Գլխավոր / Հայաստան / Օրական 3 դրամ ընտրակաշառքով ապօրինի գրպանում են 1000 դրամ. հայտարարություն

Օրական 3 դրամ ընտրակաշառքով ապօրինի գրպանում են 1000 դրամ. հայտարարություն

Ընդդիմության հոկտեմբերի 15-ի հանրահավաքի նախօրեին «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Օրական 3 դրամ ընտրակաշառքով իշխանությունները յուրաքանչյուր քաղաքացուց միաժամանակ ապօրինի գրպանում են 1000 դրամ: Կոռուպցիայի դեմ իրական պայքարի գործնական քայլերը մեր երկրում վաղուց պետք է կատարված լինեին։ Նվազագույն ամսական աշխատավարձը պետք է լիներ 120 000 դրամ, այլ ոչ թե 32 500 դրամ, պետական ծառայողների բազային աշխատավարձը` 150 000 դրամ, այլ ոչ թե 40 000 դրամ:

Տասը և ավելի տարիների ընթացքում յուրաքանչյուր օր Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց սպասարկուները Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գրպանից օրական գողացել և շարունակում են գողանալ ավելի քան 1000 դրամ և հինգ տարին մեկ ընտրակեղծարարներին 5000 դրամ ընտրակաշառք տալով՝ ամրագրում իրենց հանցավոր գործունեությունը:

Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա սերնդի, այլև ապագա սերունդների առջև: Ելնելով պատասխանատվության այդ գիտակցումից` պահանջում ենք բոլոր այն քաղաքացիներից, ում համար առաջնային է հասարակական ու ազգային շահը, ում համար Հայրենիքը գրպանային կատեգորիա չէ, ոտքի կանգնել և պայքարել ՀՀ-ում Սահմանադրական կարգի անհապաղ վերականգնման համար՝ մասնակցելով հոկտեմբերի 15-ի համապետական հանրահավաքին։

Նախագահի պաշտոնը բռնազավթած ու մարտի 1-2-ի 10 զոհերի արյունով օծված իշխանագողին՝ անհապաղ հրաժարական տալ, դադարեցնել Ազգային ժողովում 2011 թ. անիրատեսական, կոռուպցիան խթանող բյուջեի և տնտեսությունը կործանող այլ ազգադավ օրինագծերի քննարկումը ու հոժարակամ հրաժարական տալ` ձեռնամուխ լինելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

Tekali Taxi