Գլխավոր / Հայաստան / ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 79.8 մլրդ, ծախսերը` 37 մլրդ դրամով

ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 79.8 մլրդ, ծախսերը` 37 մլրդ դրամով

2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 438.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 463.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից ինն ամիսների համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 85.1 և 72.9 տոկոսը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 60.2%-ով, ծախսերի գծով` 54.1%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.2%-ով կամ 79.8 մլրդ դրամով:

2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 8.7%-ով կամ շուրջ 37 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 24.7 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 67.5 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: