Գլխավոր / Армения / Հայրենասիրությունը և թուրքատյացությունը մեր երկրում վերածվել է գողության լիցենզիայի. Տեր-Պետրոսյան

Հայրենասիրությունը և թուրքատյացությունը մեր երկրում վերածվել է գողության լիցենզիայի. Տեր-Պետրոսյան

Շատերը կոռուպցիան հանգեցնում են պետական պաշտոնյաների կաշառակերության սովորական երևույթին, որն այս կամ այն չափով հատուկ է բոլոր, այդ թվում` ամենազարգացած ու օրինապաշտ երկրներին։ Յուրաքանչյուր պետության իրավա-բարոյական սկզբունքների հաստատությունից ու հասարակությունների  հասունությունից է կախված, թե նրանք ինչպես են պայքարում այդ անհանդուրժելի երեւույթի դեմ։ Սակայն կաշառակերությունը, քանի այն կրում է մասնակի բնույթ եւ սահմանափակվում միայն անպարկեշտ պաշտոնյաների շրջանակով, կազմում է պետական մասշտաբի կոռուպցիայի սոսկ մեկ, այն էլ ոչ ամենաէական բաղկացուցիչ մասը։ Իրական չարիքը պետական մասշտաբի կոռուպցիան է, որը շատ ավելի ընդգրկուն եւ համակարգավորված հասկացություն է։ Այսպես է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել իր ելույթի այն հատվածը, որը վերաբերում է կոռուպցիային:

«Հայաստանի դիտավորյալ ձևախեղված տնտեսական համակարգը լիովին հարմարեցվել է կոռուպցիայի, այսինքն երկրի անխնա թալանի պահանջներին։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի կամ լիբերալիզմի հետ։ Լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով, ավելի ճիշտ, քրեական աշխարհի կանոններով ու հասկացություններով։ Նախագահի ու վարչապետի փակ գրասենյակներում են որոշվում սեփականության բաշխման, պետական գույքի և հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների և տենդերների կազմակերպման, արտահանման և ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման և հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը։ Այսինքն՝ հիմնովին խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը։

Նա նշել է, որ սովորաբար, կոռուպցիայի ամենացցուն արտահայտությունն է համարվում, այսպես կոչված, ստվերային տնտեսությունը, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից։

«Սակայն համարձակվում եմ ասել, որ Հայաստանում իրականում ստվերային տնտեսություն չկա։ Մեր իշխանավորներն այնքան կազմակերպված ու աչալուրջ են, որ նրանց հսկողությունից ոչինչ չի վրիպում եւ առանց նրանց թույլտվության ոչ մի ստվեր չի գոյանում, ինչը նշանակում է, որ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումներն ուղղորդվում ու կառավարվում են մեկ կենտրոնից։ Հետևաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը, որն անհամեմատ մեծ է առաջինից։ Ըստ այդմ, եթե իրական բյուջեի կեսից ավելին չգողացվեր, ապա այսօր մեր երկրի բյուջեն պետք է լիներ ոչ թե 2.5, այլ առնվազն 5-6 միլիարդ դոլար։ Այս փաստը ձեզ վերացական կարող է թվալ։ Ուստի պատկերացնելու համար, թե դա ինչ է նշանակում, թերեւս հարկ է այն ավելի շոշափելի դարձնել։ Դա պարզապես նշանակում է, որ ձեր աշխատավարձերն ու թոշակներն այսօր առնվազն կրկնակի բարձր պետք է լինեին։ Այսինքն՝ միջին աշխատավարձը 283 դոլարի փոխարեն պիտի կազմեր 566 դոլար, 50 հազար դրամ ստացողը պիտի ստանար 100 հազար, 100 հազար ստացողը՝  200 հազար, իսկ 200 հազար ստացողը՝ 400 հազար։ Ավելի կոնկրետ՝ ձեզանից յուրաքանչյուրից ամեն ամիս գողանում են մեկ աշխատավարձ կամ մեկ թոշակ», – հայտարարել է ընդդիմության առաջնորդը։

Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ պետականորեն ուղղորդվող ու կարգավորվող համատարած կոռուպցիան իրականացվում է հստակ մշակված մեխանիզմների միջոցով։

Դրանք են.

— տնտեսության, մանավանդ, ներմուծման բնագավառի գրեթե լիակատար մենաշնորհացումը,
— շուկայականից անհամեմատ ցածր գներով պետական ունեցվածքի վաճառքը,
— կեղծ աճուրդների ու տենդերների անցկացումը,
— ազգային տարադրամի արհեստական արժեւորումը,
— պետական պահուստի մսխումը դրամի կայունությունը պահպանելու նպատակով,
— ներմուծվող մենաշնորհային ապրանքների նվազեցված ծավալների արձանագրումը,
— վիճակագրական սիստեմատիկ մանիպուլյացիաները,
— հարկային ու մաքսային չգրված արտոնությունների շնորհումը,
— ներմուծման բնագավառում քվոտաների բաշխումը,
— պետական ապարատի նպատակաուղղված ուռճացումը,
— խոշոր ձեռնարկատերերին հարկային դաշտից դուրս թողնելու սահմանված կարգը եւ հարկային բեռի բարդումը մանր ու միջին ձեռնարկատերերի վրա,
— պետական գերատեսչություններում զանազան կասկածելի հիմնադրամների ստեղծումը եւ արտաբյուջետային հաշիվների բացումը,
— լայն սպառման ապրանքների գների չհիմնավորված թանկացումը,
— համագործակցությունն արտասահմանյան մաֆիոզ կառույցների եւ քրեական տարրերի հետ,
— օֆշորային գոտիներում իրականացվող մութ գործարքները,
— սեփականության եւ ձեռնարկատիրական գործունեության ձեւակերպումը ազգականների անունով,
—ապօրինի հարկային վարչարարությունը, եկամտաբեր պաշտոնների առքուվաճառքը, փողերի լվացումը, սովորական կաշառքը, և այլն։

«Ավազակաբարո վարչախմբի գոյության իմաստն ու հետապնդած նպատակները ոչ այլ ինչ են, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին ապօրինաբար տիրող մարդկանց սահմանափակ շրջանակի բարօրության կամ ցոփության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման ու կեղեքման գնով։ Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով կամ թուրքերի ու ադրբեջանցիների հասցեին ուղղված հոխորտանքներով։ Այնինչ միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նվաճված տարածք է կամ առավելագույնն՝ օբյեկտ, պետական շահ ասվածը՝ ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ Ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական նպատակների իրականացման գործում։ Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին։ Որքան շատ են հոխորտում թուրքերի ու ադրբեջանցիների դեմ եւ որքան շատ են խոսում պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանից։ Հայրենասիրությունը կամ թուրքատյացությունն, այսպիսով, մեր երկրում վերածվել է գողության լիցենզիայի։ Ռեժիմի հասկացողությամբ՝ եթե հայրենասեր ու թուրքատյաց, այսինքն գող ու ավազակ չես, ուրեմն դավաճան կամ առնվազն հինգերորդ շարասյուն ես, ինչպես վերջերս հայտարարել է Սերժ Սարգսյանը (28.05.2010), առանց, սակայն, հասկանալու այդ արտահայտության իմաստը։ Իսկ թե ինչ արժե գողի ու ավազակի հայրենասիրությունը, հայտնի է բոլորին։ Բազմիցս է ասվել՝ եթե մեր հայրենասեր, այսինքն թուրքատյաց իշխանավորները գոնե իրենց հափշտակած հարստության մի չնչին մասը ներդնեին Արցախում, ապա այն չէր դատարկվի եւ նրա ճակատագիրն այսքան անորոշ չէր լինի», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա անդրադարձել է նաև մոսկովյան մամուլի հրապարակումներին` նշելով, որ ըստ դրանց` Հայաստանի ամենակոռումպացված պետական պաշտոնյաներն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Գեւորգյանը, Վարդան Այվազյանը, Անդրանիկ Մանուկյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Արմեն Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը, Հրաչյա Հարությունյանը, Միքայել Մինասյանը, Ալեքսան Հարությունյանը, Արթուր Ջավադյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիշա Հարությունյանը և Սուրեն Խաչատրյանը։

«Մոսկովյան մամուլի հիշատակված հրապարակումներում Հայաստանի ամենամեծ կոռուպցիոներների շարքում թվարկված են նաեւ հայտնի գործարարների կամ օլիգարխների անունները։ Բայց սա բոլորովին այլ կատեգորիա է։ Հասկացության բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակը իշխանությունն է, որովհետեւ առանց նրա ցանկության ու թողտվության լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահի խոսքով` կոռուպցիան ոչ թե, կամ ավելի ճիշտ, ոչ այնքան սոցիալ-տնտեսական, որքան քաղաքական չարիք է։ Հայաստանի կոռումպացված իշխանական համակարգի վերը ներկայացված պատկերից պետք է հասկանալի լինի, թե ինչու տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ի սպանդը։

«Ավազակախմբի առջև կանգնած էր ոչ միայն իշխանությունը կորցնելու, այլեւ հափշտակած հսկայական հարստությունից զրկվելու վտանգը։ Այդ պատճառով, եթե պետք լիներ, նա կսպաներ ոչ միայն տասը, այլեւ հազար մարդ։ 1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետեւ կորցնելու բան չուներ։ Եթե որեւէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը։ Իշխանությունը մեզ համար բոլորովին այլ բան էր նշանակում. ո՛չ թե տիրելու, բռնանալու կամ հարստանալու միջոց, այլ սեփական համոզմունքներն իրականացնելու հնարավորություն։ Խուսափում եմ օգտագործել «ժողովրդին ծառայելու» տափակ արտահայտությունը, որովհետև երբեք չեմ հավատացել իրենց «ժողովրդի ծառա» հորջորջող մարդկանց, բացի «խալխի նոքար» Սայաթ-Նովայից» , – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Tekali Taxi