Գլխավոր / Армения / Վերլուծաբանները Հայաստանի հավաքականի հաղթանակին են սպասում` նվազագույնից մինչև խոշոր

Վերլուծաբանները Հայաստանի հավաքականի հաղթանակին են սպասում` նվազագույնից մինչև խոշոր

Սլովակիայի հետ խաղում տոնած հաղթանակը որոշակի պարտավորություններ ու խնդիրներ է առաջացնելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը:

«Անդորրայի դեմ խաղում Հայասատանի հավաքականը խաղադաշտ է դուրս գալու ակնհայտ ֆավորիտի կարգավիճակով, ինչը մեծ հաշվով նոր երևույթ է մեր թիմի համար: Սա կարող է խանգարել հավաքականի կայացմանը, առաջընթացին: Դժգոհ չեմ լինի անգամ նվազագույն հաշվով հաղթանակից», – նշել է Նիկողոսյանը:

«Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ Հայաստանի հավաքականին հաղթանակից բացի ուրիշ արդյունք ձեռնտու չէ: Հիմա բոլորն էլ ասում են, որ շատ դժվար է լինելու (Վարդան Մինասյանի կարծիքով` նույնիսկ Սլովակիայի խաղից էլ դժվար): Բայց համոզված եմ, որ կհաղթենք», – մեզ հետ զրույցում հայտնել է Առաջին ալիքի մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:

Նա նշել է, որ Հայաստանի հավաքականն առայժմ գտնվում է ոգևորության ալիքի վրա և կշարունակի չորս օր առաջ սկսած գործը:

«Բացի այդ, մեր ֆուտբոլիստների անհատական վարպետությունն այժմ թույլ է տալիս նույնիսկ դժվար դասավորվող խաղերում ստեղծել բազմաթիվ պահեր, իսկ դրանք օգտագործելու հարցում նույնպես առաջընթաց է նկատվում: Եթե հաջողվի արագ գոլ խփել, Հայաստանի հավաքականը կհաղթի նույնիսկ խոշոր հաշվով: Իմ կանխատեսումը` 3:0», – նշել է Քալանթարյանը:

REGNUM գործակալության մարզական վերլուծաբան Արամ Արոյանի կարծիքով` Հայաստանի հավաքականին հեշտ չի լինի, չնայած մեր թիմը հանդես է գալու ակնհայտ ֆավորիտի կարգավիճակով:

«Գաղտնիք չէ, որ «գաճաճ» երկրի ներկայացուցիչները ամբողջ թիմով փակվում են սեփական տուգանային հրապարակում, ինչի արդյունքում շատ դժվար է անցնել հագեցած պաշտպանությունը: Նման դեպքերում հարձակվող թիմը պետք է հույսը դնի իր ֆուտբոլիստների անհատական վարպետության վրա: Ի ուրախություն մեզ, Հայատսանի հավաքականի կազմում այդպիսի ֆուտբոլիստներ կան (Մխիթարյան, Մանուչարյան , Մովսիսյան): Որոշիչ կարող է լինել արագ գոլը և ստանդարտ դիրքերի հաջող իրացումը: Իմ կանխատեսումն է 2:0», – ասել է Արամ Արոյանը:

Tekali Taxi