Գլխավոր / Հայաստան / Էլ ինչ հարսանիք առանց տրակտորի. պարզաբանում է ազգագրագետը

Էլ ինչ հարսանիք առանց տրակտորի. պարզաբանում է ազգագրագետը

Այսօրվա հարսանիքները հայոց ավանդական ծիսաշարի միայն մի աղքատիկ մասն են կազմում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը և հավելել, որ Հայաստանի գյուղերում դեռևս շատ ավանդույթներ պահպանվում են: Բարեբախտաբար, պահպանվում են, հատուկ ընդգծել է ավանդույթասեր ազգագրագետը:

«Վերջերս ես Իջևանում մի հարսանիքի քավոր էի, որտեղ հարսին իր հորական տանից հանելու ժամանակ տրակտորներով և մեքենաներով փակել էին ճանապարհը հարսի եղբայրները և փող էին ուզում: Սա դարերից եկած հայկական հարսանեկան ավանդույթ է, որը շատ գեղեցիկ է. իսկ ինչո՞ւ չանել. սա ամրապնդում է խնամիների միջև բարեկամությունը»,- պատմել է ազգագրագետը:

«Օժիտն էլ շատ ճիշտ բան է, մեր իրականության հետ շատ համահունչ է. դրանով հայրը տնտեսապես բարելավում է իր աղջկա վիճակը»,- ասել է նա և լրագրողներին տեղեկացրել, որ օժիտը ձևավորվել է այն ժամանակ, երբ հասարակությունն անցել է մասնավոր սեփականության:

«Իսկ հիմա աղջկան հարսանիքի օրը միանգամից տան բանալի են տալիս: Բա մի հատ հարսը չգա, մտնի իր ամուսնու օջախը, սովորի ամուսնու ծնողներին սիրել իր ծնողների նման: Իմ հարսները մինչև 2 երեխա չեն ունեցել իմ տան մեջ, ես նրանց չեմ թույլ տվել առանձին ապրել»,- հպարտությամբ պատմել է Ռաֆայել Նահապետյանը:

Նա նաև նշեց, որ հայ պատմագրության մեջ մեր պատմագիրները շրջանցել են հարսանեկան արարողությունների թեման, դրան կարևորություն չեն տվել:

«Միայն այլ երկրների ավանդույթների հետ համեմատություններ անցկացնելու համար արված են շատ կցկտուր արձանագրություններ, որոնցից տեղեկանում ենք, որ հայ պատմագիրները քննադատում են ազատ սիրո վրա հիմնված ամուսնությունները և ամուսնալուծությունները` դրանք համարելով քրիստոնեական բարքերին ոչ համահունչ», – ասել է ազգագրագետը:

Tekali Taxi