2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը «մոռացել է» մասնակցել հանրաքվեին

Քեմալ Քիլիչդարօղլուն` Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության առաջնորդը, հայտարարել է, որ ինքը չի քվեարկել սեպտեմբերի 12-ի սահմանադրական բարեփոխումների փաթեթին վերաբերող հանրաքվեի ժամանակ, քանի որ այն ընտրատարածքում, որտեղ ինքը պետք է քվեարկեր, խառնաշփոթ վիճակ էր տիրում: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:

«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ կուսակից ընկերներից, եթե հիասթափեցրել եմ նրանց»,-կիրակի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հանրապետական Ժողովրդական կուսակցության նախագահը:

«Ես պարտավոր էի ստուգել ընտրողների գրանցամատյանը մինչ ընտրությունները, բայց ես չէի կարող անել դա, քանի որ չափազանց շատ էի զբաղված հանրաքվեից առաջ ընթացող քարոզարշավի ժամանակ»,- ասել է նա և ավելացրել, որ իր անունը հանված է եղել ընտրողների ցուցակից առանց իր գիտության:

Հիշեցնենք, որ Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը կոչ էր անում սահմանադրական բարեփոխումների փաթեթին դեմ քվեարկել: