Home / Армения / Հայ ոստիկանը զբաղվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ

Հայ ոստիկանը զբաղվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչ Ա.Բակունցը: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչը, համաձայնության գալով քաղաքացուհի Ա.Մանուկյանի հետ, վերջինիս ծանոթ Ա.Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ստեղծել է կեղծ ապացույցներ՝ արհեստածին հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության մասին: Մասնավորապես՝ նախաքննության տվյալներով, Ա.Բակունցը, անձամբ ապօրինի ձեռք բերելով խոշոր չափերով՝ 9.55 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն տեղափոխել է Ա.Մանուկյանի բնակարան և վերջինիս միջոցով ձեւակերպել, իբր, մարիխուանան պատկանում է Ա.Գևորգյանին, իսկ Ա.Մանուկյանի բնակարանից վերցված սառը զենք հանդիսացող դանակը ձևակերպվել է, թե այն հայտնաբերվել է Ա.Գևորգյանի տաբատի գրպանից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Բակունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։

Tekali Taxi