Գլխավոր / Հայաստան / Թուրքիային տուգանեցին աղջիկների պարն արգելելու պատճառով

Թուրքիային տուգանեցին աղջիկների պարն արգելելու պատճառով

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) 3200 շվեյցարական ֆրանկով տուգանել է Թուրքիայի բասկետբոլի ֆեդերացիային վերջերս Թուրքիայում կայացած բասկետբոլի աշխարհի առաջնության խաղերին աջակցող աղջիկների պարն արգելելու համար, հաղորդում է Hurriyet-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Ռուսաստան խաղի ընթացքում աջակցող աղջիկների պարը տեղի չի ունեցել, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը եկել են մարզադահլիճ խաղին հետևելու համար: Ուկրաինական պարային խմբի աղջիկներին փակել են սենյակում և թույլ չեն տվել մարզահարթակ դուրս գալ և պարել, ինչպես նախօրոք որոշված էր:

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան ընդունել է, որ կազմակերպիչները փորձել են, այսպես կոչված, մշակութային համապատասխանություն» ապահովել Թուրքիայի ընտրանու խաղերի ժամանակ, սակայն միևնույնն է տուգանել է կազմակերպիչներին: Նշենք նաև, որ խնդիրներ են առաջացել նաև Միացյալ Նահանգներ -Իրան խաղի ընթացքում, սակայն այս դեպքում պարը տեղի է ունեցել, միայն թե աղջիկները եղել եմ ավելի համեստ համազգեստով:

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պատրիկ Բաումանը New York Times-ին տված հարցազրույցում ասել է.

«Մենք պետք է հավասարակշռություն պահպանենք մշակույթի նկատմամբ հարգանքի և բասկետբոլում առկա հուզմունքների, զվարճանքի, զգացմունքների միջև: Եթե մոտեցումները ճշտման կարիք ունեն, մենք պատրաստ ենք դա անել»:

Թուրքիայի բասկետբոլի ֆեդերացիան, իր հերթին, հերքել է այն տեղեկատվությունը, համաձայն որի պարերի արգելքը քաղաքական ենթատեքստ ունի:

Tekali Taxi