում ցուցմունք տալիս հայտարարեց Հարությունյանը:
 
Հարությունյանը մեղադրող կողմի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ եթե տեղի ունեցածը ինքնասպանություն լիներ, ապա դանակի վրա պետք է անպայման մնային Վահանի մատնահետքերը:

Ամբաստանյալ Հարությունյանն այսօրվա իր ցուցմունքում նաև պնդեց, որ տեղի ունեցածը կատարվել է իր բացակայության ժամանակ: Ինքը աղմուկ է լսել այն սենյակից, որտեղ գտնվում էր Խալաֆյանը և գնացել է այնտեղ. «Երբ մտա աշխատասենյակ, աթոռները խառնված էին, ընկած էր գետնին մի աթոռ: Սա վկայում է այն մասին, որ այդտեղ քաշքշուկ է եղել, այդտեղ պայքար է եղել»:

Հարությունյանի պնդմամբ, գործով անցնող մյուս ամբաստանյալ Մորիս Հայրապետյանը սուտ ցուցմունք է տվել իր դեմ: Մեղադրող կողմի հարցին, թե ինչու պիտի Մորիս Հայրապետյանը սուտ ցուցմունք տար, Աշոտ Հարությունյանը պատասխանեց. «Ինքը դրանով կոծկել է այն հանգամանքը, որ ինքը իր գործողություններով մահ է պատճառել Վահան Խալաֆյանին: Ես ասում եմ` անզգուշությամբ մահ է պատճառել ոստիկանը քաղաքացուն իր անփույթ գործողությունների հետևանքով»:

Հարությունյանի համոզմամբ, իր դեմ ցուցմունք տալով Հայրապետյանը գործարքի է գնացել Հատուկ քննչական ծառայության հետ` իրականությունը թաքցնելու նպատակով:

Չարենցավանի ոստիկանության քրեական բաժանմունքի նախկին պետը հայտարարեց, թե Հատուկ քննչական ծառայությունը փորձել է գործարքի մեջ մտնել նաև իր հետ` առաջարկելով ցուցմունք տալ իր ղեկավարների դեմ:

«Ես պարզ ասեմ` նման առաջարկ եղել է, որ` արի քո պետերի վրա դու էլ գրիր, տեսնենք ինչ ենք անում», – ասաց նա` շարունակելով. – «Եթե ես արած լինեի ինչ-որ մի բան, մեխանիկորեն ես կընդունեի, որպեսզի այս պատժից շուտ պրծնեմ… Բայց ես հիմա հայտարարում եմ, որ ես ոչ մի բան չեմ արել»:

Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 3-ին:

Tekali Taxi