Գլխավոր / Армения / Երիտասարդության խնդիրները օրենքը չի լուծելու. պատգամավոր

Երիտասարդության խնդիրները օրենքը չի լուծելու. պատգամավոր

«Բարգավաճ կուսակցությունը» սեպտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում նախատեսում է օրենքի նախագիծ առաջարկել, որը նվիրված է լինելու երիտասարդության խնդիրներին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը:

Պատգամավորի խոսքերով, օրենքի նախագծում անդրադարձ է լինելու նաև զինապարտության մասին օրենքին:

«Երբ այս օրենքը շրջանառության մեջ է դրվում, մեծ աղմուկ են բարձրացնում հիմնականում բուհերում սովորող վերջին կուրսեցիներն ու ասպիրանտները: Մենք առաջարկում ենք հստակ ճշտել, թե ասպիրանտներից քանի տոկոսն են իրականում գիտությամբ զբաղվում և հրապարակենք այդ տվյալները», – հայտարարել է Էնֆիաջյանը:

Ասուլիսի մյուս մասնակից «Ժառանգության» խմբակցության ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ գիտությունը, կրթությունը և բանակն այնպես պետք է զարգացնել, որ մեկը մյուսի համար խոչընդոտ չլինի:

«Չեմ կարծում, որ օրենքի միջոցով հնարավոր կլինի երիտասարդության հարցերը լուծել, դա փրկության դեղատոմս չէ», – ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նշել է, որ խնդիրը միայն այն չէ, որ այսօր կուսակցությունները բուհեր են մտել, այլ այն է, որ միայն իշխանական կուսակցություններն են այնտեղ:

«Ընդդիմությունը չի կարողանում հանդիպումներ կազմակերպել երիտասարդության հետ: Այստեղ նույնպես, ինչպես ամենուր, մենաշնորհ է տիրում: Ունենք խիստ քաղաքականացված, բայց ոչ քաղաքականապես գրագետ ուսանողություն», – ասել է Մարտիրոսյանը:

Որպես օրինակ ԱԺ պատգամավորը նշել է ակցիաները, որոնք, Մարտիրոսյանի խոսքով, կազմակերպում են «միասինը, միակը, եզակիրն, մինուճարը, բազեները, արծիվները»:

«Դրանց իմաստը անհասկանալի է», – ասել է Մարտիրոսյանը:

«Սակայն եթե օրենքը դրական շեշտադրումներով լինի, չեմ կարծում որ դեմ կքվեարկեմ», – ասել է Մարտիրոսյանը` ևս մեկ անգամ նշելով, որ օրենքով չէ որ հարցը պետք է լուծվի:

Tekali Taxi