Գլխավոր / Армения / Ղարաբաղում պատերազմի հավանականությունը ցածր է. թուրք փորձագետ

Ղարաբաղում պատերազմի հավանականությունը ցածր է. թուրք փորձագետ

Թուրքիայի Բոսֆորի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերություններն արդեն իսկ կանխորոշված են, քանի որ այսօր Ռուսաստանը համարվում է Հայաստանի ամենասերտ ռազմական գործընկերը, ինչպես նաև հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրումից հետո ակնհայտ դարձավ Ռուսաստանի շահագրգռությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում: 

«Անկարան նույնպես ակնկալում էր, որ Ռուսաստանը կոնկրետ դերակատարություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները շատ ավելի զարգացած են, քան, օրինակ, թուրք-ամերիկյան հարաբերությունները: Սակայն հայ-թուրքական պայմանագրերի ստորագրումից հետո Ռուսաստանի վարած քաղաքականությունը հիասթափություն առաջացրեց Անկարայում, քանի որ Ռուսաստանը ցանկանում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ֆոնի վրա նպաստել թուրք-ադրբեջանական հարաբերությունների անկմանը, և Թուրքիայի թե քաղաքական և թե տնտեսական դաշտում զբաղեցնել Ադրբեջանի տեղը»,- ասել է Բեհլուլ Օզքանը:

Խոսելով հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մասին` փորձագետը նշեց, որ չի կարծում, թե պատերազմ կսկվի:

«Պատերազմի հավանականությունը ցածր է, քանի որ Ադրբեջանը գազով ու նավթով կապված է Թուրքիային և արտաքին աշխարհին, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունները հաստատ չեն ցանկանա որևէ պատերազմի պատճառով վտանգի ենթարկել իրենց կապերը արտաքին աշխարհի հետ կամ իրենց գազուղիներն ու նավթուղիները»,-հավելեց Բեհլուլ Օզքանը:
Tekali Taxi