Գլխավոր / Հայաստան / Կոնգրեսի երթն այս անգամ ընթացավ կարճ երթուղով

Կոնգրեսի երթն այս անգամ ընթացավ կարճ երթուղով

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքից հետո ընդդիմության ներկայացուցիչները երթ կազմակերպեցին, որն անձրևի պատճառով անցավ կարճ երթուղով: Ընդդիմության ներկայացուցիչներն անցան Մաշտոցի պողոտայով և Թումանյան փողոցով ու հանգրվանեցին Հյուսիսային պողոտայում:

Երթն առաջնորդում էր ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այս անգամ երթը չանցավ առանց միջադեպերի: Երթի ընթացքում երիտասարդները սկսեցին վանկարկել «Սերժիկ, հեռացիր», որից հետո Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը հարձակվեցին և սկսեցին քաշքշել նրանց: Ոստիկանները պահանջում էին դադարեցնել Սերժ Սարգսյանին վերաբերող վանկարկումները:

Հասնելով Հյուսիսային պողոտա` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցելը շատ կարևոր է: Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ քսան րոպե մնաց Հյուսիսային պողոտայում և զրուցեց քաղաքացիների հետ, այնուհետև երթի մասնակիցները, «Լևոն, Լևոն» վանկարկելով, ճանապարհեցին ընդդիմության առաջնորդին:

Tekali Taxi