Գլխավոր / Армения / Սերժ Սարգսյանին սպասում են Կիպրոսում

Սերժ Սարգսյանին սպասում են Կիպրոսում

Հոկտեմբերի 15-ին Նիկոսիայում Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, հայտնում են ԱԺ-ից:

Կիպրոսի նախագահն ասել է, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր և բարեկամ: Նա կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, անհրաժեշտ համարելով նաև համագործակցության ակտիվացումը տնտեսության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում:

Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, նշել է, որ գտնվում է մի երկրում, որը Հայաստանի հանդեպ իր բարեկամական և հարազատ վերաբերմունքն է ցուցաբերել դարեր շարունակ, շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին հայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի և հայկական դպրոցների ֆինանսավորման համար:

ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցության զարգացումը Կիպրոսի հետ: Հայ-կիպրական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Կիպրոսի փորձը եվրոպական կառույցներում:

Նա  համոզմունք է հայտնել, որ ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը առավել կնպաստի քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուքական, կիպրաթուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Աբրահամյանը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կարևորվել է միջազգային կառույցներում համագործակցությունը:

Հանդիպման վերջում Կիպրոսի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և նշել, որ սպասում է նրա պաշտոնական այցին Կիպրոս:

Tekali Taxi