Գլխավոր / Հայաստան / Հայաստանում «Արևմտյան Նեղոսի» դեպքեր չեն գրանցվել. նախարարություն

Հայաստանում «Արևմտյան Նեղոսի» դեպքեր չեն գրանցվել. նախարարություն

Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխարհում լայն տարածում է գտել «Արևմտյան Նեղոս» տենդը, որի հետևանքով հարևան Թուրքիայում արդեն երեք մարդ է մահացել:

Epress.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանում գրանցվել են տվայլ հիվանդության դեպքեր` Առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության շրջանում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր չեն արձանագրվել:

Առողջապահության նախարարության գրության մեջ նշվում է, որ ըստ պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության` համաճարակային իրավիճակն աշխարհում լարված է: Մասնավորապես, դեպքեր են արձանգրվել Ռուսաստանի Դաշնությունում /պաշտոնական տեղեկատվությամբ` 01.09.2010 թվականի դրությամբ` 231 դեպք, ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` 300 և ավելի/:

Արևմտյան Նեղոսի տենդը սուր տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է տենդը, ուղեղի թաղանթների շճային բորբոքումը /հազվադեպ` մենինգոէնցեֆալիտի երևույթներ/, լորձաթաղանթների ախտահարումը, լիմֆադենոպաթիան, ավելի հազվադեպ հանդիպում է նաև ցան:

Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսն առաջին անգամ հանդիպել է 1937 թվականին Ուգանդայում, որից հետո վերջինս լայնորեն տարածվել է Աֆրիկայում և Ասիայում:

Վիրուսի փոխանոցներ համարվում են մոծակները, իքսոդային և արգասային տզերը, իսկ պահոց համարվում են` թռչունները և կրծողները:  

Հիվանդությանը բնորոշ է արտահայտված ինտոքսիկացիան, մասնավորապես` ուժեղ, տանջող գլխացավ`արտահայտված ճակատի և աչքերի շրջանում, մկանային ցավեր, փսխում, ախորժակի անկում, ցավեր սրտի շրջանում և կրծքավանդակի ձախ հատվածում, եղջերաթաղանթի կարմրություն: Հիվանդների մեծամասնության մոտ նկատվում է նաև հոդացավեր:

Tekali Taxi